14-ամյա Սոնան սեւ պատկերներ է տեսնում գիշերները․ հոգեբանները պատճառը պատերազմն են համարում
Պատարագն ավարտվել է։ Սոնան (անունը փոխված է) փոխում է եկեղեցական երգչախմբի զգեստը, հագնում առօրյա հագուստն ու իջնում առաջին հարկ։ Արդեն 7 ամիս է՝ 14-ամյա աղջիկը երգում է Մասիսի Ս. Թադեոս եկեղեցու երգչախմբում։ Ասում է՝ դա օգնում է իրեն հանգստանալ ու «ազատագրվել» պատերազմից հետո իրեն այցելող սեւ պատկերներից։ Բռնագաղթից երկու տարի անց Սոնան պատերազմը հիշում է իր բոլոր մանրուքներով ու դեպքերի մասին պատմում է այնպես, կարծես, թելի վրա ուլունքներ է շարում։
Եկեղեցուց դուրս ենք գալիս։ Սոնան պատմում է իր ապագա ծրագրերից։ Երգում է նաեւ Շուշիի «Վարանդա» երգչախմբում։ Դեկտեմբերին երկու համերգ են ունենալու։ Ինքն իր ծրագրերը կապում է երգարվեստի հետ։
Մոխրագույն դարպասի մոտ մեքենան կանգնում է։ Սոնան անաղմուկ բացում է այն։ Տան դուռը բաց է, մայրը՝ Մարինեն, քույրը՝ Լիլիթը, մեզ դիմավորում են տան մոտ։
2024-ի նոյեմբերից ընտանիքն այստեղ վարձով է բնակվում՝ ամսական 120 հազար դրամով։ Նախասրահն ու խոհանոցը միասին են։ Լիլիթը սրճեփը դնում է գազօջախին, Մարինեն ու Սոնան նստում են սեղանի շուրջ։ Մի քանի հարցից հետո Սոնան միջամտում է մոր պատմածներին ու սկսում պատմել այն ծանրության մասին, որն ինքը դժվար է կրում բռնագաղթից հետո։
Մարինե Գեւորգյանը 42 տարեկան է։ Սոնան երեխաներից կրտսերն է՝ Լիլիթից ու Հայկից հետո։ Նրանք ծնվել եւ ապրել են Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում։ Մարինեն էլ է Թաղավարդում ծնվել, այնտեղ էլ ամուսնացել է։ Կյանքն իր հունով էր գնում, մինչեւ 2020թ. պատերազմը փոթորկի պես չեկավ ու այդ հունը չփոխեց։
2023թ․ սեպտեմբերի 19-ի առավոտը սովորական էր։ Լիլիթն այդ տարի ավարտել էր դպրոցը, Հայկն ու Սոնան դպրոցում էին, Մարինեն ու ամուսինն էլ՝ աշխատավայրում։
Մարինեն աշխատում էր գյուղի ձեթի գործարանում որպես մեքենավար, ամուսինը՝ շինանյութի խանութում։ Քանի որ այդ ժամանակ Արցախն Ադրբեջանի կողմից շրջափակված էր, հումք չէր մտնում ձեթի գործարան, բայց 4 հոգով հերթափոխով գնում էին, գործարանի դռները բացում, մի քանի ժամ այնտեղ մնում ու տուն վերադառնում։
Սեպտեմբերի 19-ի կեսօրին Մարինեն ու ընկերուհին պատրաստվում էին ճաշել աշխատավայրում, երբ լսեցին առաջին արկի պայթյունի ձայնը։ «Ասեցի՝ վայ, խոխեքս»,- հիշում է արցախցի կինը։ Առաջին պայթյունից հետո արդեն դժվար էր հաշվել ռումբերի ու արկերի քանակը։
Սոնան սովորում էր հարեւան Կարմիր Շուկա գյուղի դպրոցում։
- Չեմ կարա մոռանամ պատերազմը։ Որ կռիվը պիտի սկսվեր, մեզ ասեցին՝ սովորականի նման համար մեկ են տվել,- հիշում է 14-ամյա աղջիկը։
- Սոն, իսկ ի՞նչ ա համար մեկը,- հարցնում եմ։
- Չգիտեմ, դեպքեր են լինում՝ նավսյակի համար մեկ են տալիս, որ պոստում լինեն, սենց ասեմ։ Մենք սովորել էինք, որ միշտ համար մեկ են տալիս։ Բայց էդ օրը որ տվեցին համար մեկը, բոլորն անհանգիստ էին, մի երեխա լացեց, դրանից հետո ես էլ սկսեցի լացել, որովհետեւ արդեն շատ էի վախենում։ Ինձ հանգստացնում էին, որ ամեն ինչ լավ ա, ես էլ հանգստացա էդ պահին։ Տուն գնալու ճանապարհին էինք, արդեն տուն էինք հասնում, մի ձեն եկավ, ասեցի՝ երեխեք, ժեշտ ա ընկնում, հանգիստ եղեք, ընդամենը ժեշտ ա ընկել, եթե մինչ էդ իրենք էին ինձ հանգստացնում, հիմա ես էի իրենց հանգստացնում,- պատմում է Սոնան։
Լիլիթը սուրճի սպիտակ բաժակներով սուրճ է բերում։ Մենք կլանված լսում ենք Սոնային։ Նա այնպես սահուն է պատմում կատարվածը, կարծես, անգիր արած լինի։ Մայրն ասում է՝ Սոնան այնքան մասնագետների է պատմել իր հետ կատարվածը, որ, ասես, անգիր արածի պես է պատմում։
«Ախպերս դարպասի դուռը բացել էր, սումկեն գցել ներս ու վազելով եկավ իմ հետեւից, որովհետեւ գիտեր, որ դպրոցից լացելով գալիս էինք։ Ախպորս ոտքը մի քիչ վնասվել էր, բայց արդեն ապաքինվում էր, շատ ուժեղ վազելով եկավ ու ինձ հանգստացնում էր։ Ասում էր՝ մի անհանգստացիր, ամեն ինչ լավ կլինի։ Սկզբից չէի հավատում էդ ամեն ինչին։ Գնացինք տան նկուղ, անօդաչու թռչող սարքերի ձայն էի լսում։ Էդ ձայնը 2020թ․ պատերազմից գիտեի, չէի մոռացել։ Հետո լույսերն անջատեցին, կապն անջատվեց, պապան եկավ, չգիտեմ էլ ոնց հասավ, տատին էլ եկավ մեզ մոտ։ Պապան ասեց՝ պիտի գնանք իր հորեղբոր տղայի տուն, որը նոր սարքած, պինդ տուն էր։ Գյուղում շատերը եկել էին էդտեղ»,- վերհիշում է Սոնան, ու մենք առանց ընդհատելու լսում ենք նրան։ Աշխատանքի վայրից Մարինեն էլ ուղիղ գնացել էր ամուսնու հորեղբոր տղայի տուն, որտեղ արդեն տեղափոխվել էր ընտանիքը։
Գիշերը բոլորով այդտեղ էին մնացել։ «Սոնան ամեն մի ձայնից գոռում էր գիշերը։ Միշտ ասում էի՝ Սոնան շաքար ա ստանալու վախից»,- ասում է մայրը։
Սեպտեմբերի 20-ի առավոտյան հարեւանը հայտնել էր, որ Սարուշենը գրավված է. դեպի Ստեփանակերտ հիմնական ճանապարհն այս գյուղով էր անցնում։ Սոնան այս գույժը լսել էր, բայց չէր ուզում տնեցիներին ցույց տալ, որ գիտի այդ մասին։ Ասում է՝ փորձում էր խուճապի չմատնվել։ «Ուզում էի լացեի, որ լացում եմ, հանգստանում եմ, դրա համար միշտ որ վատ եմ լինում, ուզում եմ լացեմ, որ հանգստանամ։ Գնացի պապայիս մոտ, ասեցի՝ ի՞նչ ա եղել, չէր ուզում ասեր, որ վատ բան ա եղել, որ ավելի շատ չվախենանանք, ասեց՝ աննկատ, արագ դուրս ենք գալիս, որովհետեւ էստեղ վտանգավոր ա մնալը, ամեն վայրկյան թուրքերը կարող են մտնել գյուղ»,- հիշում է Սոնան։ Այդ օրը ընտանիքով դուրս են եկել Թաղավարդից: Հասել էին Հերհեր գյուղի մոտ, երբ ադրբեջանցիներն սկսել էին կրակել մեքենաների վրա։ Այնուհետ գնացել էին Ծովատեղ, որտեղից երեք օր անց վերադարձել էին տուն՝ Թաղավարդ։
Արդեն զինադադար էր։ Մի քանի ընտանիք գյուղ էր վերադարձել։ Այդ գիշեր մնացել էին տանը։ Ու չգիտեին էլ, որ դա վերջին գիշերն է լինելու իրենց տանը։ Առավոտյան հոսանք չկար, Մարինեն վառել էր վառարանը, ջուր դրել վրան, որ լվացք անի։ Բայց լվացք այդպես էլ չհասցրեց անել։ Տեղահանության մասին լուրը հասել էր նաեւ նրանց։ Ժամանակը քիչ էր, հազիվ հասցրել էին հավաքել փաստաթղթերը, լուսանկարներն ու մի քանի ձեռք հագուստ։
Գազօջախին թեյնիկը եռում է։ Սեւ թեյի բույրը լցվում է սենյակում։
- Սոն, կարո՞ղ է պատմելուց հետո քեզ վատ զգաս, չխոսենք,- հարցնում եմ նրան։
- Չէ, որ պատմում եմ, հանգստանում եմ։
2024-ի սեպտեմբերի 2-ին Սոնան դպրոցում էր։ Բռնագաղթից հետո նա հաճախում է Մասիսի Սիս գյուղի դպրոց։ Այդ օրը դպրոցում սեպտեմբերմեկյան միջոցառում էր։ Սոնան թուլություն էր զգացել, ուշաթափվել։ Սկզբում մտածել էին, թե արեւից է։ «Կանգնած էինք, արեւն ընկել էր ուղիղ ինձ վրա, իմացանք, թե դրանից ա, հետո թուլացա, աչքերիս դեմը սկսեց սեւանալ։ Ընկերուհիս ասաց՝ արի քեզ նստեցնենք, վատ ես, ասեցի՝ չէ, վատ չեմ, լավ եմ։ Արդեն զգացի, որ թուլանում եմ, չեմ կարողանում ոտքերիս վրա կանգնել, ընկերուհիներիս ձեռքերից բռնեցի, գլուխս իջեցրի գետնին, որ չուշաթափվեմ։ Հետո տարան նստեցրին ինձ, բայց էդ պահը չեմ հիշում։ Դեմքս ջուր արեցին, որ կարողացա մի քիչ ուշքի գամ»,- պատմում է Սոնան։
«Կռվից հետո նկատեցինք, որ թուլություն կա երեխայի մոտ։ Ոչ թե ուշաթավում էր, այլ ընդհանուր թույլ էր»,- նկատում է մայրը։
Դեպքից հետո ծնողները Սոնային տարել են «Արաբկիր» մանկական հիվանդանոց, երեխան հետազոտվել է այնտեղ։ Որեւէ առողջական խնդիր չի արձանագրվել, մասնագետներն ասել են, որ ամեն ինչ լավ է։
2025թ. փետրվարի 6-ին, դասի ժամանակ, Սոնան կտրուկ վատացել էր, ուշաթափվել։ «Ես լսում էի, թե ինչ են խոսում, բայց չէի կարողանում խոսել։ Նաշադիրով ուշքի բերեցին, ոտքերս ու ձեռքերս ձգված էին, սիրտս սկսեց խառնել, տարան բուժկետ, սիստեմա միացրին։ 2 օր թույլ էի, դպրոց չէի գնում, հետո որ գնացի դպրոց, նորից հայտնվել էի վատ վիճակում՝ ուշաթափվեցի եւ արդեն չէի լսում ոչ մի ձայն։ Գրկած նորից բուժկետ էին տարել ինձ»,- ասում է 14-ամյա աղջիկը։
Մարինեն ուշադիր լսում է։ Ասում է՝ ինչ հետազոտություն ասես արել են, բայց ոչ մի առողջական խնդիր չի ախտորոշվել։ Չնայած դրան՝ Սոնայի վիճակն օրեցօր վատանում էր։
«Ցերեկները թույլ էր, չէր խոսում։ Ամեն օր գնալով վատանում էր։ Չէինք հասկանում՝ էլ ու՞մ դիմենք, ի՞նչ խնդիր կարող ա լինի։ Մի գիշեր էլ վեր կացավ, ասեց՝ շունչս չի հերիքում»,- պատմում է մայրը։ Սոնան շարունակում է մոր պատմածը․ «Էդ ժամանակ պատկերներ չէի տեսնում, բայց, ոնց որ մեկը խեղդեր ինձ ձեռքերով»,- նշում է նա։
«Որ ինձ պատմեին, կյանքում չէի հավատա, որ էդպիսի բան լինում ա, բայց ինչ տեսել եմ, թշնամուս երեխային էլ չեմ ցանկանա էդ ամեն ինչը, որ ապրել ենք»,- ավելացնում է Մարինեն։
Մեկ ամսից ավելի ամեն երեկո շտապօգնություն էին կանչում Սոնայի համար։ Մարինեն ասում է՝ դեպքի մասին արդեն ամբողջ Մասիսը գիտեր։
- Որ պառկում էի քնելու, պատկերներ էի տեսնում՝ սեւ էին ու կարմիր աչքերով։ Սատանա ա էլի, էսպես ասեմ,- ասում է Սոնան։
- Դպրոցում դռների խաղեր կան, կարո՞ղ ա փորձել եք խաղալ,- հետաքրքրվում եմ ես։
- Չէ, չեմ խաղացել, ոչ էլ տենց կինոներ եմ նայում։ Ուղղակի ինձ ուզում էին խեղդեին,-պատասխանում է Սոնան։
Մարինեն պատմում է, որ արցախցի ծանոթներից մեկը խորհուրդ էր տվել երեխային հոգեբանի մոտ տանել։ Սոնան սկսել էր հաճախել, հոգեբանը խորհուրդ էր տվել նաեւ եկեղեցի՝ պատարագին գնալ։
«Հոկտեմբերից նորից նույն պատկերներն սկսեցին գալ Սոնային։ Մենք պարզ լսում ենք, ու ինքն էլ է հիշում։ Ինքը որ խոսում է, մենք լսում ենք, ասում է՝ ձեզ ճանաչում եմ, դուք էն թուրքն եք, որ գալուց մեքենայի մեջ ստուգել եք»,- պատմում է մայրը, իսկ դուստրը շարունակում է․ «Հակարիի կամրջի մոտ իրենք սեւ հագուստով էին, մենակ աչքերն էին բաց ու զենքերով էին։ Հետո հասկացա, թե ովքեր են։ Մինչեւ հիմա էլ մի պատկեր է գալիս, իրեն տեսել եմ, բայց չեմ հիշում, թե որտեղ։ Նմանեցնում եմ էն թուրքին, որ կամրջի մոտ տեսել եմ»։
Սոնան սկզբից շատ էր վախենում գիշերվա մղձավանջային պատկերները տեսնելիս, բայց հոգեբանի հետ զրույցներից հետո փոխվել է։ Ասում է՝ այնպես չէ, որ էլ չի վախենում, բայց հիմա կարողանում է պատասխանել նրանց, իսկ նախկինում կարող էր ուղղակի գոռալ ու լացել։
«Հոգեբաններն ասում են, որ պատերազմի հետեւանքն է։ Նույնիսկ ասում են, որ երեխան կարող է չի զգում, բայց իրեն հիշեցնում է տեսածը»,- ասում է Մարինեն։
«Դպրոցի աղմուկն է վրաս ազդում։ Որ պատերազմն սկսվեց, ես դպրոցում էի ու որ հիմա դպրոց եմ գնում, ինձ մոտ էդ վատ հիշողություններն են արթնանում, ականջներումս ձայներ են լսվում՝ տղամարդու հաստ ձենով իրենք ինձ ասում են, որ քեզ կսպանենք, չենք թողնի, որ դպրոց գնաս, սովորես, անգրագետ ես մնալու, ծնողներիդ ենք սպանելու, տենց տարբեր բաներ են ասում։ Ես ցույց եմ տալիս, որ չեմ վախենում, բայց վախեցած եմ լինում։ Էնօրն ուզում էի դաս կարդալ, էդ ընթացքում խոսեցին, ընկերուհիս կողքս նստած հասկացավ, վերցրեց ու շարունակեց կարդալ»,- պատմում է Սոնան։ Մարինեն ասում է՝ դպրոցում հոգատար են դստեր նկատմամբ։
Երբ դպրոցում շչակներ են փորձարկվում, երեխաներին զգուշացնում են, որ չվախենան։ Սոնան ասում է՝ չնայած դրան, երբ ազդանշանը միանում է, ինքը դարձյալ վերապրում է պատերազմի օրերը։
Բռնագաղթից երկու տարի անց 14-ամյա աղջիկը հիշում է պատերազմը։ «Երբ գլուխս բարձին եմ դնում, ներշնչում եմ, որ ոչ մի բան չկա, մտածում եմ, որ եթե գան, ինչ պիտի ասեմ իրենց։ Հասկանում եմ, որ պետք է աշխատեմ ինձ վրա, որ էդ պատկերներն էլ չգան»,- ասում է Սոնան։
Նուրբ դիմագծերով աղջկա դեմքին մեր զրույցի ժամանակ ժպիտ գրեթե չի հայտնվում: Փոխարենն այդ նուրբ դիմագծերին միախառնվել են պատերազմի ծանր հիշողությունները։ Ռումբերի ու արկերի պայթյունները, բռնագաղթի ճանապարհը, Հակարիի կամրջի մոտ զինված ադրբեջանցիներին տեսնելը Սոնային պատճառել են ոչ միայն հոգեբանական, այլեւ ֆիզիկական ցավ։ Երեխան հիմա փորձում է հաղթահարել պատերազմից հետո առաջացած դժվարությունները։ «Արցախից դուրս գալուց հետո պապաս ասեց՝ վերջին անգամ նայեք․․․ Էդ էնքան ծանր էր, չէի ուզում հավատալ»,- շարունակում է Սոնան։
Պատից կախված է Արցախից բերված ժամացույցը՝ արցախցի տատիկ-պապիկի պատկերով։ Զրույցի ընթացքում մերթընդմերթ նայում ենք այդ կողմ։ Սոնան ասում է՝ ինչքան էլ ժամանակն անցնի, իր երազանքը միշտ նույնն է մնալու՝ տուն գնալը։
Մեր զրույցի վերջում Մարինեն ասում է, որ Լիլիթը Մարտունուց դուրս գալուց մի հող էր վերցրել իր հետ։ Այն մասունքի պես են պահում այժմ։
Բռնագաղթն ազդել է երեխաների խոսքի, քնի վրա
2023թ․ աշնանը բռնագաղթած արցախցիների հոգեկան առողջությանն ուղղված ծրագիր է սկսել Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիան, որը Մասիսում սոցիալ-հոգեբանական կենտրոն է հիմնել։ Այս մասին արդեն գրել ենք։ Կենտրոնի համակարգող Զառա Պետրոսյանը, որը եւս Արցախի Մարտունու շրջանից է, դեռ ամռանը «Հետքի» հետ զրույցում ներկայացրել էր պատերազմի հետեւանքները արցախցի երեխաների հոգեկան առողջության վրա՝ նշելով, որ պատերազմն ազդել է նրանց խոսքի ու քնի վրա։ «Շահառու ունենք, որի երեխաները պատերազմից հետո չեն կարողանում քնել։ Մշտապես շտապօգնություն են կանչում։ Ահավոր վիճակ է՝ երեխաները կակազում են, ուշաթավում։ Լոգոպեդի եւ հոգեբանի աշխատանքից հետո հասկացանք, որ այդ միջամտությունը շատ կարեւոր է»,- «Հետքին» պատմել էր Պետրոսյանը։
Արցախցիների կարիքները պարզելու համար ստեղծվել էր «Առաջնային կարիքի հաշվառման հարթակը»։ 2023 թ․ սեպտեմբերի 24-ից մինչեւ դեկտեմբերի 31-ը հարթակում գրանցվել էր 100․717 դիմում։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) «Հետքին» հայտնել էր, որ դրանք հիմնականում վերաբերել են սննդին, հագուստին, կոշիկին, աջակցող միջոցներին (պրոթեզաօրթոպեդիկ պարագաներ), հիգենիայի պարագաներին, անկողնային ու կենցաղային, դեղորայքային, դպրոցական պարագաներին, հոգեբանական աջակցությանն ու խնամքին։
Հարցին, թե ներկայացված կարիքների շրջանակներում ԱՍՀՆ-ն ինչ աջակցություն է ցուցաբերել արցախցիներին, գերատեսչությունից պատասխանել են, որ տրամադրված աջակցությունը ներառել է բնաիրային եւ աջակցող միջոցներ, որոնք հատկացվել են համայնքների եւ ՀԿ-ների հետ համագործակցությամբ, ուստի, տրամադրված աջակցության վերաբերյալ ամբողջացված տեղեկատվություն չի վարվել։
Արցախցիներին ուղղված հոգեբանական աջակցման ծրագրերը կրճատվում են
Բռնագաղթից երկու տարի անց արցախցիներին ուղղված առանձին ծրագրերը կրճատվում են։
Այս նյութը հրապարակելուց առաջ կրկին զրուցել ենք Մասիսում գործող սոցիալ-հոգեբանական կենտրոնի համակարգող Զառա Պետրոսյանի հետ։ Նա նշել է, որ դեկտեմբերից հետո անորոշ է՝ արդյոք կենտրոնն իր ամբողջ թափով կաշխատի, թե հաստիքների կրճատում կլինի։ Ըստ Զառայի՝ կենտրոնն, այնուամենայնիվ, շարունակելու է աջակցել 100-ից ավելի այն ընտանիքներին, որոնք սոցիալ-հոգեբանական ծանր իրավիճակում են հայտնվել ու աջակցության կարիք ունեն։
2024թ․ հետո ՅՈւՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ–ի մանկական հիմնադրամ) այլեւս ճգանաժամային իրավիճակի հաղթահարմանն ուղղված առանձին ծրագրերի չի աջակցում։ ՅՈւՆԻՍԵՖ-ի «Արդարադատության մատչելիություն» ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել է, որ ՅՈւՆԻՍԵՖ-ն արձագանքում է ոչ թե առանձին ծրագրերի տրամաբանությամբ, այլ արձագանքում է հումանիտար հայցին, որը 2024թ․–ին ավարտվել է։ «Երբեք հումանիտար աջակցությունը շարունակական չի կարող լինել»,- ասում է Վ․ Օհանյանը։
Վերջինս անդրադարձել է նաեւ սոցիալ-հոգեբանական կենտրոնների գործունեությանը։ Նրա դիտարկմամբ՝ արցախցիներն այդ կենտրոնների շահառուներ են այնքանով, որքանով որ խոցելի վիճակում են, այլ ոչ թե այն պատճառով, որ արցախցի են։ «Արցախցիներն այլեւս ինտեգրվում են եղած ծառայությունների տրամաբանության մեջ։ Շատ լավ է, որ մեր գործընկերները կարողացել են պահել այդ ծառայությունները, որովհետեւ բազմաթիվ դեպքեր գիտեմ, երբ կենտրոնները ստեղծվել են ու հետո փակվել, որովհետեւ ՅՈւՆԻՍԵՖ-ի ֆինանսավորումը վերջացել է։ Հիմա մենք այդ մոտեցումը չենք պաշտպանում եւ ինչ որ բացել ենք, փորձում ենք առավելագույս օգնել իրենց, որ ամրապնդեն»,- նշում է «Հետքի» զրուցակիցը։
Կան կենտրոններ, որոնք համագործակցում են համայնքների հետ, այդպիսով՝ կարողանում են շարունակել գործունեությունը։ «Այսինքն՝ հիմա եթե գնաք հետազոտելու, շատ քիչ քանակով արցախցի շահառուներ կգտնեք այդ բոլոր ծառայություններում, որովհետեւ դրանք ճգնաժամային արձագանքից անցում են կատարել դեպի կանոնավոր ծառայության վիճակի։ Սա չի նշանակում, որ արցախցիները դրա կարիքը չունեն։ Նրանք շատ ունեն դրա կարիքը եւ շարունակում են ունենալ, բայց պետությունը եղած ծառայությունների մեջ ստիպված է պահել արցախցի-տեղացի հավասարությունը, որովհետեւ որպես չափանիշ դրված է խոցելիությունը, այլ ոչ թե արցախցի կամ տեղացի լինելը»,- ասում է ՅՈւՆԻՍԵՖ–ի ներկայացուցիչը։
Այս ամիսներին Արարատի մարզում մեր հետազոտական աշխատանքը ցույց է տվել, որ բռնագաղթից երկու տարի անց արցախցիների հոգեբանական խնդիրները շատացել են, սակայն դրանց ուղղված աջակցության ծրագրերը կրճատվում են։
Լուսանկարները՝ Անյա Սարկիսովայի
Թաղավարդի տան լուսանկարը՝ ընտանեկան արխիվից
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել