HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

Ես շիզոֆրենիկ չեմ. բանտերում հալածված իրանցին ապաստան է փնտրում Հայաստանում

«Լսեք, խնդրում եմ, իմ պատմությունը»,-այս խոսքերով է սկսում իրանցի Սեյեդ Հաշեմ Ալավին և մի քանի ժամվա մեջ ներկայացնում հիսուն տարվա կյանքի պատմությունը։ Իրանի, Իրաքի, Պակիստանի, Աֆղանստանի բանտերով անցած Սեյեդ Հաշեմն այժմ Հայաստանում է՝ ապաստան է հայցում։ 

«Ձախորդություններս սկսվեցին մանկուց։ Մեզ մոտ որդիները ժառանգում են ծնողի «մեղքը»։ Իրանի Բուշեր քաղաքի գրականության ուսուցիչ հայրս հեղափոխությունից հետո մեղադրվեց շահի անվտանգության գործակալության հետ կապերի մեջ։ Այդտեղից սկսվեցին մեր ընտանիքի ձախորդությունները՝ հալածանքներ, աղքատություն»,-պատմում է Սեյեդ Հաշեմը։ 1979 թ.-ին, երբ տապալվեցին Իրանի Պահլավական թագավորական կարգերը և հաստատվեց Իրանի Իսլամական Հանրապետությունը, նա հինգ տարեկան էր։

«Մեր ընտանիքը հայտնվեց ծայրահեղ ծանր վիճակում։ Հայրս հեռացվեց աշխատանքից՝ ՍԱՎԱԿ-ի (շահի անվտանգության գաղտնի ծառայություն-հեղ.) անդամ լինելու կեղծ մեղադրանքով»,- պատմում է Սեյեդ Հաշեմ Ալավին։ Նա ընտանիքի հինգ զավակներից ավագն է։ Հալածված Ալավիների ընտանիքի մեծ ողբերգությունը Հաշեմի 13-ամյա կրտսեր եղբոր առևանգումը և սպանությունն էր։ 
«Եթե ընտանիքը պաշտպանված լիներ պետության կողմից, նման բան չէր կատարվի։ Այս դեպքը մեր հալածված ընտանիքին վերջնական դժբախտացրեց»,- պատմում է Ալավին։
20 տարեկանում Ալավին զորակոչվում է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժեր՝ ծառայության։ Բողոքելով անարդարության և իշխանությունների կողմից ցուցաբերվող հալածանքի դեմ՝ ութ ամիս անց նրան ազատում են ծառայությունից «շիզոֆրենիա» ախտորոշմամբ։ Այդ կարգավիճակը դառնում է նրա կյանքի խարանը։  

«Ես ամեն ինչ արեցի ապացուցելու համար, որ հիվանդ չեմ և արժանի եմ ապրել որպես նորմալ քաղաքացի, որը կարող է աշխատել, վարորդական իրավունք ունենալ, ընտանիք կազմել»,- պատմում է Հաշեմը։ Բայց նրա բոլոր փորձերը՝ ազատվելու «շիզոֆրենիկի» պիտակից, Իրանում ձախողվել են։ Սեփական երկրում արդարության հասնելուց հուսատ՝ Սեյեդ Հաշեմը սկսում է դեգերել հարևան երկրներով։

Երեսուն տարեկանում նա փախչում է Իրաք՝ միջազգային կազմակերպություններից օգնություն հայցելու։ Ապօրինի սահմանահատման համար Սեյեդ Հաշեմը ձերբակալվում է։ Երկու տարի անցկացնում է բանտում։ Իրաքից նրան արտահանձնում են Իրան, որտեղ կրկին ձերբակալվում, հարցաքննվում է և ազատ արձակվում։ 
Կյանքը դասավորելու համար հետո մեկնում է Պակիստան, ապա՝ Աֆղանստան։ Այս երկրներում էլ բախվում է անորոշության,  բանտարկության ու ֆիզիկական և հոգեբանական ճնշումների։ Վերադառնալով Իրան՝ կրկին ձերբակալվում է, հարցաքննվում։ Նրա վրա 5 տարով երկրից դուրս գալու արգելք է դրվում։

«Շիզոֆրենիայով հիվանդ այլ մարդկանցից տարբերությունս այն է, որ ես տարիներ շարունակ բանտերում եմ եղել ու խոշտանգումներով անցել, իսկ իմ «հանցանքը» միայն այն է եղել, որ ասել եմ՝ ես հոգեկան հիվանդ չեմ, կամ գոնե շիզոֆրենիա չունեմ»։

Այսօր Սեյեդ Հաշեմ Ալավին Հայաստանում է՝ հուսահատ, անորոշության մեջ։ Նոյեմբերին նա դիմել է Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների գրասենյակ, Միգրացիայի ծառայություն, Կարմիր Խաչի գրասենյակ, տարբեր կառույցների։ Բոլոր տեղերից նրան պատասխանել են, որ օգնություն կարող է ստանալ միայն, երբ պաշտոնապես ապաստանի դիմում լրացնի։ Դեկտեմբերի 2-ին նրան հրավիրել են միգրացիայի ծառայություն` դիմում ներկայացնելու։

«Ինձ համար շատ պարզ ու տարրական թվացող, բայց գործնականում անհնար բանն այն է, որ գտնվի մի կառույց, որն ունենա լիազորություն արձանագրելու, որ առկա փաստերի, դիտարկումների ու ապացույցների հիման վրա ես շիզոֆրենիա չունեմ և կարող եմ ապրել ինչպես յուրաքանչյուր սովորական մարդ։ Պատկերացրեք, թե ինչ աղետ կարող է լինել, եթե ձեր երկրի կառավարողները ցանկացած պահի հնարավորություն ունենան կամայականորեն քաղաքացուն հայտարարել հոգեկան հիվանդ»,- ասում է Սեյեդ Հաշեմ Ալավին, որն անցնելով փորձությունների, զրկանքների երկար ճանապարհ՝այժմ հույս ունի օգնություն ստանալ Հայաստանից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter