HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձկնաբուծարանները՝ ջրասամույրների թիրախում. գիտնականները գիտեն պատճառները

Մոտ 1 մետր երկարությամբ երկար մարմին, մինչեւ 12 կգ քաշ, կարճ ոտքեր, փոքր ականջներ, որոնք ջրում կպնում են գլխին ու փակվում են, թաղանթավոր մատներ․ այսպիսին են ձկնաբուծարանների «անտեսանելի հյուրերը»։ Բայց պատահական չէ, որ այս փոքր գիշատիչները ստիպված են լինում կեր հայթայթել ձկնաբուծարաններում։

Ջրի մաքրության ցուցիչները

Ջրասամույրը կզաքիսազգիների ընտանիքի ներկայացուցիչ է։ Գիշատիչ կենդանի է։ Կիսաջրային կենսակերպ է վարում։ Հիմնականում կեր որսում է ջրում, իսկ ցամաքում քնում է։ Գաղտնի կենսակերպ վարող կենդանի է, ձգտում է չհանդիպել մարդկանց։

Հայաստանի Կարմիր գրքում «վտանգված» (endangered) կարգավիճակով գրանցված այս կենդանիներին քչերն են տեսնում, սակայն նրանք գրեթե միշտ թողնում են իրենց հետքերը։

Արդեն 9 տարի Գոռ Քալոյանը գնում է ջրասամույրների հետքերով, սակայն մինչ օրս դեռ չի հանդիպել նրանց։

Գոռը ԳԱԱ Կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտաշխատող է, Ողնաշարավոր կենդանիների կենդանաբանության լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող։ Նրա գիտական ուղղվածությունը կաթնասունաբանությունն է, սողունաբանությունն ու վարքագծային էկոլոգիան։

Գիտնականի աշխատասեղանի հարեւան պահարանում՝ թափանցիկ տարաների մեջ, օձեր ու մողեսներ են։

-Կա՞ն աշխատողներ, որ վախենում են մտնել Ձեր սենյակ,- հարցնում եմ Գոռին։

-Դե, էստեղ Կենդանաբանության ինստիտուտ է, էդպիսի մարդիկ պիտի չլինեն մեզ մոտ,- ժպտալով պատասխանում է նա։

Գոռը մանկուց միշտ կենդանիներ է պահել, ասում է՝ դպրոցում էլ սիրելի առարկան կենսաբանությունն էր։

Մինչ նա համակարգչով փնտրում է ջրասամույրների մասին տեսանյութը, որ ստացել են ֆոտոթակարդների միջոցով, իմ թիկունքում գտնվող մեծ տարայից խշխշոց է լսվում։

-Էդտեղ կենդանիներ կան, մի անհանգստացեք, մողեսների կերն է,- ասում է նա՝ ժպտալով։

2016 թ․ գործընկերոջ՝ Անդրանիկ Գյոնջյանի հետ Գոռն սկսել էր ուսումնասիրել մարդ-արջ կոնֆլիկտը։ Հետո գիտական հետաքրքրությունը տարածվել էր ջրասամույրների վրա։ Այսօր արդեն ջրասամույրները Գոռի ատենախոսության թեման են։

-Իսկ ինչո՞ւ որոշեցիք զբաղվել այս թեմայով,- հարցնում եմ։

-Գիշատիչները միշտ էլ հետաքրքիր են, առավել եւս, որ գտնվում են կերային շղթայի ամենավերին հատվածում։ Իրենք ցուցիչ են էկոհամակարգի, այսինքն՝ եթե միջավայրն աղտոտված է, կերը պակաս է, այս կենդանիները քիչ են։ Դրա համար ամենախոցելին նրանք են,- պատասխանում է Գոռը։

Վերջինիս խոսքով՝ ջրասամույրները համարվում են ջրի մարքության ցուցիչներ այն առումով, որ եթե այդտեղ ձուկ կա, կենդանի կա, այս գիշատիչները եւս ներկա են, բայց եթե ջուրը շատ աղտոտված է, ջրասամույրները չեն մնում այդտեղ։

Գոռն ասում է՝ Հայաստանում ջրասամույրների մասին տեղեկություններն առհասարակ քիչ են։ Խորհրդային Հայաստանում ջրասամույրը որսատեսակ էր իր թանկարժեք մորթու պատճառով։ Այդ տարիներին որսի հետեւանքով այս կենդանիները շատ են տուժել։ Դա է նաեւ պատճառը, որ ջրասամույրները հեռու են ապրում մարդկանցից, չնայած համարվում են սոցիալական կենսակերպ վարող կենդանիներ։

Գիտական ուսումնասիրության համար գիտնականները ֆոտոթակարդներ էին տեղադրել՝ արձանագրելու համար ջրասամույրների առկայութունը։ Քանի որ հարցուփորձով տեղեկացել էին, որ Վայոց Ձորում՝ Արփա գետի մոտ, ջրամասույրներ կան, ֆոտոթակարդներն այդտեղ էին դրել։ Հետագայում համոզվել են, որ չեն սխալվել, քանի որ ֆոտոթակարդներն արդյունք են գրանցել:

Այսօր արդեն ուսումնասիրության դաշտն ամբողջ Հայաստանն է՝ հյուսիսից հարավ։ «Այս տարիներին ընդգրկել ենք ամբողջ Հայաստանը, բոլոր ջրային ավազաններն ուսումնասիրել ենք, երեւի թե միայն Քասաղ գետում չենք հայտնաբերել»,- նշում է «Հետքի» զրուցակիցը։

Հայաստանում տարածված է սովորական ջրասամույրը (Lutra lutra)։ Գոռ Քալոյանն ասում է, որ մինչեւ 1980-90-ական թթ. Եվրոպայում սա համարվում էր վերացող տեսակ, բայց ջրասամույրների պահպանությանն ուղղված ծրագրեր իրականացնելուց հետո կատեգորիան փոխվեց. այժմ այն համարվում է ոչ թե «վտանգված» (endangered), այլ «խոցելի» (vulnerable)։

Ձկնասեր ջրասամույրներն ապրում են գետերի, լճերի, ջրամբարների մոտ։ Հիմնականում ընտանիքներով են ապրում, ինչպես, օրինակ, Կեչուտի ջրամբարում, բայց երբ ձագերը մեծանում են, սկսում են ինքնուրույն կենսակերպ վարել։

Ջրասամույրների համար ջուրը ոչ միայն կերի, այլեւ անվտանգության աղբյուր է։ Հաճախ բներն այնպես են կառուցում, որ դրանց մուտքը ջրի միջից լինի, այսինքն՝ մարդկանց աչքից հեռու։ Օրինակ, ըստ Գոռի, Արփի լճում ջրասամույրների բների մուտքը ջրի միջից է, սակայն ամեն ինչ կախված է բնակության արեալի ռելիեֆից:

Ջրասամույրների մասին հուշում են նրանց թողած հետքերը, կերի մնացորդները։ Այս կենդանիները սնվում են ձկներով, խեցգետիններով ու փափկամարմիններով։ Գոռն ասում է, որ իրենց բնորոշ ձեւով են ձուկ ուտում, օրինակ՝ ձկան միայն կեսը, եթե կերի պակաս չկա: Ձկնաբուծարանների աշխատողները նման «կիսված» ձկների հաճախ են հանդիպում։

Ջրասամույրը ոչ միայն ջրի ցուցիչ է մաքրության ու որակի տեսանկյունից, այլեւ ձկնապաշարների առումով։ Գոռն ասում է՝ մտահոգություն է առաջացնում գետերի աղտոտվածությունը, սեզոնայնությամբ պայմանավորված դրանց սակավաջուր դառնալը կամ ցամաքելը, դրանից բխող ձկնապաշարի առկայությունը։ Մյուս կողմից հէկերն են խանգարում՝ ազդելով թե՛ գետի ջրի, թե՛ ձկան պաշարների, թե՛ ջրասամույրների վրա: Մարդկային գործոնի հետեւանքով այս գիշատիչները փոխում են իրենց ապրելավայրը, սկսում կերի աղբյուր փնտրել, որը նախեւառաջ գետերի մոտ կառուցված փոքր ձկնաբուծարաններն են։ Գոռը նկատում է՝ եթե ջրասամույրների կենսակերպի վրա ազդող գործոնները չլինեն, ինչո՞ւ պետք է կենդանին կեր փնտրի ձկնաբուծարանի մոտ՝ մարդկանց միջավայրում։

Այստեղ էլ առաջանում է ջրասամույր-մարդ կոնֆլիկտը, որը մեղմելու ծրագրեր են իրականացվում ներկայում։ Գոռը կարեւորում է նաեւ տեղեկատվական արշավները: «Մարդիկ իմանան, որ ոչ թե որպես վնասատու ընդունեն, այլ սանիտար, ցուցիչ, ջրային էկոհամակարգի մաս, որ պահպանության կարիք ունի»,- նկատում է մեր զրուցակիցը։

Ձկնաբուծարանների «անտեսանելի հյուրերը»

Ըստ Գոռ Քալոյանի՝ գաղտնի ձեւով ձկնաբուծարան մտնելուց հետո ջրասամույրը կարող է օրական ուտել 2-3 կգ ձուկ ու հեռանալ, բայց դրանից հետո մի քանի օր կարող է ոչինչ չուտել՝ կերածը մարսելու համար։ Այս գիշատիչներից հատկապես տուժում են փոքր ձկնաբուծարանները։  

Ջրասամույրները ցամաքում այդքան ճարպիկ չեն, բայց ջրում դառնում են անորսալի։ Նրանց շարժմանն արագություն է հաղորդում նաեւ պոչը։

Ջրասամույր-մարդ կոնֆլիկտը լուծելու համար կենդանաբանը մի քանի առաջարկ է անում. «Կարելի է պարզ ձեւերով պաշտպանվել նրանց հարձակումներից, եթե ցանցավանդակ քաշեն լճի շուրջը կամ էլեկտրական հովիվներ օգտագործեն, շներ պահեն։ «Շներից հիմնականում զգուշանում են, բայց կադրեր ունենք, որտեղ հենց շան դիմացից ձուկ է տանում»,– ասում է Գոռ Քալոյանը։

«Արտանիշում, օրինակ, 2017 թ. մեծ ցանցավանդակներ կային, իշխան էին պահում, ջրասամույրը ծակել էր այն, երեւի որս էր արել, գնացել։ Տարվա վերջում տեսել էին, որ ցանցավանդակի մեջ ձուկ չի մնացել, քանի որ ծակած մասով ձկները գնացել էին»,- հիշում է զրուցակիցս՝ ավելացնելով, որ մոտ 20 մլն դրամի վնաս էր կրել ձկնաբուծարանը, իսկ բողոքը ընդհուպ հասել էր Կառավարություն։

Գոռ Քալոյանն ասում է, որ արդեն ուսումնասիրել են ջրամասույների տարածվածությունը Հայաստանում։ 2026-ին եզրակացություն պիտի հրապարակեն այս գիշատիչների պահպանությանն ուղղված միջոցառունների վերաբերյալ, ինչպես նաեւ այն քայլերի շուրջ, որոնք պետք է ձեռնարկվեն՝ ձկնային տնտեսությունները ձկների «սիրահարներից» պաշտպանելու համար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter