HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանում այլեւս չեն լինի գիտությունների թեկնածուներ․ միանգամից կշնորհվի դոկտորի գիտական աստիճան

2026 թվականից Հայաստանն անցնելու է գիտական աստիճանաշնորհման միաստիճան համակարգի, ինչը նշանակում է, որ այլեւս չեն լինելու գիտությունների թեկնածուներ, փոխարենը միանգամից շնորհվելու է դոկտորի գիտական աստիճան:

«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին նոր օրենքի համաձայն՝ ՀՀ-ում բարձրագույն կրթությունն իրականացվում է իրար հաջորդող երեք կրթական մակարդակում: Առաջին մակարդակի ավարտին անձին շնորհվում է բակալավրի որակավորում, երկրորդի ավարտին՝ մագիստրոսի որակավորում: Երրորդ մակարդակում ուսումնառությունը եւ հետազոտական աշխատանքը ամփոփվում են դոկտորական ատենախոսության պաշտպանությամբ, որի դրական արդյունքով անձին շնորհվում է դոկտորի գիտական աստիճան՝ ՀՀ բարձրագույն կրթության մասնագիտությունների եւ որակավորումների ցանկի մասնագիտություններով:

Այսինքն՝ եթե մինչ այս ասպիրանտներն ու հայցորդները (ասպիրանտուրայում չսովորողները) ատենախոսություն էին պատրաստում՝ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ստանալու համար, ապա հիմա ատենախոսությունը հաջող պաշտպանելու դեպքում տրվելու է ոչ թե գիտությունների թեկնածուի, այլ դոկտորի գիտական աստիճան:

Ըստ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանի՝ այս փոփոխությունը թույլ է տվել բարձրագույն կրթության երրորդ մակարդակը համապատասխանեցնել միջազգային ներկա պահանջներին, ինչպես նաեւ օրենսդրական հիմքեր ձեւավորել առ այն, որ գիտական աստիճանի շնորհումը դիտարկվի որպես բարձրագույն կրթության մաս: Բանն այն է, որ բակալավրն ու մագիստրոսը համարվում են կրթական աստիճաններ, բայց նոր օրենքով դոկտորի գիտական աստիճանը եւս կապակցվել է բարձրագույն կրթության հետ: «Մասնավորապես, օրենքով սահմանվել է «դոկտորի որակավորում» հասկացությունը՝ որպես գիտական աստիճան, որը հավաստում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի կրթական ծրագրի ուսումնառության ավարտը, ներառյալ՝ դոկտորական ատենախոսության պաշտպանությունը»,- ասում է Հայոցյանը։

Բարձրագույն կրթության մասնագիտությունների եւ դրանց դասիչների ցանկերը, ներառյալ՝ երրորդ մակարդակի, դրանց ուսուցման ձեւերը եւ դրանց համապատասխան տրվող որակավորումների ցանկերը հաստատելու իրավասությունը վերապահված է ՀՀ կառավարությանը։

«Միաժամանակ, բարձրագույն կրթության երկրորդ եւ երրորդ մակարդակներում ընդունելության կարգը սահմանելու է բուհի ակադեմիական խորհուրդը` ելնելով տվյալ մասնագիտության համար անհրաժեշտ մուտքային որակավորման պահանջներից, ինչպես նաեւ մասնագիտությունների կամ համապատասխան ակադեմիական մոդուլների եւ անհրաժեշտ կրեդիտների շրջանակից, որոնք նկարագրվում են նաեւ կրթական ծրագրի լիցենզավորման փաստաթղթերում»,- «Հետքին» փոխանցել է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահը։

Ինչպես ասվեց, բարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսումնառությունը նոր ձեւաչափով կազմակերպվելու է 2026-ից: Իսկ բոլոր նրանց համար, ովքեր գիտությունների թեկնածուի կամ դոկտորի աստիճան ստանալու համար ընդունվել են ասպիրանտուրա, դոկտորանտուրա կամ էլ ձեւակերպվել են հայցորդ «Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ, գիտական աստիճանի շնորհման գործընթացը կիրականացվի «Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» 2000 թ. օրենքի դրույթների հիման վրա:

«Բարձրագույն կրթության եւ գիտության» մասին օրենքն ուժի մեջ մտնելու պահից՝ հոկտեմբերի 20-ից, գիտությունների թեկնածուի եւ գիտությունների դոկտորի գիտական աստիճանները հավասարեցվել են այս նոր օրենքին համապատասխան շնորհված դոկտորի գիտական աստիճանին: Այսինքն՝ գիտությունների թեկնածուները ճանաչվում են իբրեւ դոկտորներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter