HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոփոխություններ են առաջարկվում «Կատարողական վարույթի մասին» և կից ներկայացված օրենքներում

2024 թվականին ընդունվել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը, որով նախատեսված փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից, իսկ դատարանների հետ կապուղիների եւ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմումների ներկայացման հետ կապված կարգավորումները՝ մարտի 1-ից: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

«Ըստ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցի՝ դատարանների հետ կապուղիների ներդնումը եւ էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմումների ներկայացումը ենթադրում է կատարողական թերթի ինստիտուտի վերացում: Պարտատերն այլեւս անձամբ պետք է էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն, եւ դատարանից կպահանջվի միայն տրամադրել այդ կապուղու միջոցով դատական ակտի եզրափակիչ մասը: «Այսինքն՝ 2026 թվականի մարտից նշված կարգավորումների համար անհրաժեշտ է լինելու դատարանների հետ նոր կապուղու առկայություն: Սակայն թվայնացման աշխատանքներին զուգահեռ պարզ է դարձել, որ  մարտի 1-ից հնարավոր չի լինի այդ կապուղիների ստեղծումը, համակարգի գործարկումը: Հետեւաբար իրատեսական չէ այդ մասով օրենքի համապատասխան կարգավորումների ուժի մեջ մտնելը»,- ընդգծել է զեկուցողը՝ հավելելով, որ դեռեւս հնարավոր չէ ապահովել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության եւ էլեկտրոնային դատավարության համակարգերի պատշաճ փոխգործելիությունը:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ Կառավարությունն առաջարկում է երկարաձգել կապուղիների ներդրման եւ կատարողական թերթի մասով ուժի մեջ մտնելու ժամկետը մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է նաեւ հստակեցումներ կատարել կատարողական ծախսերի հատուցման եւ կատարողական վճարների գանձման կանոնների կիրառման մասով: Սահմանվում է, որ նոր կանոնները կկիրառվեն միայն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո հարուցված կատարողական վարույթների վրա:

Հարակից զեկուցող, Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը բարձրաձայնել է նախաձեռնության վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը:

«Կատարողական վարույթի մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նիստում»,- նշվում է հաղորդագրությունում։

Գլխավոր լուսանկարում՝ Տիգրան Դադունցը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter