HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ընդունել է ՄԹ պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարար Վերնոն Քոքերի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։

«Վարչապետը ողջունել է պարոն Քոքերի այցը մեր երկիր և ընդգծել Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև վերջին շրջանում առկա ակտիվ երկխոսության և համագործակցության փաստը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկկողմ հարաբերություններում ձևավորվել է լայն օրակարգ, որն առնչվում է տարբեր ոլորտների և ուղղությունների։ Երկրի ղեկավարը հավելել է, որ ՀՀ Կառավարությունը կարևորում է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք նոր ազդակ են հաղորդում կապերի հետևողական ընդլայնմանը։

Վերնոն Քոքերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և շեշտել, որ Հայաստանի հետ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելը նոր խթան կհաղորդի բազմաոլորտ կապերին և համատեղ ծրագրերի իրականացմանը։ Միացյալ Թագավորության պաշտպանության պետնախարարը գոհունակություն է հայտնել հայ գործընկերների հետ արդեն իսկ ունեցած քննարկումներից և նշել, որ պատրաստ են շարունակել սերտ երկխոսությունը՝ համագործակցությունն ընդլայնելու և զարգացնելու նպատակով։

Զրուցակիցները կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ռազմական կրթության, կիբեռանվտանգության ոլորտներում։

Նիկոլ Փաշինյանը և Վերնոն Քոքերն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային նշանակության հարցերի։ Մասնավորապես, Վերնոն Քոքերը շեշտել է Միացյալ Թագավորության աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն իսկ հաստատված խաղաղության ամրապնդման գործում՝ համոզմունք հայտնելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունությանն ու համագործակցության խթանմանը։

Մտքեր են փոխանակվել TRIPP և «Խաղաղության խաչմերուկ» նախագծերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգռված է Վաշինգտոնում օգոստոսի 8–ին ստորագրված հռչակագրում ամրագրված սկզբունքների շրջանակում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմամբ և այդ նպատակով միջազգային ներդրումների ներգրավմամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter