Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք.
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվի 13.7 հա մակերեսով հողատարածք։
«Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, 2025 թվականի օգոստոսի 2-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2022 թվականի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 15-ին բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Վճռով անվավեր է ճանաչվել 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերի վերաբերյալ 2022 թվականի հունիսի 27-ին անցկացված աճուրդը և, որպես անվավերության հետևանք, անվավեր են ճանաչվել Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2022 թվականի հուլիսի 14-ին կնքված անշարժ գույքի վաճառքի պայմանագրերն ու սեփականության իրավունքի պետական գրանցումները:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքին կվերադարձվեն 5.2 հա և 8.5 հա մակերեսով հողամասերը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել