ԱԺ-ում քննարկել են Արցախից բռնի տեղահանվածների բնակարանային աջակցության պետական ծրագրի ֆինանսավորմանն առնչվող վարկային համաձայնագիրը
Ազգային ժողովում քննարկվել է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրի ֆինանսավորմանն առնչվող վարկային համաձայնագիրը։
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագիրը նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարանային համակարգ Հայաստանում՝ աջակցելով Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու բարեկեցությանը:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի խոսքով ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի եւ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցների հաշվին: «Ծրագրի շրջանակում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրել 250 մլն դոլարի չափով վարկ: Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհային միջոցներն էլ կազմում են 16 մլն 450 հազար դոլար, որն ուղղված է լինելու վարկային ծրագրի համաֆինանսավորմանը»,- ընդգծել է զեկուցողը: Ըստ նրա՝ ծրագրով նախատեսվում է ֆինանսավորել Կառավարության կողմից դեռեւս 2024 թվականին հաստատված՝ Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական ծրագրին:
Փոխնախարարը հիշեցրել է, որ պայմաններին համապատասխանելու դեպքում ընտանիքները կարող են դիմել, ստանալ հավաստագրեր եւ իրենց նախընտրած բնակավայրում գնել բնակարան: Նշվել է, որ ներկայում 3810 ընտանիք դիմել եւ ստացել է բնակարանի հավաստագիր, որոնցից 1631-ն արդեն ձեռք է բերել իր բնակարանը կամ սեփական տունը:
Դավիթ Խաչատրյանը տեղեկացրել է, որ վարկային միջոցների մասհանման ժամկետ է սահմանվում մինչեւ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:
Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Կառավարության ներկայացուցիչը նշել է, որ ծրագրի շահառու կարող է դառնալ Ղարաբաղից բռնի տեղահանված ցանկացած ընտանիք, որը ձեռք կբերի ՀՀ քաղաքացիություն: Աջակցության չափը յուրաքանչյուր անդամի մասով կազմում է 3, 4 կամ 5 մլն դրամ: Նշվել է, որ 2024 թվականին Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակցիներին ուղղված ծախսերը կազմել են 65 մլրդ դրամ. այս տարի այն կգերազանցի 40 մլրդ դրամը՝ կազմելով շուրջ 105 մլրդ դրամ:
Հարակից զեկուցմամբ հանդես է եկել Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Էդգար Հակոբյանը: Նա բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ:
«Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» (THRIVE) ծրագրի վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը քննարկվել է դեկտեմբերի 16-ին Կառավարության նախաձեռնությամբ գումարված ԱԺ արտահերթ նիստում»,- նշվում է Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել