Ֆինանսների նախարարը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակ
Ազգային ժողովը դեկտեմբերի 3-ին շարունակել է հերթական նիստերի աշխատանքը:
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերջնական տարբերակը:
Նախարարը շնորհակալություն է հայտնել պատգամավորներին քննարկումներին ակտիվ մասնակցության եւ առաջարկներ ներկայացնելու համար: Ներկայացվել են շուրջ 30 առաջարկ եւ հարցում, որոնց մեծ մասը վերաբերելի են տարբեր միջոցառումների ծախսերի ավելացմանը: Ըստ նախարարի՝ դրանք ուսումնասիրվել են ճյուղային նախարարությունների կողմից եւ տրամադրվել են մանրամասն պարզաբանումներ: Առաջարկներից 15-ն ամբողջությամբ կամ մասնակի բավարարվել է, 3 հարցումի վերաբերյալ տրվել են պարզաբանումներ, 12-ը չի ընդունվել:
Նախարարի տեղեկացմամբ 2026 թվականի պետական բյուջեի նախագծի հիմքում դրված մակրոտնտեսական ցուցանիշների փոփոխություններ չեն նախատեսվել: Ըստ կանխատեսումների՝ անվանական ՀՆԱ-ն կկազմի 11 տրլն 933 մլրդ դրամ՝ աճելով 5,4 տոկոսով: Կառավարության պարտք-ՀՆԱ ցուցանիշն ըստ 2026 թվականի նախնական նախագծի՝ 53,5 տոկոսի համեմատ նվազել է 0,6 տոկոսային կետով՝ կազմելով 52,9 տոկոս: Պետական բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրլն 91 մլրդ դրամ, որը նախնական տարբերակի համեմատ նվազել է 0,2 մլրդ դրամով: Պաշտոնական դրամաշնորհները նվազել են 0,8 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է նպատակային եւ աջակցության դրամաշնորհների փոխարժեքի փոփոխությամբ, ինչպես նաեւ նպատակային դրամաշնորհների վերանայմամբ: Այլ եկամուտների՝ 0,6 մլրդ դրամով ավելացումը պայմանավորված է առանձին եկամտատեսակների վերագնահատմամբ, ինչպես նաեւ փոխարժեքի փոփոխությամբ: Պետական բյուջեի պակասուրդը պահպանվել է ՀՆԱ-ի 4,5 տոկոսի մակարդակում եւ կազմում է 536,8 մլրդ դրամ, որն առաջին փուլի համեմատ նվազել է 0,7 մլրդ դրամով:
Վահե Հովհաննիսյանը մանրամասն ներկայացրել է պետական բյուջեի նախագծով նախատեսված՝ ոլորտային ծախսերում կատարված փոփոխությունները:
Նախարարի արձանագրմամբ Հայաստանի ինստիտուցիոնալ կարողությունները զարգանում են արագ աճող հնարավորություններին համընթաց: Այդ զարգացումը, ըստ նրա, պատահական եւ ժամանակավոր երեւույթ չէ, այլ խորապես գիտակցված գործընթաց է, որն ուղղորդվում է պետության կարեւորագույն կառուցակարգերի զարգացմամբ: «Սա վստահություն է տալիս բոլոր հայաստանցիներին, որ մեր երկրում արժե ապրել եւ ստեղծագործել, իսկ միջազգային ներդրողներին ու գործընկերներին, որ Հայաստանը կանխատեսելի, հուսալի վայր է տնտեսական նոր ծրագրեր իրականացնելու համար: Հայաստանում բարեկեցիկ կյանքն այլեւս ապագայի հեռանկար կամ քաղաքական խոստում չէ, այլ ամենօրյա շոշափելի իրականություն, որը յուրաքանչյուրին տալիս է հենց մեր երկրում զարգանալու անչափելի հնարավորություններ»,- նշել է Վահե Հովհաննիսյանը: Նա հավելել է, որ 2026 թվական մուտք ենք գործում ավելի վստահ, քան երբեւէ. կայուն տնտեսությամբ, կառավարելի ու կայուն պարտքի մակարդակով եւ ապագայի նկատմամբ մեծ վստահությամբ: Նախարարը համոզմունք է հայտնել, որ ձեռնարկված բարեփոխումները շարունակելու են բերել իրենց արդյունքներըգ տնտեսության ներուժն ամբողջովին իրացվելու է, իսկ պետական կառավարման համակարգը շարունակելու է գործել նպատակային ու արդար:
Ֆինանսների նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ տարբեր ոլորտներում նախատեսված հատկացումների, ներկայացված առաջարկությունների վերաբերյալ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության անունից ելույթ է ունեցել Արթուր Խաչատրյանը: Պատգամավորն անհամաձայնություն է հայտնել ֆինանսների նախարարի հնչեցրած որոշ տեսակետների վերաբերյալ՝ մասնավորապես նշելով, որ հանրապետության բնակչության շուրջ 75 տոկոսը միջինից ցածր աշխատավարձ է ստանում: Պատգամավորն անդրադարձել է նաեւ անհուսալի վարկեր ունեցող վարկառուների մեծ թվին, տնտեսական աճի, պետական պարտքի աճի հետ կապված հարցերին։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անունից ելույթ է ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը: Հանձնաժողովի փոխնախագահն անդրադարձել է ընդդիմադիր գործընկերոջ հնչեցրած տեսակետներին՝ փաստարկված հակադարձելով դրանց: «Բարեկեցության մասին որ խոսում եք, այնպիսի տպավորություն է, թե դուք 2018 թվականին ձեզնից հետո թողել եք աշխարհի ամենաբարեկեցիկ երկրներից մեկը՝ աղքատության գրեթե զրոյական մակարդակով, բարձր աշխատավարձերով, կրթության բարձր մակարդակով անվտանգ, հուսալի, բարեկեցիկ, զարգացող, առողջ իրավական համակարգ ունեցող երկիր: Բայց այդպես չէ, բոլորն էլ գիտեն: Մարդկանց հիշողությունը ոչ ոք չի ջնջել, եւ մարդիկ շատ լավ կարողանում են համեմատել»,- մասնավորապես ասել է նա:
Դիտեք նաև՝
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել