HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աղավնաձորի  նախկին ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ

Պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման մեջ մեղադրվող Աղավնաձորի  նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան։ Այս մասին հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2005-2017 թվականներին Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր հետ փոխկապակցված անձի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական դիրքը և դրանով պայմանավորված ազդեցությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանք, ինչպես նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը:

Մասնավորապես` պարզվել է, որ Աղավնաձոր համայնքի  նախկին ղեկավարը պաշտոնեական դիրքի չարաշահմամբ 2011 թվականին կազմակերպել է 17․440․000 ՀՀ դրամ շուկայական արժեքով, համայնքային սեփականություն հանդիսացող 5․0 հա մակերեսով հողամասի ձևական աճուրդ, որում ներգրավել է իր հետ փոխկապակցված անձին՝ այդ կերպ խախտելով «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված օրենսդրական արգելքը: Արդյունքում՝ հողամասն օտարվել է նշված անձին, իսկ դրա նկատմամբ սեփականության իրավունքը հետագայում ձևական առուվաճառքի պայմանագրով փոխանցվել է համայնքի ղեկավարի կնոջը։

Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (համապատասխանում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետին և 296-րդ հոդվածի 3-րդ մասի  2-րդ և 3-րդ կետերին): Մեղադրանք է ներկայացվել նաև համայնքի ղեկավարին օժանդակած անձին։ 

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter