HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կեանքը նորէն սկսիլ, ու նորէն ժպտիլ աղուոր յոյսերուն... Հայկանուշ Մառք (մաս 2)

սկիզբը

Ամէն կնոջ մէջ Մատամ Պովարի մը կա՞յ

«Այո՛, բարեկամս, չեմ կրնար ժխտել: ...Երազողի ճակատագիրը ա՛յդ է...: Գրեթէ ամէն կնոջ...ներքին ծալքերուն մէջ պահուըտած պզտիկ Էմմա Պովարի մը կայ, փառատենչ՝ որ կ’երազէ ըլլալ, ինչ որ չէ, կամ կ’երազէ իրեն բերել այն բոլորը՝ զոր կեանքը զլացած է ընծայել»: Իսկ Հայկանուշ Մառքի հոգում կա՞ր Ֆլոբերի ստեղծած այդ մադամը և իմաստասեր Ժյուլ դը Գոթիէի բնութագրած «Բովարիզ»ը: Կամ ՝գուցե նա բացառություն էր: Համենայնդեպս՝ նա չէր ապրում երևակայական աշխարհներում, չէր երազում անձնական սին փառքերի մասին: Արդեն պատանեկան տարիներից հստակ գիտեր իր անելիքը, ուներ սկզբունքներ: Եվ ապստամբ էր: Շատ կանանց նման նա չէր վախենում իր ապագայից, որովհետև, ինչպես բազում ուրիշներ, չէր կարծում, թե «իր ապագան պիտի ըլլայ այն՝ զոր իր ընկերը պիտի ուզէ»: Բայց դա չի նշանակում, թե փոքրիկ հաճույքները՝ «փնջիկ մը, անուշահոտութեան սրուակ մը, մտածում մը, գովք մը...», որ «կնոջ հոգիին կը պարգեւեն անսահման երանութիւն», խորթ էին իրեն: Ամենևին: Հայկանուշի բախտը սիրո և ամուսնության հարցում շատ էր բերել: Հանդիպել էր մտավորական մի տղամարդու, որ զմայլված էր իր տաղանդով և քաջությամբ: Վահան Թօշիկեանն էր՝ ծագումով Կեսարացի, հոգևորականի տոհմից: Գուցե դա էր պատճառը, որ շատ կրոնասեր մեկն էր: Փոքրակազմ, ցից բեխերով, այծի մորուքով, որի ակնոցի ետևից երևում էր նրա «ծաղրածուի հայեացքը»: Ցուրտ օրերին պլլվում էր իր լայնօձիք մուշտակի մեջ: Վահանին և Հայկանուշին իրարու բերեց գրականությունը: Հայկանուշը «Լոյս»ի և «Մանզումէի Էֆքեար»ի էջերին տպագրում էր իր ըմբոստ վիպակները, որոնք սպասված էին ընթերցասերների կողմից: Այդ շրջանին աշխատում էր Ազգային հիվանդանոցի որբանոցի բաժնում: «Շատեր որբանոց կու գային, Թովմաս Առաքեալին պէս, զիս անձամբ տեսնելու»: Նրանցից մեկը հենց վերոնշյալ թերթերի խմբագիր Վահան Թօշիկեանն էր, որ Հայկանուշի նոր ստեղծագործության ձեռագիրը խնդրելու պատրվակով, եկավ որբանոց: «Երկար յամեցաւ շուրջս, անվերջ խօսակցութեան մը բռնուած: Շանթի հարուածն էր երկուքիս համար ալ: Յաջորդ օրը, կ’ընդունէի սիրային առաջին նամակը կեանքիս»: Մինչ Հայկանուշը մտածում  էր՝ իսկ եթե  մայրը հանկարծ իմանա Վահանի դարպասումների մասին, որբանոցի պատասխանատուներից մեկը` «իբր ծեր-աղջիկ, որ զոհ էր եղեր իր դժուարահաճութեան», հանգստացրեց նրան, թե՝ «այդ բաները մայրերը ամէնէն վերջը կ’իմանան» եւ սկսեց Վահանի գովքն անել: Վահանը ոնց էր հաջողեցնում միշտ հայտնվել Հայկանուշի քայլած փողոցներով և նրբանցքներով: Այսպես՝ երեք ամիս անց նշանվեցին և իրարու քնքշորեն կոչեցին մեկը՝ «ֆանֆան» և մյուսը՝ «հօյհօյ»: Երբեմն վաղանցուկ գժտություններով, բայց հիմնականում միմյանց նկատմամբ խանդավառությամբ, հաշտ ընտանիք ստեղծեցին՝ ծնունդ տալով առաջին կնոջական հանդեսին՝«Ծաղիկ»ին, որի մասին մի քիչ արդեն պատմել ենք, բայց դեռ էլի ասելիք կա, որտեղ Հայկանուշը ստանձնեց գաղափարական և բովանդակային մասը, վարչական գործը իր ուսերի առավ ամուսինը: Դա 1905թվականն էր:

Սրճարանում .jpg (717 KB)

 Եւ սակայն անուրանալի տաղանդ մըն էր

«Ծաղիկ»ին աշխատակցելու առաջարկով, մի օր Հայկանուշը գնաց Զապել Եսայեանի տուն, մի օր էլ Գրիգոր Զոհրապի գրասենյակ: Բայց նախ՝ Զապելը: Նրան անձամբ չէր ճանաչում, բայց զմայլված էր ստեղծագործություններով: Տանը  ամուսնու՝ նկարիչ Տիգրան Եսայեանի յուղաներկերի հոտն էր, այսուայն կողմ՝ հատակին, պատերին նրա աշխատանքներն էին: Զապելը «գրեթէ երգող ձայնով մը բարեւեց...» Հայկանուշին: Հետո «...անմիջապէս խորունկ աման մը լեցուն ծխախոտ առաւ գիրկը, դեղնած մատներովը պլորեց հաստ հատ մը, վերին մասը թուքով փակցուց, իսկ վարի մասէն թուղթէն չոր ծայրիկ մը դրօշակի պէս բաց թողած՝ ինծի երկարեց»: Հայկանուշը քաղաքավարի մերժեց՝ ասելով թե չի ծխում և ներկայացրեց իր այցելության նպատակը: Զապելը խոստացավ աշխատակցել, բայց ավելի ուշ, երբ հայրը, որ շատ վատառողջ էր, կապաքինվեր: Սակայն Հայկանուշին անակնկալի բերեց Զապելի ակնարկը հոնորարի մասին. բայց չէ որ «Ծաղիկ»ը «...կը հիմնուէր ...իտէալի մը համար...»՝ ներքուստ մի քիչ նեղվեց նա: Բայց ինչ էլ լիներ՝ Զապելը  «անուրանալի տաղանդ մըն էր»:  

Զոհրապի չափչփող հայացքի տակ

Մի հետաքրքիր մտահղացում ուներ՝ թողարկել ամբողջությամբ տղամարդ հեղինակների կողմից կազմված «Ծաղիկ»ի բացառիկ մի համար: Շատերը սիրով համաձայնեցին: Եվ ահա՝ Գր. Զոհրապից էլ հոդվածի սպասումով, գնաց Ղալաթիա, որտեղ գրասենյակն էր: Հայկանուշը, հատուկ այդ առիթով, այցեքարտ տպագրեց, իր կյանքի առաջին և վերջին այցեքարտը: Քարտուղարից իմանալով հյուրի մասին՝ Զոհրապը երկար սպասեցնել չտվեց: «Հոդ, նորավէպի իշխանը՝ իր հասունութեան եւ գեղեցկութեան կատարեալ լրումին մէջ, ընդունեց զիս յոտնկայս, չափչփող ակնարկ մը սահեցնելով վրաս:...Եւ երբ գրասենեակէն դուրս ելայ, միտքի, խօսքի, շարժուձեւի ներուժ այդ ճնշող հսկային քովէն, քրտինքներով ողողուած էի: Զօհրապ՝ կնամեծար եւ հաճելի էր արդարեւ, բայց ես ինքզինքս չափազանց պզտիկ զգացի իր մեծութեան դէմ, պարզապէս ճնշուած»: Նախ՝ Զոհրապը սրտանց շնորհավորել էր Հայկանուշին իր խիզախումի համար, և ասել էր, որ «շատ հաճոյք պիտի զգար «Ծաղիկ»ի սալօնին մէջ ըլլալով, բայց այդ միջոցին պարտաւորուած էր ծածուկ մնալու գրական, հասարակական ամէն մարզէն»: Հայկանուշը կռահել էր, թե Զոհրապի անձը իշխանությունների համար այդ շրջանին «կասկածելի կը նկատուէր»:

Հայկանուշ Մառք.jpg (1.33 MB)

 

 «Կիներու տէքօլթէն» ներից մինչև սահմանադրություն

Ինչևէ՝ «Ծաղիկը» 2 տարեկան էր, երբ ամուսիններն առաջարկ ստացան մեկնել Զմյուռնիա՝ խմբագրելու «Արշալոյս» և «Արձագանք» թերթերը՝ դրանց էջերին առանձին սյունակ բացելով կանանց համար: Ի տարբերություն Պոլսի, Զմյուռնիան Հայկանուշին ավելի ազատ թվաց: «...սինէման, ինքնաշարժը, կիներու տէքօլթէն հոն տեսանք առաջին անգամ»: Ճիշտ է՝ տեղի հայությունը տարօրինակ «յունական հայերէն մը կը խօսէր», որից գլուխ հանելը շատ բարդ էր: Վահանը և Հայկանուշը օսմանյան սահմանադրությունը ողջունեցին Զմյուռնիայի մեջ՝ շատերի պես հավատալով, շատերի պես խաբվելով գեղեցիկ բառերին և խոստումներին: «Յոյսի, լոյսի պայծառութիւններ կը շողշողային»: Ինչևէ, ժամանակն էր Պոլիս դառնալու: Քաղաքական փոփոխությունը նպաստել էր, որ Պոլսում վերաբացվեն Դպրոցասէր Տիկնանց ընկերութիւնը, Միացեալ ընկերութիւնը, Հայ Տիկնանց միութիւնը և կանանց այլ կազմակերպություններ: Եվ հատկապես «Ազգանուէր հայուհեաց ընկերութիւն»ը, որի գլուխ կանգնած էր հանրային մեծ հարգանք վայելող Զապել Խանջեան-Ասատուրը՝ նույն ինքը Սիպիլը: Հայկանուշը հազիվ էր ոտք դրել Պոլիս, երբ ստացավ իր նախկին ուսուցչուհու հրավերը՝ դառնալու այս կարևոր կազմակերպության անդամը՝ միասին ջանալու աղջիկների համար դպրոցներ բացել՝ ըլլայ Պոլսոյ մեջ, կամ գավառի: Մառքը վկայում է, որ «Ազգանուէր»ին իր ծառայությունը կյանքի ամենից հաճելի շրջանն էր: Պոլսի հայտնի և սիրված  ուսուցչուհիներից  շատերը թողեցին իրենց փափուկ կյանքը քաղաքում և մեկնեցին Մուշ, Զեյթուն և Հայաստանի տարբեր շրջաններ՝ աղջիկներին կրթելու համար: Առաքելության անխափան իրականցման համար կազմակերպվում էին հանգանակություններ, հանդեսներ: Բերայում հիմնված «Արուեստանոց»ը դարձավ կանանց ձեռներեցության խթանման մի հաստատություն: Նույնը նաև՝ «Մեղու»ն, որտեղ շնորհալի կանայք պատրաստում էին զուտ տան արդուզարդի, կահավորումի համար գեղեցիկ ձեռագործներ և վաճառքի էին հանում հատկապես տարեկան տոնավաճառներին և նյութապես ապահովում աշխատող կանանց: Իսկ աղքատախնամ հաստատություններում և որբանոցներում տղամարդկանց կողքին ևս ամբողջ նվիրումով աշխատում էին հայուհիները:

Օրօրոցէն մինչեւ խոհանոց» եւ ավելին

«Ի՞նչ ասել է կին» հարցին, Հ. Մառքը ուներ իր  պատասխանը. «Պուտ մը արցունք, պո՛ւտ մը ժպիտ, պո՛ւտ մը գորով, պո՛ւտ մը սէր, եւ անսահմա՜ն անձնուիրութիւն: Ահա՛ կինը»: Համոզված էր նաև, որ թեև ընդունված է համարել, թե կնոջ դերը սահմանափակվում է օրորոցից խոհանոց ընկած «երթուղով», իրականում,  բնական իր կոչումով, կինը պետ է: Նրան բաժին է հասել կառավարելու մի շատ դժվար «պետություն»՝ ընտանիք: Եվ ուրեմն՝ այդ պետ-կինը առաքինությունների մի ամբողջ փունջ պետք է ունենա, իր պարտավորությունները լավագույնս կատարելու համար. բարոյական կորով, ընդհանուր զարգացում, կամք, վճռականություն, համբերություն, հանդուրժելու և պաղարյուն մնալու կարողություն: Նա է, որ ապահովում է արդարությունը և ճշմարտությունը տան մեջ, որպեսզի «... բոլոր անդամները համոզուած ըլլան իրենց իրաւունքներուն պաշտպանութեան»: Անվերջ բացատրում էր, թե  կինը և տղամարդը ի բնե չեն կարող հավասար լինել ոչ մարմնական, ոչ հուզական և ոչ որևէ այլ առումով, բացի իրավունքից, և որ «իմաստութիւն մը կայ սեռերուն զանազանութեան մէջ...: Անոնք իրենց էութեան մէջ խորքով կը տարբերին, զգացողութեամբ նոյնը չեն, մտածողութեամբ նոյնպէս: ...Մարմնոյն ճարտարապետութենէն չի բաժնուիր հոգեկան կիրքը: Երկու տարբեր կենսական լծակներով կառավարուած մարմիններ, կը տարբերին իրենց ֆիզիքական եւ հոգեբանական տառապանքներով»:

 Երազների փլուզումը

Հայկանուշը ամուսնու՝ Վ. Թօշիկեանի հետ.jpg (547 KB)

Հայկանուշը ամուսնու՝ Վ. Թօշիկեանի հետ

Նոր, առանձին կանանց հանդես ունենալու միտքը հանգիստ չէր տալիս Ազգանուէր հայուհեաց ընկերութեան հիմադիր Սիպիլին և ընդհանրապես Կանանց միութեան  լիգայի անդմաներին, բայց ամենից շատ՝ Հայկանուշ Մառքին: Լեցուն հարցեր կային, որոնք պարբերական լուսաբանման կարիք ունեին: Եվ կարծես պահն էլ բարենպաստ էր: Բայց Սահմանադրության բերած խանդավառությունը շուտով վերափոխվեց մեծ տագնապի: Վրա հասավ 1915-ը: Վ. Թօշիկեանին՝ Հայկանուշի ամուսնուն մատնությամբ ձերբակալեցին: «Խե՜ղճ Վահան...մխիթարուէ՛. Հայկանուշ մը ունիս անդին, իր արցունքներուն մէջ՝ փրկութեա՛նդ համար վազվզող»,-գրեց նույն բանտախցի կալանավոր Թէոդիկը իր «Բանտի եւ աքսորի տարիներ» փաստագրությունում: Ամենևին  հանդես հրատարակելու ժամանակը չէր: Եվ կգար արդյոք այդ ժամանակը: 

(շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter