HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Քննվում է Արշակ սրբազանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, քննվում է Արշակ Արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորման միջնորդությունը։

Դատարանի բակում նրա փաստաբան Արսեն Բաբայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ արդեն պարզ է, թե ինչ որոշում է կայացնելու դատարանը, հատկապես, երբ միջնորդությունը քննում է դատավոր Մասիս Մելքոնյանը։ Փաստաբանը կարծում է, որ կալանքի որոշումն արդեն գրված, պատրաստ է։

Նշենք, որ դատավոր Մասիս Մելքոնյանը փաստաբանների շրջանում հայտնի է որպես իշխանությունների օգտին որոշումներ կայացնող դատավոր։ Նա ԱԺ ընտրությունների ժամանակ «Հանրապետություն» կուսակցության ցուցակով եղել է թեկնածու։
Արսեն Բաբայանի փոխանցմամբ Արշակ սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք տվող չի եղել։ Տարբեր անձիք ենթադրել են, որ 2018թ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ բողոքի ակցիայի ժամանակ («Նոր Հայաստան, նոր հայրապետ» խորագրով-խմբ) ակցիան իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց էր դրվել Արշակ սրբազանի հրահանգով։

Փաստաբանը շատ մանրամասներ չհայտնեց, ասելով, որ կաշկանդված է նախաքննական գաղտնիքով։

Հիշեցնենք, երեկ՝ դեկտեմբերի 4-ին, Քննչական կոմիտեի շենքում, ձերբակալել են Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Նրան համացանցում տարածված տեսանյութի գործով հրավիրել էին հարցաքննության: Սակայն, երբ հարցաքննությունն ավարտվել է, և արքեպիսկոպոսը ցանկացել է լքել շենքը, նրան դիմավորել են Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները՝ հայտնելով քննիչի` ձերբակալման որոշման մասին։

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Արշակ սրբազանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter