HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոնդոնի աճուրդում վաճառվող բացառիկ փայտյա դռան փեղկը կվերադարձվի Հայաստան

Կառավարության այսօրվա որոշմամբ նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացնել 175,360 հազար դրամ՝ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թ. պատրաստված և քանդակված փայտյա դռան փեղկի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ մշակույթի զարգացման հիմնադրամը դիտանցումներ է իրականացնում միջազգային աճուրդային տների կողմից վաճառքի ներկայացվող արժեքների ցանկերում և դրանց արդյունքում բացահայտել է, որ վաճառքի է դրվել բացառիկ կարևորության հնագույն գեղարվեստական կոթող՝ 1188 թվականին պատրաստված և քանդակված փայտյա դռան փեղկ։ Ի համեմատ հայկական ճարտարապետության, քանդակագործության, մանրանկարչության և գորգագործության ստեղծագործությունների՝ միջնադարյան հայկական փայտագործության բավականին քիչ օրինակներ են պահպանվել: Հայկական փայտագործության ամենամեծ թվով նմուշները մեզ են հասել զարդանախշված եկեղեցական դռների տեսքով: Մինչև 1990-ական թվականները հայտնի էր միայն ութ նման կտոր: Փայտի փորագրության արվեստի ևս մեկ նմուշ շրջանառության մեջ է դրվել 1985թ-ին: Խոսքը քննարկվող դռան փեղկի մասին է, որն այն ժամանակ գտնվել է Նյու Յորքի մասնավոր հավաքածուում: Փեղկը առաջին անգամ հրապարակել է Ժան Մորիս Ֆիեյը: Փեղկը պատրաստված է ընկուզենի փայտից (չափեր՝ 190 × 57 × 12 սմ) և մասնակիորեն պահպանել է սպիտակ ֆոնի շերտի և կապույտ գունանյութի հետքեր։ Դռան փեղկը ակոսված է վերևից ներքև տարածվող ճաքով: Փեղկը բաժանված է հիմնականում չորս հորիզոնական հատվածների, որոնցից ամենամեծը պարունակում է կամարի տակ խաչի պատկեր: Ռադիոածխածնային վերլուծությունը հաստատում է փեղկի ստեղծման թվագրումը (XII դար)։ Փորագրությունների զարդանախշային համակարգը, «թևավոր» խաչի տիպաբանությունը լիովին համահունչ է հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին։ Այս մասին վկայակոչում է նաև հայ արվեստաբան Լևոն Չուքասզյանի հեղինակած և 1994թ-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում հրատարակված “On a Newly-Discovered Carved Wooden Panel” հոդվածը: Մշակութային արժեք ներկայացնող դռան փեղկը ներկայումս գտնվում է Մեծ Բրիտանիայի Լոնդոն քաղաքում Սէմ Ֆոգի պատկերասրահում: Հաշվի առնելով նկարագրված փեղկի արժեքավոր նշանակությունը Հայաստանի, հայ մշակույթի և կրոնի համար՝ որոշվել է ձեռք բերել փեղկը և տեղափոխել այն Հայաստան: Վերադարձված արժեքը հնարավորություն կտա գիտական համայնքին իրականացնել լրացուցիչ ուսումնասիրություններ, բացահայտել պատկերագրական և տեխնոլոգիական շերտեր և կապել այն հայկական արվեստի այլ օբյեկտների հետ։ Դռան փեղկի ձեռքբերումը և հայրենադարձումը կապահովեն դրա դուրսբերումը մասնավոր շրջանառությունից և փոխանցումը պետական պահպանության ապահով միջավայր։ Գործընթացը կնպաստի հայկական մշակութային ժառանգության ամբողջականացմանը, հատկապես հաշվի առնելով, որ միջնադարյան փայտարվեստի նման մեծածավալ օրինակները եզակի են։ Հայաստան տեղափոխելուց հետո արժեքը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում, ինչը կխթանի թանգարանի հավաքածուի հարստացումը, միջազգային ճանաչելիության բարձրացումը, գիտաժողովների, ցուցահանդեսների և հետազոտական նախագծերի իրականացումը։ «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ն ունի անհրաժեշտ մասնագիտական և նյութատեխնիկական հնարավորությունները՝ արժեքը պատշաճ պահպանելու, ուսումնասիրելու և հանրությանը ներկայացնելու համար։

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ ԿԳՄՍՆ-ն այժմ իրականացնում է միջազգային աճուրդների դիտանցումներ. «Մեզ հետաքրքրող մշակութային արժեքները, որոնք մեր ժառանգության կարևոր մասն են, փորձում ենք ձեռք բերել»:

Անդրադառնալով որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Մատենադարանի համար երկու բացառիկ Աստվածաշունչ էր ձեռք բերվել. «Նման դեպքերում մենք առաջին հերթին առաջնորդվում ենք մասնագետների խորհրդատվությունը հաշվի առնելով: Երբ մասնագետներն ասում են, որ բացառիկ նմուշ է, իհարկե, բոլոր անհրաժեշտ փորձաքննություններն անցնում են: Կարծում եմ՝ շատ կարևոր մի գործընթաց է, և մեր մշակութային արժեքների վերադարձը Հայաստանի Հանրապետություն արվում է կրկին՝ պետական բյուջեի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատող, օրենքով սահմանված հարկերը վճարող, ՀԴՄ բացթողումը կամ պահանջելը չմոռացող քաղաքացիների շնորհիվ»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter