HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու են պատգամավորներն ու ԱԺ աշխատակազմն իրենց գումարները կանխիկ պահում

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տարիներ շարունակ զգուշացնում է՝ խոշոր կանխիկի հայտարարագրումը բարձր ռիսկ է պարունակում, մինչդեռ հենց պետական համակարգի ներսում կանխիկ խնայողությունները շարունակում են մեծ տեղ զբաղեցնել։ Պաշտոնյաներն իրենց նախընտրությունը հիմնականում բացատրում են բանկերին չվստահելով կամ ասում են՝ կանխիկն ավելի հարմար է։ Իսկ հանրությունը կարո՞ղ է վստահել այդ գումարների օրինականությանը։ 

«Հետքն» ուսումնասիրել է Ազգային ժողովի հայտարարագիր ներկայացնող աշխատակիցների և պատգամավորների, նրանց օգնականների գույքի, եկամուտների և շահերի 2024թ․ տարեկան հայտարարագրերը՝ կանխիկ պահվող գումարի տեսանկյունից։ Խորհրդարանի  հայտարարատու 247 պաշտոնյաներից 211-ը կանխիկ գումար է հայտարարագրել: Այդ պաշտոնյաների՝ միայն դրամով պահվող կանխիկ գումարի չափը 2024թ. տարեվերջին եղել է 1 մլրդ 187 մլն 667 հազ. դրամ, դոլարով պահվողը՝ 2 մլն 942 հազ., իսկ եվրոյով պահվող կանխիկ գումարը կազմել է 950 հազար: Նշված անձինք այլ արտարժույթներով ևս կանխիկ գումար են պահել:

8-րդ գումարման Ազգային ժողովում ընդհանուր 107 մանդատ ունեցողներից 2024-ի տարեկան հայտարարագիր չի ներկայացրել միայն Մհեր Սահակյանը, որն այս տարվա հունվարին մահացել է ավտովթարից։ Նշված ժամանակահատվածում ԱԺ 106 պատգամավորից կանխիկ գումար է հայտարարագրել զգալի մասը՝ 93-ը, իսկ պատգամավորների հայտարարագիր ներկայացրած 110 օգնականից՝ 88-ը:

2025 թ. ԱԺ կազմում փոփոխություններ են եղել։ Չորս պատգամավոր մանդատը վայր է դրել, մեկը մահացել է, նրանց փոխարինել են համապատասխան խմբակցություների հաջորդ համարները։ Պատգամավորական մանդատն այս տարի զբաղեցրած անձինք ներկայացրել են պաշտոնը ստանձնելու հայտարարագիր, իսկ 2025թ․ տարեկան հայտարարագրերը կներկայացնեն 2026թ․-ին։

Պատգամավորներից 28-ը հայտարարագրել է մինչև 1 մլն դրամ կանխիկ դրամ, 25-ը՝ 2-5 մլն դրամ, 9-ը՝ 5-10 մլն դրամ, 7 պատգամավոր ունի 30 և ավել միլիոն դրամ և այլն:

Ազգային ժողովի հայտարարատու պաշտոնյաներից ամենաշատ կանխիկ դրամը պահում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Նա 2024թ․ վերջին ունեցել է մոտ 199 մլն 406 հազ․ դրամ։

Թե ինչու է պատգամավորն այդքան շատ կանխիկ գումար պահում, փորձեցինք հարցնել անձամբ նրանից։ Սակայն պարզաբանում ստանալ չհաջողվեց. ոչ զանգերին, ոչ նամակներին Մարտուն Գրիգորյանը չպատասխանեց:

Հաջորդ խոշոր կանխիկ գումար ունեցող պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դավիթ Դանիելյանն է։ 2024թ․ տարեվերջին հայտարարագրել է 53 մլն դրամ, նույն տարվա սկզբին՝ 57 մլն դրամ կանխիկ գումար։

Դավիթ Դանիելյանը «Հետքին» ասաց, որ կանխիկ գումարի աղբյուրն առանձնատան վաճառքից գոյացած գումարն է: Նշեց, որ այդ գումարից արդեն «ահագին պակասել է», շինարարության մեջ է օգտագործվել:

«Կապանում հիպոթեքով առանձնատուն եմ ձեռք բերել, որոշ մանր գնումներ կանխիկով եմ վճարում, օրինակ՝ պատուհան տեղադրողը 5000 դրամ է ուզում: Փոքր վերանորոգման ծախսեր են, որն օրենքով թույլատրելիի շրջանակներում է: Երբ շինարարությունն ավարտեմ, տարբերությունը մուտք կանեմ բանկի հաշվեհամարին»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ բանկում պահելն ավելի ապահով է:

Դավիթ Դանիելյանը նշեց, որ առանձնատունը, որի վերանորոգման վրա ծախսում է պահվող կանխիկ գումարը, գտնվում է Ադրբեջանի սահմանից  մոտ 1,5 կմ հեռավորության վրա: «Սահմանին մոտ է, բայց դա խնդիր չէ: Դրանով նաև օրինակ եմ ծառայում, որ պետք է ապրել ու շենացնել մեր գյուղերը»,-ասաց Դ. Դանիելյանը: 

Նա խնդրահարույց համարեց պաշտոնյաների՝ գումարները կանխիկ պահելը, սակայն նշեց, որ տեխնոլոգիաներն այնքան զարգացած են, որ եթե մարդը կանխիկ միջոցները ճիշտ չօգտագործի կամ պարզվի, որ կեղծ է հայտարարագրել, հետագայում կբացահայտվի: 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը 2024թ․ տարեսկզբին ունեցել է 59 մլն 866 հազ․ դրամ, իսկ տարեվերջին՝ 46 մլն 412 հազ․ դրամ։ Նա կանխիկ գումար ունի նաև դոլարով և եվրոյով` 2024թ. տարեվերջի դրությամբ հայտարարագրել է 88 հազ. դոլար և 27 հազ. 500 եվրո կանխիկ գումար:

Ընդդիմադիր պատգամավորը մեզ հետ զրույցում ասաց, որ նպատակահարմար է համարում գումարը կանխիկ պահել, և դա նոր չէ՝ արդեն մի քանի տարի է կանխիկ է պահում: 

«Մի անգամ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն էլ էր կանխիկի մասով գրություն ուղարկել: Այդպես եմ նպատակահարմար գտել, շատ խիստ անձնական մոտեցում է: Օրենքով արգելված որևէ բան չկա իմ քայլերի, գործողությունների մեջ»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կանխիկ գումարի առումով նախապատվությունը տալիս է արտարժույթին: 2024թ. տարեվերջին նա ունեցել է մոտ 1 մլն 913 հազ. ԱՄՆ դոլար և 700 հազ. եվրո: Նա ԱԺ 247 հայտարարատու անձանցից ամենաշատ արտարժույթով կանխիկ գումար ունեցողն է:

Խաչատուր Սուքիասյանից հետո ամենից շատ կանխիկ դոլար ունի նույն խմբակցության պատգամավոր Միքայել Թումասյանը՝ 2024թ. վերջի դրությամբ՝ 198 հազ. 400 դոլար: 

ԱԺ պատգամավորի օգնական Լևոն Մնացականյանը հայտարարագրել է մոտ 73 հազ. եվրո կանխիկ գումար: ԱԺ-ից փորձեցինք տեղեկանալ, թե ում օգնականն է Լ․ Մնացականյանը, որպեսզի պարզաբանում խնդրենք։ Լրատվության բաժնից նախ պատասխանեցին, թե իրավասու չեն նման տեղեկություն փոխանցել, այնուհետև խորհուրդ տվեցին դիմել ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավր քարտուղարին։ Այստեղ էլ ընդունարանից հայտնեցին, թե նման տվյալ չունեն։ 

Վերահսկողության պակա՞ս, թե՞ փախուստ վերահսկողությունից

Ինչու է ռիսկային հայտարարատու անձանց կողմից խոշոր կանխիկ գումար պահելը: Նախ՝ կանխիկ գումարները հեշտ է թաքցնել, ինչը կարող է հանգեցնել հայտարարագրերը ճիշտ չլրացնելուն։ Հատկապես, երբ անձն առաջին անգամ է պետական պաշտոն զբաղեցնում կամ առաջին անգամ է դառնում հայտարարատու, կանխիկ գումարի հայտարարագրումը կասկածի տակ է դնում ընդհանրապես այդ գումարի իրական լինելը: Ռիսկ կա, որ գոյություն չունեցող գումար կարող է հայտարարագրվել՝ հետագայում ոչ օրինական գումարների օրինականացման նպատակով:

Պետական մարմինները իրական  գործիքակազմ չունեն՝ ստուգելու կանխիկի առկայությունը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին կանխիկ գումարիների մասին բացատրություններ տալիս պաշտոնյաները տարբեր աղբյուրներ են նշում՝ ժառանգել են պապիկից, նվիրատվություն են ստացել արտերկրում գտնվող ազգականից և այլն: Եթե գործող պաշտոնյաների դեպքում հետագիծը հնարավոր է տեսնել, ապա առաջին անգամ հայտարարագիր լրացրած պաշտոնյայի դեպքում դա ստուգելն այնքան էլ արդյունավետ չէ:

Կանխիկ գումար պահելը պաշտոնյաներին ձեռնտու է, քանի որ դուրս է բանկային և հարկային վերահսկողությունից, չի կարող սառեցվել կամ արգելափակվել, ինչպես բանկային հաշիվների դեպքում, կարող են գնել թանկարժեք գույք կամ իրեր և  չհայտարարագրել, կատարել այլ մեծ ծախսեր: 

Խոշոր կանխիկ գումար հայտարարագրած պաշտոնյաները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են, Հանձնաժողովը մշտապես բացատրություն է պահանջում նրանցից: Հիմնական պատճառաբանությունն այն է, որ չեն վստահում բանկերին:

Մեծ ցանկության դեպքում հակակոռուպցիոն մարմինները կարող են բացահայտել հայտարարատու անձանց կանխիկի շարժը, եթե անօրինական գումարների մասին կասկած կա, սակայն պրակտիկայում դա գրեթե չի պատահում։ Ամեն դեպքում, հանրությանը նման օրինակներ գրեթե հայտնի չեն։

Խորհրդարանում, տարբեր սեմինարների ժամանակ պարբերաբար խոսվում է է, թե ինչ միջոցներով է հնարավոր սահմանափակել պաշտոնյաների կողմից կանխիկ գումարներրի հայտարարագրումը: Սակայն լուծումներ չեն գտնվում: Հիմնական հակափաստարկն այն է, որ մարդու իրավունքն է՝ ինչ եղանակով պահի իր ունեցած գումարը՝ կանխիկ, թե անկանխիկ: Միևնույն ժամանակ, Կառավարությունը քայլեր է ձեռնարկում վճարումներն ու գումարի շարժը անկանխիկ դաշտ բերելու համար, օրինակ՝ թոշակառուներին պարտադրված է իրենց թոշակը ստանալ բանկային քարտերով, հիվանդանոցներում, ուսումնական հաստատություններում վճարումներն անել անկանխիկ եղանակով: Պաշտոնյաների մոտ պահվող կանխիկ գումարների վերաբերյալ այդպես էլ լուծումներ չեն գտնվում:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter