HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մեղրաշատցիները համոզված են` եթե դպրոցը փակվեց, գյուղը դատարկվելու է

«Ես ասել եմ մարզպետին` եթե դպրոց չլինի, ոչ երիտասարդ կմնա, ոչ ընտանիքներ. դպրոցն է պահում համայնքը,- ասում է Մեղրաշատի միջնակարգ դպրոցի պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Լիլիթ Մխիթարյանը,- փոխանակ ծրագրեր իրականացնեն, ծնելիությունը խթանեն, երիտասարդ ընտանիքներին օժանդակեն, որ մնան գյուղում, դպրոցներն են միավորում: Սահմանամերձ գյուղը պիտի ապրեցնել, ոչ թե դարձնել յայլա»: 

Ամասիա խոշորացված համայնքում ընդգրկված Բյուրակն, Ողջի և Մեղրաշատ գյուղերի միջնակարգ դպրոցների միավորման լուրը ծանուցվել էր դեռևս 2023թ.-ին: Ծրագիրն իրականացվելու է 2025-2026թթ.-ին: Բյուրակնում նոր դպրոցի շինարարական աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի, դրանով պայմանավորված` Ողջիի և Մեղրաշատի դպրոցներն իրենց գործունեությունը կդադարեցնեն 2026թ.-ի սեպտեմբերին:

Միավորման լուրը մեղրաշատցիները վատ են ընդունել: Գյուղը հայ-թուրքական սահմանից 500 մետր հեռավորության վրա է: 100 տնտեսություն ունեցող գյուղի համար նոր դպրոց կառուցվել է 2005թ.-ին: Առկա են բոլոր հարմարությունները աշակերտների կրթությունն ապահովելու համար, ուսուցչական կազմը համալրված է մասնագետներով, միակ խնդիրը մաթեմատիկական է՝ 52-ը փոքր է 100-ից: 

«Մենք հայտնվել ենք ծրագրում, քանի որ Կառավարությունը որոշել է 100-ից պակաս աշակերտ ունեցող դպրոցները միավորել: Պատճառաբանությունն այն է, որ նոր դպրոցներում կրթությունն ավելի որակյալ է լինելու: Եթե կրթության որակն են պատճառաբանում, ապա մեր դպրոցն այն ապահովում է,- պնդում է Լիլիթ Մխիթարյանը,-կարող եմ խոսել օրինակներով՝ հարևան Հայկավանը Մեղրաշատից մեծ է, դպրոցում 120 երեխա է սովորում, իրենք այս տարի տվել են 5 շրջանավարտ, մեր դպրոցում 60 երեխա է սովորում, մենք տվել ենք 4 շրջանավարտ, որից մեկը բուհ է ընդունվել: Հիմա սա ցուցի՞չ է, թե ցուցիչ չէ որակյալ կրթության: Եթե պայմանների մասին են խոսում, մեր դպրոցն ապահովված է ամեն ինչով՝ լաբորատոր կաբինետներ, սպորտդահլիճ, գրադարան, միջոցառումների համար դահլիճ, ապաստարան, որը նախատեսված է ողջ գյուղի համար, ուսուցիչներից երեքն էլ այս տարի հաջողությամբ անցել են կամավոր ատեստավորումը»:

Որ մի օր նշված երեք համայնքների դպրոցները պիտի միավորվեն, նման ծրագիր քննարկվել էր դեռևս 2013թ.-ին: 12 տարի առաջ կենտրոնը լինելու էր Մեղրաշատը, և այստեղ էին հաճախելու դպրոցականները Ողջիից ու Բյուրակնից: Թե ինչու է տարիներ անց որոշումը փոխվել, ու ինչ սկզբունքով կամ հաշվարկով է միավորման կենտրոնը դարձել Բյուրակնը, մեղրաշատցիներին հայտնի չէ: 

Մեղրաշատի դպրոցի գրադարանավարուհին, որի երեք երեխաներն էլ դպրոցական են, բազմիցս է հայտարարել, որ միավորման դեպքում կգերադասի նրանց տեղափոխել Գյումրի: Մեղրաշատում նման ծրագրեր են քննարկվում հատկապես այն ընտանիքներում, որոնք Գյումրիում բնակելի տուն ունեն: 73-ամյա Ռուզաննա Սամվելյանի 3 թոռներից ավագն անցած տարի է ավարտել դպրոցը, երկուսը հաճախում են 9-րդ և 3-րդ դասարաններ, 5-ամյա չորրորդ թոռը դպրոց կգնա հաջորդ տարի: 

«Ծնողներով անցած տարի հավաքվանք, գնացինք մարզպետարան, դիմում ենք գրել նախարարություն, մեզի պատասխանեցին՝ «ո՛չ», անհնար է, կրթության նախարար Ժաննա Անդրեասյանն ասել է՝ երեխան պիտի որակյալ կրթություն ստանա: Ինչի մենք դե՞մ ենք, որ մեր երեխաները նորմալ կրթություն ստանան,-Ռուզան տատն ուսերն է թոթովում,-մենք երկու ձեռքով կողմ ենք, բայց գուզենք, որ էդ կրթությունն երեխեն դռան վրա ստանա, դպրոց տանելու համար ստիպված չեղնի 6 տարեկան երեխեն ժամը 7-ից ելնի, 3-4 կմ էլ ճամփա անցնի: Էս որոշում կայացնողը հեչ մեր ճամփեքը տեսած կա՞, իրա երեխեն հեչ կողքի գյուղ դպրոց գնացած կա՞: Կըսեն՝ կրկնուսույցի մոտ պարապելու համար երեխեքը կհասնին Գյումրի, մենք ընբես պիտի էնենք, որ երեխեքը սաղ տեղում ստանան էդ կրթությունը: Բայց հո պահած բան չէ, որ գյումրեցու երեխեն էլ, երևանցու երեխեն էլ, եթե լրացուցիչ գուզե պարապի, դպրոցի պլպլան պատերն ըդոր հետ հեչ կապ չունին»:

Տիկին Ռուզաննան ապրում է որդու ընտանիքի հետ: Ասում է՝ Գյումրիում էլ տուն ունեն, եթե Մեղրաշատի դպրոցը փակվեց, կտեղափոխվեն: Սահմանամերձ գյուղում անգամ մեկ փակ դուռը խնդիր է՝ չի կարելի թույլ տալ, որ բնակավայրերը դատարկվեն: Իրենք դիմել են, որ գոնե դպրոցը դարձնեն 9-ամյա, միայն ավագ դասարանների աշակերտները հաճախեն Բյուրակն: Պատմության ուսուցչուհին՝ Լիլիթ Մխիթարյանն ապրում է Հայկավանում, սակայն վերջին 10 տարին աշխատանքի բերումով առավել կապված է Մեղրաշատ համայնքի հետ: Բոլոր միավորվող դպրոցների մանկավարժների նման, նա էլ մտահոգ է, որ շատերը գործազուրկ կդառնան: 

«Բյուրակնի նորակառույց դպրոցը նախատեսված է 150 աշակերտի համար: Անգամ միավորման դեպքում, այդ թիվը չի լրանալու, որովհետև Ողջիի դպրոցականները կգերադասեն գնալ Հայկավան կամ Գյումրի, քանի որ ավելի հարմար է, քան հասնեն Բյուրակն,-բացատրում է զրուցակիցս,-Մեղրաշատում էլ արդեն մտածում են ընտանիքներով տեղափոխվելու մասին: Միավորվող երկու դպրոցի մոտ 30-35 աշխատակից մնալու է անգործ: Ասում են, թե մանկավարժներին բոլորին տեղավորելու են, բայց եթե երկրորդ դասարան չբացվեց, հնարավոր չի լինի նույն առարկայից երկու ուսուցիչ պահելը: Մենք ուսուցիչներ ունենք, որ ընտանիքի հոգսն իրենց ուսերին է, ու էդ աշխատավարձն է միակ եկամուտը, եթե զրկվեն աշխատանքից, ի՞նչ են անելու»:

Այս տարի Մեղրաշատում 7 երեխա է ծնվել: Դպրոցում շտապել են ուրախանալ՝ վեց տարի անց առաջին դասարանում 7 աշակերտ կունենան: «Կըսեն, թե շատ երեխեք ունեցեք, համաձայն եմ, տղես 4 երեխա ունի, մենք մերն էրել ենք, Կառավարություն, դու էլ ընբես էրա, որ մարդիկ էդ երեխեքին կարողանան պահել, մի երկու երեխա էլ ավել ունենան,-ասում է տիկին Ռուզաննան,-տղես արտագնա աշխատանքի է, մեղրաշատցիներից շատերը դուրսը կաշխատին, որ ընտանիքները պահեն: Մեր տղամարդկանց մի մասը զինվորական են՝ հաշվի առնելով, որ գյուղը սահմանապահ է: Գյուղը միավորողը դպրոց-մանկապարտեզն է, հլը ավելի շատ՝ դպրոցը: Կառավարություն ջան, դու դպրոցը մի փակե, դպրոցը փակեցիր՝ գյուղն էլ կփակվի, դու ընբես ծրագիր էրա, որ ընտանիքները շատանան: Փակելուց հեշտ բան չկա: Ես 70 տարի էս հողի վրա կապրիմ, թոռներս էս հողի վրա կապրին, տղես չի տեղափոխվել, մենք կպած ենք էս հողին, բայց հիմի՝ դպրոց փակելով, պապական դուռը փակելու հարց ես դրել առաջներս»:

Դպրոցի տնօրենի հետ չհաջողվեց զրուցել: Նախկին տնօրեն Գոհար Մազմանյանը աշխատանքից հեռացել էր այս տարվա մայիսին, իսկ ժամանակավոր պաշտոնակատար Ժաննա Հակոբյանը գերադասեց զրուցելու առաջարկը մերժելուն զուգահեռ դպրոցի մուտքի դուռը փակել բանալիով՝ հնարավորություն չտալով լուսանկարել դպրոցի պայմանները, որոնք այնքան լավ ներկայացրել էին մանկավարժները: Այս տարվա հոկտեմբերի 2-ին Շիրակի մարզպետի աշխատակազմը Մեղրաշատի միջնակարգ դպրոցի տնօրենի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարել, սակայն մինչև օրս այն չի կայացել՝ դիմումատուների բացակայության պատճառով: 

Լուսանկարները Ռոբերտ Խաչիկյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter