«Պարիր, թե կարող ես». վտանգավոր բաժանորդագրություն
Հոդվածը կարդալուց առաջ հորդորում ենք չսեղմել ակտիվ հղման վրա։ Կայքը կարող է նույնականացնել ձեր հեռախոսահամարը, եթե շարժական ինտերնետով եք մուտք գործել։
Teachdance.am կայքն Աշոտ Մատինյանի հեռախոսային հաշվից, առանց նրա բաժանորդագրության, օրական 75 դրամ է գանձել։ 2025 թվականի մարտի 23-ից սկսած՝ նրա հեռախոսային հաշվից գանձվել է մոտ 18.000 դրամ, որը նկատել է միայն յոթ-ութ ամիս անց, պատահաբար, երբ այլ հարցով դիմել է օպերատորին՝ «Յուքոմին»։ Պարզվել է՝ Աշոտը ծառայությանը բաժանորդագրված է մարտից, եւ իր հաշվից օրական գանձումներ են կատարվել, սակայն նա տեղյակ չի եղել։ Ասում է՝ այդ կայքին անգամ ծանոթ չի եղել և երբևէ չի փորձել մուտք գործել։
Կայքը նախատեսված է պարի ուսուցման համար՝ տեսանյութերի միջոցով։ Ցանկացած պատուհան բացվում է միայն բաժանորդագրվելուց հետո, որի համար կան հստակ քայլեր։ Համապատասխան բաժնում գրում ես հեռախոսահամարդ, կոդ ստանում և բաժանորդագրվում: Աշոտ Մատինյանը պնդում է, որ ո՛չ հեռախոսահամարն է մուտքագրել, ո՛չ էլ կոդ է ստացել։
Teachdance.am կայքի ներքևի հատվածում կա նման հաղորդագրություն։
Կայքն առաջին հայացքից էլ վստահություն չի ներշնչում. այստեղ տեղեկություն չկա գործունեության և նպատակների մասին, չկան կոնտակտային տվյալներ, գործունեության հասցե և այլն։ Կայքի բովանդակությունը ևս տարօրինակ է, քերականական բազմաթիվ սխալներ կան, անհեթեթ վերնագրեր՝ «2 թույն հիփ հոփ հիմնական շարժում», «մեկուսացում: Պարանոց և կրծքավանդակ», «Խենթ ոտքեր», «գելիկ» և այլն։
Այս կայքը պատկանում է «Տելեկոմ Կլուբ» ՍՊԸ-ին, համագործակցում է հեռահաղորդակցության ոլորտի՝ աշխարհի տարբեր օպերատորների հետ: Այն ռուսական կազմակերպություն է, գրանցված է Մոսկվայում, զբաղվում է թվային բովանդակության վաճառքով։
«Յուքոմ» ընկերությունից պարզաբանում խնդրեցինք տվյալ կայքի հետ համագործակցության եւ բաժանորդների բողոքների մասին։ Պատասխանեցին, որ «Teach dance»-ի հետ համագործակցում են 2022 թվականից, իսկ բաժանորդագրման կարգը մանրամասն նկարագրված է Ucom-ի կայքում։
«Հնարավոր է, որ շարժական ինտերնետով համակարգը նույնականացնի հեռախոսահամարը, և այն ձեռքով մուտքագրելու կարիք չլինի։ Բայց ծառայությունը չի ակտիվանում, բացվում է տեղեկացնող պատուհան, որին սեղմելով՝ բացվում է հաջորդ պատուհանը, որը պարունակում է «Այո» և «Ոչ» տարբերակները և բաժանորդագրման մանրամասները, այդ թվում` ծառայության արժեքի մասին տեղեկություն»,- ասված է ընկերության պատասխանում։
Կայքը ուսումնասիրելուց մի քանի օր անց ես նույնպես հաղորդագրություն ստացա, որ բաժանորդագրվել եմ նման մի ծառայության, այն դեպքում, երբ չեմ մուտքագրել հեռախոսահամարս, չեմ ստացել որևէ կոդ, չեմ մուտքագրել այդ կոդը և չեմ պատասխանել՝ այո կամ ոչ։ Կայք մուտք եմ գործել հեռախոսով՝ շարժական ինտերնետային կապով։
Սակայն հավաքելով ապաակտիվացման կոդը՝ ծառայությունը չեղարկվեց։ Ես «Թիմ տելեկոմ Արմենիայի» բաժանորդ եմ։ «Թիմ տելեկոմն» այս տարվա հուլիսից համագործակցում է dancestudio կայքի հետ, որն ունի նույն բովանդակությունը, ինչ teachdance.am-ը։ Ընկերության փոխանցմամբ՝ սակավաթիվ բողոքներ են ստացել և դրանց հիման վրա, «Թիմ տելեկոմի» պահանջով, կայքում որոշ փոփոխություններ են արվել։ Օրինակ՝ բաժանորդագրման մեջ «այո» և «ոչ» պատասխանների չափերը դարձել են հավասար, գովազդի մեջ բաժանորդագրման գինը դարձել է ավելի տեսանելի։ «Թիմ տելեկոմը» տուժած բաժանորդների բողոքներն ուսումնասիրում է և հաճախ փոխհատուցում։
2023 թ. հունվարից այս կայքի հետ համագործակցում է նաև «Վիվա Արմենիա» ընկերությունը։ Այս դեպքում կայքը կոչվում է school dance, սակայն բովանդակությունը ամբողջությամբ նույնն է։ Կայքում կիրառվող տեխնոլոգիան հնարավորություն է տալիս բաժանորդին ավտոմատ նույնականացնելու: «Տեխնոլոգիան հնարավորություն է տալիս կայքին ավտոմատ ճանաչել օգտատիրոջ հեռախոսահամարը, երբ նա կայք է մուտք գործում բջջային ինտերնետի միջոցով: Ծառայության բաժանորդագրություն չի կարող իրականացվել առանց բաժանորդի համաձայնության. բաժանորդագրությունը հաստատելու համար բաժանորդը պետք սեղմի հաստատման կոճակը»,- «Հետքին» հայտնել է «Վիվա Արմենիա» ընկերությունը:
Բջջային կապի օպերատորներից յուրաքանչյուրի համար կայքն ունի հատուկ դիզայն, օգտագործվել են յուրաքանչյուրի ապրանքանիշին համապատասխան գույներ։
Օրինակ՝ «Յուքոմի» բաժանորդների համար օրական 75 դրամ է, մյուսների համար՝ 65, «Թիմ տելեկոմ»-ի համար նախատեսված կայքում կա հեռախոսահամար, մյուս երկուսի մոտ՝ չկա։ «Թիմ տելեկոմ»-ի կայքում առկա է համաձայնագիր, «Վիվայի» մոտ՝ օգտվողի կանոններ, որոնք բացակայում են «Յուքոմի» մոտ։
Թեև էջերի ձևավորումն ու ներկայացումը փոխվում են՝ համապատասխան օպերատորի կայքի դիզայնին ու ոճին համահունչ, սակայն բովանդակությունն անփոփոխ է։ Հիմա էլ կայքը շարունակում է ծառայություններ մատուցել բաժանորդներին՝ նրանց համաձայնությամբ կամ առանց դրա։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել