HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը դրական եզրակացություն է ստացել

Ազգային ժողովի մամուլի ծառայությունից հայտնում են «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագծի քննարկման մասին։

«Հայաստանի Հանրապետությունում ոչ վայրի կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները, բացառությամբ գյուղատնտեսական նշանակության, հստակ կարգավորումներ չունեն: Բաց է տնային, թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային եւ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված համալիր եւ ամբողջական կարգավորումների դաշտը: Այս մասին ասել է պատգամավոր Մերի Գալստյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ նոյեմբերի 26-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով իր եւ պատգամավոր Արուսյակ Մանավազյանի հեղինակած «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով:

Օրենքի նախագծով  սահմանվում են տարածքում տնային եւ թափառող, ծառայողական նշանակության, ցուցադրման, սպորտային կամ ժամանցային միջոցառումների համար օգտագործվող կենդանիների հետ կապված իրավահարաբերությունները:

Մերի Գալստյանի տեղեկացմամբ առաջարկվող կարգավորումները չեն տարածվելու  գյուղատնտեսական, որսի, ինչպես նաեւ մարդու կենսագործունեության վրա վնասակար ազդեցություն ունեցող կենդանիների  հետ կապված իրավահարաբերությունների վրա: Նշվել է, որ նախագծերի մշակման փուլում հեղինակներն  ուսումնասիրել են շուրջ 20 երկրի ոլորտային փորձը: Տեղի են ունեցել քննարկումներ Կենդանիների պաշտպանության հարցերով աշխատանքային խմբի անդամների,  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների, կենդանասերների, պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փաթեթի առանձին կարգավորումներ վերաբերում են թափառող կենդանիների, մասնավորապես` շների հետ կապված հիմնախնդրի լուծմանը: Մասնավորապես, նախատեսվում է 3 մարզկենտրոնում կառուցել կենդանիների կացարան` վայր, որտեղ կերակրվելու, բուժվելու կամ պահվելու են թափառող, կորած կամ լքված կենդանիները, ինչպես նաեւ  ժամանակավոր պահման եւ կերակրման հանձնված կենդանիները:

Պատասխանատվություն է նախատեսվում կենդանիներին լքելու համար:

Նախագծերի ընդունման եւ կիրակման արդյունքում ակնկալվում է նվազեցնել կենդանիների նկատմամբ դաժան եւ անպատասխանատու գործողությունները եւ ունենալ իրավական մեխանիզմներ, որոնք կապահովեն կենդանիների բարեկեցությունն ու պաշտպանվածությունը:

Մտքերի փոխանակության ընթացքում հեղինակները պատասխանել են պատգամավորների հարցերին:

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ներկայացրել է Կառավարության դրական կարծիքն օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ:

Գործադիր մարմինը ներկայացրել էր մի խումբ առաջարկներ, որոնք  հեղինակներն ընդունել են:

Օրենսդրական փաթեթին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել»- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter