HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կայացավ Քաղաքացիական հասարակության միջավայրը Հայաստանում 2025 թվականին զեկույցի ներկայացումը

Դեկտեմբերի 4-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից ներկայացվեց «ՔՀԿ չափիչ 2025» զեկույցը, որն անդրադառնում է Հայաստանում քաղաքացիական հասարակության միջավայրի իրավիճակին ու այս տարվա զարգացումներին։

Ըստ զեկույցի, թեև կառավարությունը քայլեր է ձեռնարկում քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զարգացման ուղղությամբ, 2025 թվականին վատթարացում է գրանցվել խոսքի ազատության, մասնավոր կյանքի իրավունքի և թվային իրավունքների ոլորտներում։

Միջոցառումը բացեց ԹԻՀԿ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, որը ներկայացրեց «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագիրը և նշեց դրա կարևորությունը քաղաքացիական հասարակության միջավայրի զարգացման միտումներին հետևելու և անհրաժեշտ բարելավումների ջատագովության համար։ Բացման խոսքով հանդես եկան նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Վացլավ Շտերբան, ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցեր վարչության պետ Լիլյա Աֆրիկյանը և «ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագրի իրավական հարցերով փորձագետ Էմինա Նուրեդինոսկան։

Ուսումնասիրության հիմնական արդյունքները ներկայացրեցին ԹԻՀԿ-ի և գործընկեր կազմակերպությունների փորձագետները։ Ըստ ուսումնասիրության զեկույցի՝ 2025 թվականին Հայաստանի ՔՀԿ միջավայրը բնութագրվել է ինչպես որոշակի դրական իրավական բարեփոխումներով, այնպես էլ շարունակվող մարտահրավերներով։ 2024 թվականի համեմատ գնահատականի իջեցում է գրանցվել երեք ոլորտներում, սակայն Հայաստանի ՔՀԿ միջավայրի ընդհանուր գնահատականը նախորդ տարվա համեմատ չի փոխվել, իսկ ՔՀԿ-ների համար մարտահրավեր հանդիսացող առանցքային խնդիրները նույնն են մնացել։

  • Որպես դրական զարգացում՝ մի շարք նոր կարգավորումներով նախատեսված է ամրապնդել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) մասնակցության հնարավորությունները՝ հիմք ստեղծելով պետության հետ ավելի կառուցվածքային երկխոսության համար։ Բացի այդ, ՀՀ վարչապետի աշխատակազմի մասնակցային և բաց կառավարման հարցերի նորաստեղծ վարչության միջոցով նախատեսվում է իրականացնել մասնակցային կառավարման մեթոդաբանության մշակում և զարգացնել ՔՀԿ-պետական մարմիններ համագործակցությունը: Սակայն օրենքների ու քաղաքականությունների մշակման գործընթացի վաղ փուլերում ներգրավման և խորհրդարանում մասնակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների բացակայությունը շարունակում են խոչընդոտել որոշումների կայացման գործընթացում մասնակցության իրավունքի լիարժեք իրացմանը։
  • Միևնույն ժամանակ, ՔՀԿ-երի ֆինանսական կայունության խնդիրները ավելի են խորացել, քանի որ ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցմանը համար օրենսդրական խթանների պակասը և պետական ​​աջակցության խնդիրները մնացել են չլուծված՝ ԱՄՆ արտաքին օգնության դադարեցման և դոնորական աջակցության զգալի կրճատման ֆոնին։

Զեկույցի մի շարք ոլորտներ անդրադառնում են այնպիսի խնդիրների, որոնք ընդհանուր են հայաստանյան հասարակության համար, սակայn կարևոր ազդեցություն ունեն որպես ՔՀԿ-ների գործունեության միջավայրի միտումներ։

  • Բացասական միտումներ են նկատվել խոսքի ազատության ոլորտում, որտեղ իրավիճակը լարված է եղել քաղաքական բևեռացման, լրագրողների նկատմամբ հետապնդումների և քրեական գործերի հարուցման պատճառով:
  • Մասնավոր կյանքի անձեռնմխելիության խախտումները և գաղտնալսումների շարունակական արտահոսքերը՝ ոստիկանության կողմից հսկողության հնարավորությունների ընդլայնման և հանրային վերահսկողության պակասի հետ մեկտեղ, ավելացրել են անձնական կյանքին պետության միջամտության վերաբերյալ մտահոգությունները:
  • 2025 թվականին ընդունված՝ «Ոստիկանության մասին» օրենքի փոփոխությունները ընդլայնել են տեսահսկման համակարգերի հասանելիությունը ոստիկանության և համայնքապետարանների համար, ինչը մտահոգիչ է՝ հաշվի առնելով անձանց նույնականացնելու լայն հնարավորությունները ու տեսահսկման ոչ իրավաչափ օգտագործման դեմ պաշտպանության անբավարար երաշխիքները, ինչպես նաև գործնականում հսկողության տեխնոլոգիաների անիրավաչափ օգտագործման խնդիրները։

Զեկույցի ներկայացմանը հետևեցին մասնակիցների հարցերը և դիտարկումները՝ հասարակական խորհուրդների հավաքագրման գործընթացի, պետական աջակցության թափանցիկության խնդիրների, օրինաստեղծ գործընթացի վաղ փուլերում ՔՀԿ-ների ներգրավման անհրաժեշտության և այլ հարցերի վերաբերյալ։

«ՔՀԿ չափիչ՝ ի գործ» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ՝ ECNL-ի և Արևելյան գործընկերության երկրների գործընկերների մասնակցությամբ։

Հայաստանի վերաբերյալ զեկույցները հասանելի են ծրագրի կայքում՝ հետևյալ հասցեով

ՔՀԿ չափիչի մասին

ՔՀԿ նպաստավոր միջավայրի ուսումնասիրությունը հիմնված է «ՔՀԿ չափիչ» ( CSO Meter ) գործիքի մեթոդաբանության վրա և իրականացվում է Արևելյան գործընկերության երկրներում տարեկան հիմքով՝ սկսած 2019 թվականից։ «ՔՀԿ չափիչ» գործիքը բաղկացած է 11 ոլորտների ստանդարտներից և ցուցանիշներից, որոնք օգտագործվում են իրավական և գործնական միջավայրի գնահատման նպատակով՝ հիմք ընդունելով միջազգային չափորոշիչները և ոլորտի կարգավորման առաջատար փորձը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter