«Արզնի կաթնամթերքի» երեք արտադրատեսակների արտադրությունը կասեցվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից հայտնում են, որ Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք. Երևան, Մոլդովական փողոց) իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել առկա արտադրատեսակներից և հանձնել լաբորատոր փորձաքննության:
«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքի այս արտադրամասում արտադրվում է վտանգավոր սննդամթերք. այսպես՝ «Կաթի սեր Ռեժան 60%» արտադրատեսակի նմուշը՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներն (ՄԱՖԱՆՄՔ) (արտադրված՝ 06․11․2025թ.), «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով» արտադրատեսակի նմուշը՝ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ՝ կոլիձևեր (ԱՑԽՄ) (արտադրված 06․11․2025թ.), «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակի նմուշը՝ խմորասնկեր (արտադրված 06․11․2025թ.), ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթմնամթերք»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Կաթի սեր Ռեժան 60%», «Կաթ պարունակող մթերք՝ պատրաստված մածունի տեխնոլոգիայով», «Կաթնաշոռային պանրիկ չամիչով 9%» արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է:
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակները օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:
Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել