Հայաստանն ու ԱՄԷ-ն փոխադարձաբար կճանաչեն վարորդական վկայականները
Ազգային ժողովը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման եւ փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հայտնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
«ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի տեղեկացմամբ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Աբու Դաբիում: Նախատեսվում է, որ փոխըմբռնման հուշագիրը կկարգավորի Հայաստանի Հանրապետության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների վարորդական վկայականների հետ կապված իրավահարաբերությունները։
Զեկուցողի տեղեկացմամբ հուշագրի կողմերից յուրաքանչյուրը ճանաչում է մյուս կողմի կողմից այն քաղաքացիներին տրամադրված վավեր վարորդական վկայականը, որոնք ժամանում են ոչ բնակության նպատակով՝ պայմանով, որ վարորդական վկայականի տնօրինողը բավարարում է հուշագրի 2-րդ հոդվածում ներկայացված աղյուսակով նախատեսված՝ վարորդական վկայականների տարբեր կարգերի կապակցությամբ մյուս կողմի սահմանած նվազագույն տարիքի հետ կապված պահանջները:
Բնակության նպատակով ժամանող քաղաքացիների դեպքում հուշագրի յուրաքանչյուր կողմ մյուս կողմի տրամադրած վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձին ազատում է դրա հետ կապված տեսական եւ գործնական քննություններից։
Հուշագրի տեքստը՝ այստեղ»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել