HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները վերջին այցի ժամանակ չեն գտել թռիչքային անվտանգության սպառնալիքներ

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը «Հետքին» հայտնել է, որ 2025 թ. աշնանը ՔԱԿ-ում եւ հայկական երկու ավիաընկերություններում Եվրահանձնաժողովի իրականացրած աուդիտը չի վերհանել այնպիսի թերություններ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ թռիչքների անվտանգության վրա կամ սպառնալիք հանդիսանալ դրանց անվտանգ ապահովման համար։

Նկատենք, որ 2020-ի ամռանից մինչ օրս հայկական ավիաընկերությունները ներառված են ԵՄ «սեւ ցուցակում» (պաշտոնապես՝ ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակ - EU Air Safety List) եւ իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք:

«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը (ԵՄ հիմնական գործադիր մարմինը)՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը: 2020-ին Հայաստանը ԵՄ «սեւ ցուցակում» հայտնվել է հենց EASA-ի ուսումնասիրությունների եւ եզրակացության հիման վրա:

Հայկական կողմը 2021-ին EASA-ի հետ համագործակցության ծրագիր էր ստորագրել, որն իրականացվել է 2022-2023 թթ.: Այն պետք է աջակցեր մերոնց՝ համապատասխան բարեփոխումներ անելու եւ արդյունքում «սեւ ցուցակից» դուրս գալու համար: Սակայն 2024-ի հունվարին Հայաստան ժամանած Քաղավիացիայի միջազգային կազմակերպության՝ ICAO-ի աուդիտորները EASA-ի հետ 2022-2023 թթ. համագործակցությունն անբավարար են համարել՝ հիմնավորելով, որ եվրոպական կողմի ներկայացուցիչները համապատասխան որակավորում չեն ունեցել: Հայաստանն այս անգամ հայտնվել է ICAO-ի «սեւ ցուցակում» հայտնվելու իրական ու գրեթե անխուսափելի վտանգի տակ: Այդուհանդերձ, մի շարք եվրոպական երկրների հետ երկկողմանի համագործակցության ու նաեւ ԵՄ-ի աջակցության շնորհիվ ՔԱԿ-ի ներկայացուցիչները 5 ամսում կարողացել են իրականացրել բոլոր անհրաժեշտ քայլերը, եւ հայկական ավիացիան չի հայտնվել ICAO-ի «սեւ ցուցակում»:

«Ապացուցեցինք, որ «սեւ ցուցակի» մեջ չենք, ավելի բարձր ենք: Թե՛ ICAO-ի, թե՛ գործընկեր երկրներից հրավիրված մասնագետների կողմից ստուգվել են մեր բոլոր ավիաընկերությունները: Պարզվեց, որ Հայաստանում չկա մի ավիաընկերություն, որ ունենա Level 1 finding (առաջին մակարդակի խախտում, որի հայտնաբերման պարագայում հարկ կլիներ հրատապ դադարեցնել, կասեցնել կամ սահմանափակել տվյալ ավիաընկերության գործունեությունը): Այսինքն՝ հայկական ավիաընկերությունները համապատասխանում են ICAO-ի ստանդարտներին: ICAO-ն ասաց՝ ձեր թռիչքային պիտանիության ու թռիչքային գործունեության ոլորտները նորմալ են, ձեր վերահսկողական ֆունկցիաները լավ են: Մենք սրանց պատճառով ենք գտնվում ԵՄ «սեւ ցուցակում»»,- անցյալ տարի «Հետքին» պատմել էր Միհրան Խաչատարյանը:

ICAO-ի դրական արձագանքից հետո հայկական կողմը 2024-ի հոկտեմբերին դիմել էր Եվրահանձնաժողովի շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինությանը (DG MOVE)՝ հայտնելով, որ հայկական կողմը պատրաստ է եվրոպացիների նոր այցին՝ ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու նպատակով վերջնական գնահատման:

Երբ Միհրան Խաչատրյանին նախորդ տարի հարցրել էինք, թե արդյոք հնարավոր է, որ ICAO-ի «քննությունը» հաջող անցնելուց հետո ՔԱԿ-ը ձախողի ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու հարցում, Խաչատրյանն արձագանքել էր. «Իրենք պիտի ասեն, որ համաձա՞յն չեն ICAO-ի որոշման հետ»:

Սրանից շուրջ մեկ տարի անց՝ այս ամսվա սկզբին, «Հետքի» դիտարկմանը, որ ICAO-ն դրական է գնահատել ՀՀ քաղավիացիայի կոմիտեում կատարված փոփոխությունները, հետեւաբար երբ կարելի է ակնկալել հայկական ավիացիայի դուրսբերումը եվրոպական «սեւ ցուցակից», ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն արձագանքել է, որ սա տեխնիկական հարց է, եւ որքան էլ վերջնական քաղաքական որոշումը կայացնում է Եվրահանձնաժողովը, անհրաժեշտ է, որ դրանից առաջ հայկական կողմը հասցեագրի եվրոպացի մասնագետների կողմից առաջադրված բոլոր տեխնիկական կետերը: Մյուս կողմից, ըստ աղբյուրի, ԵՄ մարմինները գործում են ICAO-ից անջատ:

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսն էլ մեր նույնատիպ հարցին պատասխանել է այսպես. «Հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի գնահատման վրա՝ կան որոշ բաներ, որ Հայաստանը պետք է անի, եւ մենք կապի մեջ ենք Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի հետ: Քանի դեռ այդ ամենը չի արվել, որոշում դեռ չկա: Եվս մեկ անգամ՝ սա տեխնիկական գործընթաց է, այն ոչ մի կապ չունի Հայաստանի հետ քաղաքական հարաբերությունների հետ, մենք պարզապես ուզում ենք վստահ լինել, որ թռիչքային անվտանգության գծով ամեն ինչ կարգին կլինի»:

Սակայն Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը պնդում է, որ եվրոպացիները վերջին գնահատողական այցի ժամանակ թե՛ ՔԱԿ-ում, թե՛ հայկական ավիաընկերություններում չեն գտել թռիչքային անվտանգությանը սպառնացող խնդիրներ: 

Հիմա հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ ՔԱԿ-ը 2024-ի հոկտեմբերին դիմել է DG MOVE-ին (Եվրահանձնաժողովի շարժունակության ու տրանսպորտի գլխավոր տնօրինություն)՝ նախաձեռնելով հայկական ավիաընկերությունները ԵՄ «սեւ ցուցակից» դուրս բերելու գործընթացի մեկնարկը։

2024-ի նոյեմբերին տեղի է ունեցել DG MOVE-ի հետ առաջին հանդիպումը՝ 2020-ից հետո իրականացված ուղղիչ գործողությունները վերանայելու, թռիչքային անվտանգության միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանությունը գնահատելու եւ վավերացնելու նպատակով։ Ինչպես «Հետքին» փոխանցել է Մ. Խաչատրյանը, այս հանդիպումից հետո՝ 2024-ի դեկտեմբերին, ՔԱԿ-ը կատարած ուղղիչ գործողությունները եւ դրանց իրականացումը հավաստող փաստաթղթերը պաշտոնապես ներկայացրել է DG MOVE-ին՝ վավերացնելու եւ համապատասխան որոշում կայացնելու համար։

Դրանից 4 ամիս անց՝ այս տարվա ապրիլին, ՔԱԿ-ին են տրամադրվել վերջինիս ներկայացրած փաթեթի գնահատման արդյունքները: Ըստ այդմ՝ DG MOVE-ն առաջարկել է այս տարվա սեպտեմբերի 1-5-ը գնահատողական այց կատարել Հայաստան, որի ընթացքում նախատեսվել է իրականացնել ամբողջական գնահատում (Full Scope Assessment)։

Այցը տեղի է ունեցել ըստ պլանավորածի:

«Սեպտեմբերի 1-ից 5-ը Եվրահանձնաժողովի կողմից իրականացվել է գնահատողական այց ՔԱԿ-ում եւ հայկական գրանցումով երկու ավիաընկերություններում,- «Հետքին» հայտնել է Մ. Խաչատրյանը՝ նկատի ունենալով «Արմենիա Էյրվեյզ» եւ «Շիրակ Ավիա» ավիաընկերությունները,- Եվրահանձնաժողովի աուդիտի թիմը ո՛չ Կոմիտեում, ո՛չ էլ ավիաընկերություններում չի բարձրաձայնել այնպիսի թերություններ, որոնք կարող են անմիջական ազդեցություն ունենալ թռիչքների անվտանգության վրա կամ սպառնալիք հանդիսանալ դրանց անվտանգ ապահովման համար»։

Ըստ ՔԱԿ-ի նախագահի՝ գնահատողական այցի ընթացքում ՔԱԿ-ում եւ ավիաընկերություններում հայտնաբերված թերությունները եղել են տեխնիկական բնույթի եւ չեն կրկնել 2020 թ. եվրոպական կողմի գնահատողական այցի ընթացքում արձանագրված թերությունները։

«Դրանք հիմնականում պայմանավորված են որակի ապահովման համակարգի (Compliance Monitoring System) ոչ ամբողջական կիրառմամբ, ինչը մասամբ կապված է համակարգի նոր ներդրված լինելու եւ որակյալ աշխատանք կատարելու ադմինիստրատիվ մշակույթ ձեւավորելու համար հետագա բարելավումների անհրաժեշտությամբ,- նշել է Խաչատրյանն ու հավելել,- հայտնաբերված թերությունների մի մասը վերացված է, իսկ մյուս մասի վերացման աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ»։

Ինչպես արդեն գրել ենք, մինչեւ 2023 թ. Կոմիտեն չուներ թռիչքների անվտանգության ապահովման եւ որակի (համապատասխանության) կառավարման համակարգեր: ՔԱԿ-ում չկար նաեւ ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման առանձին ստորաբաժանում, փոխարենը մեր երկրում այդ մասնագետների վկայագրումը (սերտիֆիկացումը) կատարվում էր ՔԱԿ-ի 3 տարբեր ստորաբաժանումների՝ թռիչքային գործունեության, թռիչքային պիտանիության, ինչպես նաեւ օդանավակայանների սերտիֆիկացման եւ օդային երթեւեկության կազմակերպման վարչությունների կողմից, ինչը հակասում է Չիկագոյի կոնվենցիային, որը քաղավիացիայի ոլորտի միջազգային գլխավոր փաստաթուղթն է:

Այսպիսով՝ 2023-ին ՔԱԿ-ում ստեղծվել է 2 նոր ստորաբաժանում՝ թռիչքային անվտանգության ապահովման եւ որակի կառավարման, ինչպես նաեւ ավիացիոն մասնագետների սերտիֆիկացման բաժինները:

Մ. Խաչատրյանի տեղեկացմամբ՝ եվրոպացիների այցելած «Արմենիա Էյրվեյզ» եւ «Շիրակ Ավիա» ավիաընկերություններում հայտնաբերված թերությունները եւս եղել են տեխնիկական բնույթի ու անմիջական ազդեցություն չունեն թռիչքների անվտանգության վրա եւ սպառնալիք չեն կարող լինել դրանց անվտանգ ապահովման համար: Այս պարագայում եւս խնդիրը պայմանավորված է որակի ապահովման համակարգի ոչ ամբողջական կիրառմամբ եւ ընկերություններում ադմինիստրատիվ մշակույթ ձեւավորելու համար հետագա բարելավումների անհրաժեշտությամբ։

Եվրոպացիների սեպտեմբերյան այցից հետո՝ հոկտեմբերի 27-ին, ՔԱԿ-ը ԵՄ-ին է ներկայացրել է այցի ընթացքում վերհանված թերությունների վերացման ուղղիչ գործողությունների պլանը։

Սեպտեմբերյան այցի արդյունքներն ու ՔԱԿ-ի ներկայացրած ուղղիչ գործողությունների պլանը քննարկվել են նոյեմբերի 19-20-ը Բրյուսելում կայացած ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) նիստում, որի ընթացքում հայկական կողմը հանդես է եկել ելույթներով՝ ներկայացնելով ՔԱԿ-ի կողմից 2020-ից ի վեր իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ 2020 թ. վերհանված թերությունների վերացման, իրականացված բարեփոխումների, առաջընթացների վերաբերյալ, ինչպես նաեւ ԵՄ գնահատողական այցի արդյունքների մասով Կոմիտեի գնահատումները։

Ինչպես տեղեկացել ենք Միհրան Խաչատրյանից, ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի նիստի արդյունքների մասին ԵՄ-ից պաշտոնական գրություն ՔԱԿ-ը դեռեւս չի ստացել: Բացի դրանից՝ նիստի ժամանակ ձեռք չի բերվել հնարավոր նոր գնահատողական այց կազմակերպելու պայմանավորվածություն։

2024-ին ՔԱԿ-ի նախագահը «Հետքին» հայտնել էր, որ նախատեսում են շարունակել համագործակցությունը եվրոպացիների հետ: Մասնավորապես՝ աջակցության 2 տարվա ծրագրի շրջանակներում եվրոպացիները ՔԱԿ-ին պետք է օգնեին հասնել լավագույն միջազգային մակարդակի: Խաչատրյանը նշել էր, որ այս նոր ծրագիրը պետք է «կամրջվի» 2022-2023 թթ. EASA-ի հետ իրականացված ծրագրին: «Սա լինելու է մեր կարիքների վրա հիմնված ռեալ աջակցության ծրագիր: Այս անգամ ԵՄ-ի հետ ենք անելու, համագործակցելու ենք ԵՄ անդամ 5-6 երկրների հետ, բայց ասել ենք, որ EASA-ն կարող է լինել խաղացողներից մեկը»,- մեզ պատմել էր ՔԱԿ-ի նախագահը:

Հանձնակատար Մարթա Կոսն իր հերթին մեզ ասել է, որ ԵՄ-ն Հայաստանին առաջարկել է թվինինգ ծրագիր, որի շրջանակներում ԵՄ անդամ երկրների փորձառու ավիացիոն մասնագետները կաջակցեն ՔԱԿ-ին:

Նոր համագործակցության մասին Մ. Խաչատրյանը նշել է, որ թվինինգ ծրագիրը ՔԱԿ-ում մեկնարկելու է 2026 թ. սկզբից: Այն նպատակաուղղված է Հայաստանում քաղավիացիայի համակարգի բարելավմանը եւ ուժեղացմանը։ «Թվինինգ ծրագիրը կոչված չէ բացառապես լուծելու «սեւ ցուցակի» հետ կապված հարցերը, այլ այն կնպաստի Հայաստանում ԵՄ կանոնակարգերի տեղայնացմանը»,- «Հետքին» փոխանցել է Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը։

Առաջին լուսանկարը՝ «Զվարթնոց» օդանավակայանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter