400 մլն դրամ՝ «Ճերմակ» հիվանդանոցի «փրկության» համար. Գյումրի համայնքը դիմել է Կառավարությանը
Գյումրիում հայտնի «Ճերմակ» հիվանդանոցի շենքը փրկելու նպատակով քաղաքային իշխանությունները դիմել են Կառավարությանը՝ սուբվենցիոն ծրագրերում ընդգրկելու համար: Շիրակացի փողոցի թիվ 162 հասցեում գտնվող պատմամշակութային շենքի վերականգնման և հիմնանորոգման ծրագիրը քաղաքապետարանում գնահատել են 400 մլն դրամ, որի 60 տոկոսը՝ 240 մլն դրամը, պատրաստ է ներդնել համայնքը:
Կառույցը «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում է, համարվում է տեղական նշանակության հուշարձան: Ժողովրդական լեզվով՝ «Ճերմակ», իսկ իրականում Գյումրու թիվ 1 հիվանդանոցը եղել է ալեքպոլյան շրջանի հնագույն, բազմապրոֆիլ բուժհաստատությունը: 2004 թ․-ին հիվանդանոցն ունեցել է 110 մահճակալ հզորություն: Բուժհաստատության գործունեության դադարեցման հստակ տարեթիվ չկա, սակայն որպես պատճառ նշվում է վատ կառավարումը:
2023 թ․-ին Գյումրու քաղաքային իշխանությունները որոշում են աճուրդ-վաճառքի միջոցով օտարել պատմամշակութային նշանակություն ունեցող կառույցը՝ պատճառաբանելով հսկայական շինության պահպանման ծախսերը: Շուրջ 2400 քմ մակերես ունեցող շենքը և հարակից 6000 մետր հողատարածքը գնահատվել էր 750 մլն դրամ: Սակայն աճուրդ այդպես էլ չի հայտարարվել:
Այդ տարիների քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը մշտապես ընդգծում էր, որ չկան ներդրողներ և նպատակահարմար է շենքը վաճառել, որից օգտվելու է քաղաքային բյուջեն: Սակայն 2022 թ․-ին, մինչ աճուրդ հայտարարելը, եղել են ներդրումային 3 ծրագրերի վերաբերյալ հանրային լսումներ: Ծրագրերից մեկը, որ առաջարկում էր 1 մլրդ դրամի ներդրում, ներկայացրել էր Աշոտ Կուրղինյանը (Ավստրիական մանկական հիվանդանոցի նախկին տնօրենը)՝ բազմապրոֆիլ բժշկական կենտրոն ստեղծելու նպատակով: Ընդ որում, անկախ ներդրումային ծրագրից, Աշոտ Կուրղինյանին և Դավիթ Առաքելյանին պատկանող «Կուրղինյան էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոն» ընկերությունը 2020 թ․-ից «Ճերմակ» հիվանդանոցում ուներ վարձակալած 300 քմ տարածք, կատարել էր 49,6 մլն դրամի ներդրում (շինարարական աշխատանքներ, կապիտալ նորոգում, ենթակառուցվածքների ստեղծում և այլն), իսկ որպես վարձակալ համայնքային բյուջե էր վճարել 3 մլն դրամ:
2-րդ ծրագրի հեղինակը ԱՄՆ Կալիֆոռնիայում գրանցված «ՆԵՈՄԵԴ ՊՐՈՎԱՅԴԵՐՍ» ընկերությունն էր: Վերջինս նախատեսում էր հիվանդանոցը դարձնել էնդոսկոպիկ վիրաբուժական կենտրոն՝ առաջարկելով 400 մլն ներդրում և 500 հազար դրամ ամենամսյա վարձակալական գումար: Իսկ 3-րդ ծրագրով շենքը պետք է վերածվեր հյուրանոցառեստորանային համալիրի: Ծրագիրը ներկայացրել էր գործարար Արա Սարոյանը:
Աճուրդ-վաճառքի հետ կապված երկու տարի առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել ավագանու «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Կարեն Մալխասյանը(ներկայումս Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարն է): Վերջինս հայտարարել էր, որ օտարումը սխալ է, և միակ ճանապարհը վարձակալության տալն է, որից շահելու է նախ համայնքը: ԿԳՄՍ նախարարությանն էլ իր հերթին էր բացատրություն պահանջել քաղաքապետարանից, թե ինչպես է եղել, որ առանց լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու՝ հուշարձան-շենքը օտարելու որոշում է կայացրել:
Շենքի շուրջ ստեղծված խառնաշփոթի արդյունքում փաստորեն ոչ միայն աճուրդը չկայացավ՝ դիմողների բացակայության պատճառով, այլև ընթացք չտրվեց հանրային լսման ներկայացված ներդրումային ծրագրերից և ոչ մեկին: Շենքում վարձակալական հիմքերով գործունեություն ծավալող «Կուրղինյան էնդոսկոպիկ վիրաբուժության կենտրոն»-ի հետ պայմանագիրը չթարմացվեց: Ներկայում կառույցի առաջին հարկի մի հատվածում աշխատում է միայն Հայկական Կարմիր խաչի ընկերության տնային խնամքի կենտրոնը:
2025 թ․-ի ընտրություններից հետո քաղաքապետ Վարդան Ղուկասյանն անդրադարձավ «Ճերմակ» հիվանդանոցի ճակատագրին՝ հայտարարելով, որ թույլ չի տա շենքը վաճառել: Հայաստանի կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրում քաղաքապատկան բժշկական կենտրոն ունենալու ծրագիրը բարձրաձայնվում էր պարոն Ղուկասյանի բոլոր հանդիպումների ժամանակ: Եվ զարմանալի չէ, որ իշխանության գալով՝ նոր քաղաքապետն առաջին այցելություններից մեկը կատարեց «Ճերմակ» հիվանդանոց` առկա վիճակը գնահատելու:
Թե ինչ ճանապարհով և ինչպիսի ներդրումային ծրագրերով պիտի կառույցը «վերակենդանանար», հայտնի չէր: Նորընտիր քաղաքապետը շատ վստահ պնդում էր, որ «պայմանավորվել է Ռուսաստանի հետ», և որ Մոսկվայի լավագույն հիվանդանոցների պրոֆեսորներին են հրավիրելու աշխատանքի: Հիվանդանոցը լինելու է քաղաքապատկան, ստացված շահույթն էլ ուղղվելու է ծանր առողջական խնդիրներ ունեցող անապահով անձանց բուժմանը:
Նորընտիր քաղաքային իշխանության կողմից մշակված 2025-2029 թթ․ զարգացման հնգամյա ծրագրի առաջին տարբերակում «Ճերմակ» հիվանդանոցի շենքը ներառված էր սուբսիդավորվող ծրագրերի շարքում: Նպատակային գործառույթը ներկայացված էր որպես համայնքապատկան բժշկական կենտրոն: Հնգամյա զարգացման ծրագիրը լրամշակման ուղարկելուց հետո «Ճերմակ» հիվանդանոցի վերականգնման ծրագրի երկրորդ տարբերակն է հայտնվում՝ փոխելով կառույցի նպատակային գործառույթը առողջապահականից մշակութայինի: Հանրային քննարկման ժամանակ «Հետք»-ը հարց ուղղեց առաջին փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանին, թե ի վերջո, ներկայացված տարբերակներից որն են գերադասում իշխանությունները: Պատասխանը հետևյալն էր. «կարևորը Կառավարությունը սուբսիդավորի, շենքը փրկվի, ընթացքում կորոշեն»:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել