HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 8 մլն ԱՄՆ դոլար կուղղվի Հայաստանի համայնքների զարգացմանը

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամը (ՔՈԱՖ) հայտնում է, որ դեկտեմբերի 13-ին Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում կայացած և «Լուսավորենք ապագայի ճանապարհը» խորագիրը կրող ՔՈԱՖ 22-րդ ամենամյա Գալայի ընթացքում հավաքագրվել է ավելի քան 8 միլիոն ԱՄՆ դոլար։ Այս աջակցությունն ուղղվելու է Հայաստանի համայնքներում կրթական, առողջապահական և համայնքային վերափոխող ծրագրերի իրականացմանը։

«Միջոցառումը համախմբել էր ՔՈԱՖ-ի մեծ համայնքին աշխարհի տարբեր անկյուններից. մի շարք  բարերարներ, առաջնորդներ և աջակիցներ միացել էին իմաստալից ու տոնական մթնոլորտով լի երեկոյին, որը ներկայացնում էր ՔՈԱՖ-ի գործունեության ազդեցությունը Հայաստանի համայնքներում։

Գալայի հյուրերը նշեցին անցնող տարվա կարևոր ձեռքբերումները՝ ներառյալ Լոռու մարզի Դեբեդ համայնքում Հարություն և Սյուզան Մանգոյանների անվան միջնակարգ նորակառույց դպրոցի բացումը, ինչպես նաև Արմավիրում կառուցվող ՔՈԱՖ ՍՄԱՐԹ ավանի շինարարության շարունակական առաջընթացը։

Երիտասարդ շահառուների պատմությունները վկայեցին այս ներդրումների էական նշանակության մասին. դրանք նոր հնարավորություններ են ստեղծում Հայաստանի համայնքներում բնակվող երեխաների համար՝ ոգեշնչելով նրանց գնալ սեփական երազանքների հետևից։

ՔՈԱՖ-ի այս տարվա փայլուն ուսանողներից մեկը՝ Սոֆի Սարգսյանը իր ելույթում խոսեց բժշկի կարիերա սկսելու երազանքի իրականացման մասին, որում ՔՈԱՖ-ի դերն անգնահատելի է։

«ՔՈԱՖ-ն օգնեց հասկանալ՝ ով եմ ես, օգնեց վերագտնել ինձ», - նշեց Սոֆին։- «Այսօր ես վստահ եմ, լի հույսով և պատրաստ պայքարելու իմ երազանքների համար։ Ես հստակ գիտեմ, թե ինչ եմ ուզում՝ դառնալ բժիշկ և բուժել մարդկանց։ Եվ հիմա ինձ թվում է, որ անհնարին ոչինչ չկա»։

ՔՈԱՖ-ը շքեղ Tacori բրենդի հիմնադիր Թագորեան ընտանիքին հպարտությամբ շնորհեց «Հզորացնելով սերունդներին» մրցանակը՝ Հայաստանի համայնքների երիտասարդությանը զորեղացնելու շարունակական ու ոգեշնչող նվիրվածության համար։

Գրեմմիի դափնեկիր, Motown-ի լեգենդար աստղ Թելմա Հյուսթոնը լուսավորեց Գալայի բեմը իր ներկայությամբ ու հրաշալի կատարումով։ Նրան շնորհվեց «Կյանքի ընթացքում ձեռք բերած նվաճումների» մրցանակ՝ մշակութային ժառանգության և մարդասիրական արժեքների պաշտպանությանն ուղղված իմաստալից նախաձեռնություններին մշտապես աջակցելու համար։

ՔՈԱՖ-ը հատուկ շնորհակալություն հայտնեց նաև LA Times Studios-ին՝ 2025 թվականի ընթացքում ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով կառույցի դերը ՔՈԱՖ-ի առաքելության միջազգային տարածման գործում։

Երեկոն վարեցին FOX 11-ի Good Day L.A.-ի հաղոդավար, «Էմմի» մրցանակակիր լրագրող Արաքսյա Կարապետյանը և ՔՈԱՖ-ի Զարգացման գծով փոխնախագահ Հայկ Բոյաջյանը։ Ծրագրի ընթացքում ելույթներով հանդես եկան Ջո Մանգանիելո, հանրահայտ դերասան, սցենարիստ և պրոդյուսեր, ՔՈԱՖ-ի խորհրդի անդամ, Անդրեա Մարտին, Թոնի և Էմմի մրցանակների դափնեկիր, ճանաչված դերասան, կատակերգու և նվիրված ՔՈԱՖ դեսպան, Գև Օրգյան, բրիտանահայ կատակերգու, դաշնակահար և դերասան, Աննա Մագզանյան, LA Times Studios-ի նախագահ և տաղանդավոր երիտասարդ հայ երաժիշտներ։

2003 թվականից ի վեր ՔՈԱՖ-ի ծրագրերը վերափոխել են ավելի քան 120,000 մարդու կյանք Հայաստանի յոթ մարզում։ Հիմնադրամի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը շաբաթական սպասարկում է շուրջ 2,000 երեխայի Լոռու 30 համայնքից։ Արմավիրի ՍՄԱՐԹ ավանի շինարարությունն արդեն մեկնարկել է և նախատեսվում է ավարտել 2028 թվականին՝ հիմք ստեղծելով հետագա ընդլայնման համար, այդ թվում՝ Սյունիքում։

«Ավելի քան երկու տասնամյակ մեր համայնքը ապացուցում է, որ ռազմավարական ներդրումները Հայաստանի համայնքներում կարող են ամբողջությամբ փոխել կյանքի ուղիները»,- նշում է ՔՈԱՖ հիմնադիր և խորհրդի նախագահ դոկտոր Գարո Արմենը։-«Այս տարվա Գալայի ընթացքում ցուցաբերված բացառիկ մեծահոգությունը հնարավորություն կտա հազարավոր երեխաների ձևավորելու իրենց իսկ ապագան»։

«Մեր ՍՄԱՐԹ կենտրոններն ու համապարփակ ծրագրերը շարունակաբար վերափոխում են Հայաստանի համայնքները»,- հավելում է ՔՈԱՖ գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը։- «Երեկոյին ստացած աջակցությունը երաշխավորում է, որ այս ազդեցությունը կշարունակի աճել՝ հանուն գալիք սերնդի»»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter