Ձկնաբուծարանի անվան տակ Եղեգնուտում իրականացվում էր ապօրինի արդյունահանում
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի տարածքում նույն գյուղի բնակիչ 36-ամյա տղամարդը, ունենալով միայն ձկնաբուծարան կառուցելու թույլտվություն և չունենալով ընդերքօգտագործման իրավունք, իրականացնում է ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ լրատվականից։
«Ստուգմամբ պարզվեց նաև, որ 36-ամյա տղամարդը խառնուրդը վաճառում է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության, որն էլ խառնուրդը մշակում, տեսակավորում և իրացնում է։
Դեկտեմբերի 1-ին քրեական ոստիկաններն այցելեցին Եղեգնուտ։ Տարածքում հայտնաբերվեց գործող էքսկավատոր, իսկ տարածքից դուրս տանող ճանապարհին՝ ավազակոպճագլաքարային խառնուրդով բարձված երեք բեռնատար։
Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելով ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հատկանիշներով։
Հինգ անձ ձերբակալվել է։
Հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել