HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ոսկի, հեռախոս, սիգարետ. Հայաստանի արտահանման TOP-10 ապրանքների շարքում գահավիժումներ կան

2025 թվականի առաջին կիսամյակում Հայաստանից ամենից շատ արտահանվել է ոսկի՝ կիսամշակ կամ անմշակ տեսքով։ Արտահանվել է գրեթե 11 տոննա ոսկի, որի ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիարդ դոլար։ 

Մաքսային ծառայությունը տվյալները հրապարակում է կիսամյակը մեկ անգամ, ուստի` տարեկան տվյալները կլինեն ավելի ուշ։ 

Չնայած ոսկին մնում է արտահանման առաջատարը, սակայն այս գծով էական անկում ունենք։ 2024 թվականի առաջին կիսամյակի համեմատ արտահանման արժեքը նվազել է 75%-ով կամ 3.1 միլիարդ դոլարով։ Ոսկին, ինչպես մի քանի անգամ գրել ենք,  վերաարտահանվել է։  2022 թվականից ի վեր՝ ռուս-ուկրաինական պատերազմի և Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ֆոնին՝ միլիարդավոր դոլարների ոսկի է ներկրվել Հայաստան Ռուսաստանից, սակայն երկրում չի մնացել՝ արտահանվել է հիմնականում ԱՄԷ։ Շուկայի դերակատարների մասին ևս նախկինում գրել ենք։ 

Քանի որ հիմա այս հոսքը խիստ դադարել է, Հայաստանի ընդհանուր արտահանումը նույնքան խիստ նվազել է։ 

Մասնավորապես, ըստ Վիճակագրական կոմիտեի ամենաթարմ տվյալների՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին  Հայաստանի արտահանումը կրճատվել է 44.7%-ով։ 

Ավելի վաղ այս կրճատմանը ևս անդրադարձել ենք՝ բացահայտելով, թե ի՞նչ է թաքնված էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի ներկայացրած «ճոխ» աճերի հետևում։ 

Վերադառնալով առաջին կիսամյակի արտահանման առաջատարներին՝ երկրորդ տեղում բջջային հեռախոսներն են՝ 332 մլն դոլարով, որը նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ գրեթե չի փոփոխվել։ Այստեղ ևս խոսքը վերաարտահանման մասին է, որի հաշվին, ի դեպ, տեխնիկա ներմուծող ու արտահանող ընկերությունները դարձել են խոշոր հարկատուներ։ 

Ոսկուց  և հեռախոսներից հետո, ըստ արժեքի, Հայաստանից արտահանված երրորդ ապրանքը սիգարետն է։ Սա արդեն տեղական արտադրության ապրանք է, որի գծով բավականին տեսանելի աճ կա։ Այս տարվա առաջին վեց ամսում Հայաստանից արտահանվել է 300 մլն դոլարի սիգարետ, որը նախորդ տարվա նույն ժամանաշրջանի համեմատ 76%-ով աճել է։ Սիգարետի արտահանման աշխարհագրությունը կներկայացնենք առանձին նյութով։ 

Ստորև ինֆոգրաֆիկայում կարող եք տեսնել Հայաստանից ամենից շատ արտահանված առաջին տասն ապրանքների ծավալները 2025 թվականի առաջին կիսամյակում՝ ըստ արժեքի։

Ինչպես երևում է, վերաարտահանվող ապրանքներից կտրուկ նվազել է ոսկերչական իրերի արտահանումը։ Հեռուստացույցների արտահանումը ևս կրճատվել է։  

Պղնձի խտանյութն ու կոնյակն արտահանման առաջատար տասնյակում են։ Մինչև վերաարտահանումների ալիքը՝ պղինձը հաճախ գլխավորում էր տասնյակը, իսկ կոնյակը առաջին եռյակում էր։ 

Հայաստանից պղնձի արտահանման գլխավոր ուղղությունը Չինաստանն է, ոչ մեծ ծավալի արտահանվում է Բուլղարիա, ավելի փոքր ծավալով՝ Իրան։ Գլխավոր գնորդների ցանկից դուրս է մնացել Շվեյցարիան։ Առաջին կիսամյակում արտահանվել է 267 մլն դոլարի պղնձի խտանյութ։ 

10%-ով նվազել է կոնյակի արտահանումը՝ կազմելով 132  մլն դոլար։ Տարվա ընթացքում կոնյակ արտահանողները բողոքում էին, որ Վրաստանն արհեստական խոչընդոտներ է ստեղծում հայկական կոնյակի համար, որը Վրաստանի ցամաքային տարածքով արտահանվում է Ռուսաստան։ 

2024-ին Հայաստանի մշակող արդյունաբերության հիմնական ոլորտներից մեկի՝ ֆերոմոլիբդենի արտադրությունն ու արտահանումը մեծ թափով կրճատվել է, որը շարունակվել է նաև այս տարվա առաջին կիսամյակում։ Դրա փոխարեն երկիրը սկսել էր ավելի շատ չմշակված մոլիբդեն արտահանել՝ խտանյութի տեսքով (2025-ի առաջին կեսին այս տեմպը չի պահպանվել)։ Հումքի գլխավոր մատակարարն ու արտահանողը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է։ Կոմբինատից հումք չստանալու պատճառով ֆերոմոլիբդենի հիմնական արտադրողներից «Մաքուր երկաթի գործարանը» 2024-ին հայտնվել էր  ճգնաժամում։ 

Գործարանը վերամշակման հումք չի ստացել ԶՊՄԿ-ից, և քանի որ նախկինում աշխատել է հիմնականում հենց ԶՊՄԿ-ի համար, ստիպված պարապուրդի է մատնվել։ 2024-ին ճգնաժամում հայտնված Մաքուր երկաթի գործարանը  2025-ի կեսերից «վերակենդանացման» նշաններ է ցույց տալիս։ Հայտարարվեց, որ նոր պայմանագիր են կնքել ԶՊՄԿ-ի հետ։ Արդյունքները, հավանաբար, կերևան ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության և երկրորդ կիսամյակի արտահանումների մեջ։ 

էապես՝ 70%-ով, աճել է թանկարժեք մետաղի խտանյութի արտահանումը՝ կազմելով 95 մլն դոլար։ Առյուծի բաժինը՝ 81%-ը, արտահանվել է Շվեյցարիա, մնացածը՝ հիմնականում Մալայզիա։ 

Ինչպես երևում է, Հայաստանի արտահանման առաջատար տասնյակից այս անգամ դուրս է մնացել ադամանդը։ Նախորդող երկու տարիներին վերաարտահանվող ադամանդը «պատվավոր» հորիզոնականներում էր։ Այս անգամ 11-րդ տեղում է։ Եթե 2024-ի առաջին կիսամյակում Հայաստանից արտահանվել է 338 մլն դոլարի ադամանդ, ապա այս տարվա նույն կիսամյակում՝ 60 մլն դոլարի։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter