HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Լևոն Արոնյանը՝ Հարավային Աֆրիկայի Grand Slam մրցաշարի հաղթող

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստ Լևոն Արոնյանը Հարավային Աֆրիկայում ընթացող Freestyle Chess Grand Slam Tour Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի եզրափակչում 1.5։0.5 հաշվով հաղթել է աշխարհում ամենաբարձր վարկանիշ ունեցող Մագնուս Կարլսենին ու դարձել մրցաշարի հաղթող: Չեմպիոնի տիտղոսից բացի, 42-ամյա Արոնյանն արժանացել է 200 հազար դոլար մրցանակի։

Սա հայ գրոսմայստերի երկրորդ անընդմեջ հաղթանակն էր «Մեծ սաղավարտի» մրցաշարերում։ Այս տարվա ամռանը Լաս Վեգասում Արոնյանը կրկին ուժեղագույնն էր։

Չնայած Քեյփթաունի եզրափակչում կրած պարտությանը՝ Մագնուս Կարլսենը, կիսաեզրափակիչ դուրս գալով, արդեն ապահովել էր առաջատարությունը մրցաշարի ընդհանուր հաշվարկում։

2021 թվականի փետրվարին Արոնյանը հայտարարել էր, որ այլևս հանդես չի գա Հայաստանի դրոշի ներքո։ Նույն տարվա դեկտեմբերից հայ գրոսմայստերը ներկայացնում է ԱՄՆ-ն։

Ֆիշերի արագ շախմատը, որը հայտնի է նաև Շախմատ 960 (Chess960) կամ Ֆիշերի պատահական շախմատ (Fischer Random Chess) անուններով, 1996 թվականին ստեղծել է աշխարհի նախկին չեմպիոն Բոբի Ֆիշերը։
Այս տարբերակի հիմնական առանձնահատկությունն այն է, որ խաղաքարերի սկզբնական դիրքերը խառնվում են պատահական սկզբունքով՝ պահպանելով որոշակի կանոններ։

Ինչո՞վ է տարբերվում սովորական շախմատից

Սովորական շախմատում խաղաքարերի դասավորությունը միշտ նույնն է, խաղացողները տարբեր դասագրքային սկզբնախաղեր են կիրառում։ Ֆիշերն ուզում էր շեշտը դնել ստեղծագործական մտածողության ու տաղանդի վրա։

Chess960 starting position
Հնարավոր սկզբնական դիրք Ֆիշերի շախմատում

Թեև սկզբնական դիրքերը պատահական են, դրանք ենթարկվում են որոշակի կանոնների:

• Զինվորները սկսում են իրենց սովորական դիրքերից (սպիտակների համար՝ երկրորդ շարք, սևերի համար՝ յոթերորդ)։
• Սպիտակ և սև խաղաքարերի դիրքերը հայելային են, այսինքն՝ եթե սպիտակ թագուհին a1-ում է, սև թագուհին պետք է լինի a8-ում։
• Երկու փղերը պետք է լինեն տարբեր գույնի դաշտերի վրա (մեկը՝ սպիտակ դաշտում, մյուսը՝ սև)։
• Արքան պետք է դրվի երկու նավակների միջև, ինչը հնարավորություն է տալիս փոխատեղում կատարել։ 
Ընդհանուր առմամբ կա 960 հնարավոր սկզբնական դիրք, որտեղից էլ առաջացել է Chess960 անվանումը։

Լուսանկարում՝ Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը/ ©Lennart Ootes/Freestyle Chess

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter