«88» սուպերմարկետների ցանցը չի ունեցել և չունի որևէ կապ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ. հայտարարություն
«88» սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կապ չի ունեցել և չունի որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։
«Վերջին օրերին շրջանառվող հրապարակումների և մեկնաբանությունների կապակցությամբ ցանկանում ենք հստակ ներկայացնել մեր պաշտոնական պարզաբանումը։
«88» սուպերմարկետների ցանցը մասնավոր սեփականություն հանդիսացող ընկերություն է, որը չի ունեցել և չունի որևէ կապ որևէ պետական պաշտոնյայի կամ նրանց ընտանիքի անդամների հետ։ Երկար ժամանակ շրջանառվող այդ խոսակցությունները որևէ իրական հիմք չեն ունեցել, ինչի մասին բազմիցս հրապարակայնորեն տեղեկացրել ենք, իսկ վերջերս «88» սուպերմարկետների սեփականատեր Նարեկ Նալբանդյանը նաև տվել է բաց ու ուղիղ հարցազրույց, որտեղ ևս մեկ անգամ ներկայացրել է բոլոր փաստերը՝ հերքելով ստահոդ տեղեկատվությունները։
Նման խոսակցությունները երբեմն կարող են առաջանալ ոչ միայն սխալ տեղեկատվության ազդեցությունից, այլ նաև տարբեր շահագրգիռ խմբերի կողմից՝ որպես ճնշման, շահարկման կամ առողջ մրցակցության կանոններին չհամապատասխանող փորձեր։ Մենք վստահ պնդում ենք, որ այս խոսակցությունները չեն ծառայում ոչ մեր գործունեության, ոչ էլ հասարակության շահերին։
Մենք բարձր ենք գնահատում հազարավոր սթափ մտածող գնորդներին, ովքեր գնահատում են մեր պարզ և թափանցիկ աշխատանքը։ Վստահեցնում ենք, որ մեր գործունեությունը թափանցիկ է, և այդ մասին կարող են փաստել բոլոր մեր գործընկերները, որոնց հետ մշտապես գործում ենք փոխադարձ հարգանքի և ջերմ գործընկերային համագործակցության միջավայրում։
Մեր միակ նպատակը մնում է նույնը՝ ապահովել արդար գնային քաղաքականություն, բարձր որակի սպասարկում և հաճելի միջավայր յուրաքանչյուր հաճախորդի համար։ Ապատեղեկատվության և ստահոդ լուրերի տարածման հարցում մենք ինքներս հետամուտ կլինենք, որպեսզի բարի գործարար համբավի և վստահության վնաս բերող ցանկացած կեղծ տեղեկատվություն դառնա իրավական քննության առարկա։
Եթե որևէ անձ կամ անձանց խումբ գիտակցաբար տարածում է կեղծ լուրեր, ապա նրանք պետք է պատասխանատվություն կրեն օրենքի ամբողջ խստությամբ, անկախ նրանից՝ ում է ուղղված ապատեղեկատվությունը։
Մենք շարունակելու ենք աշխատել ամեն օր՝ արժանի լինելով մեր հաճախորդների և գործընկերների վստահությանը։ Շնորհակալ ենք վստահության, աջակցության և սթափ վերաբերմունքի համար»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հայտարարել էր, որ ոչ մի բնույթի առնչություն չունի «88» սուպերմարկետների ցանցի հետ, անգամ որպես շարքային սպառող։ Նա նաև հորդորել էր բոյկոտել այդ սուպերմարկետների ցանցը և ցանկացած բիզնես, որոնց անունը կկապվի իր անվան հետ: Այդ հայտարարությունից հետո Աննա Հակոբյանը այսօր՝ դեկտեմբերի 4-ին, երկրորդ հայտարարությունն արեց, թե ահազանգեր են հնչում, որ իր անունից մարդկանց ստիպում են իրենց բիզնեսները վաճառել կամ իրենց տարածքները վարձակալության տալ` դրանցում գործող բիզնեսները փակելով։ Նա այդ առիթով դիմել էր դատախազություն, որտեղ էլ ընթացք է տրվել վարչապետի տիկնոջ ներկայացրած հաղորդմանը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել