Տարեցների խնամքի կազմակերպման համար գնված տներից մեկը 6 տարի անց դեռ անմխիթար վիճակում է
Տարեցների խնամքի ծառայությունների մատուցումը բարելավելու անհրաժեշտությունից ելնելով՝ Արմավիրի մարզում գնված 3 տները դեռևս չեն շահագործվում: Դրանցից երկուսում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։ Իսկ երրորդը՝ Մրգաստան գյուղի առանձնատունը, արդեն 6 տարի կիսաավեր վիճակում է, նոր-նոր նախագծային լուծումներ են առաջարկում։
Արմավիրի մարզի Մրգաստան, Ակնաշեն և Գեղակերտ գյուղերում գնված տները գրանցված են որպես Հայաստանի Հանրապետության սեփականություն և ամրացված են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը։
Համայնքային փոքր խմբային տներում նախատեսվում է տրամադրել շուրջօրյա խնամքի ծառայություններ հաշմանդամություն ունեցող՝ այդ թվում մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձանց համար։ Ծրագրի նպատակն է ոչ միայն ապահովել նրանց կացարանով, այլև սոցիալական և հոգեբանական աջակցության, զբաղվածության և այլ ծառայությունների միջոցով, նպաստել շահառուների սոցիալական ներառմանը և ինքնուրույն կյանքի հմտությունների զարգացմանը։
Ակնաշենի տունը շահագործման հանձնման ընթացքում է՝ մեկնարկել է «Urban» հարթակով շահագործման թույլտվության (ավարտական ակտի) ստացման գործընթացը։ Ակնաշենի տան շինարարական, բարեկարգման, կահավորման՝ գույք, սարքավորումներ, կահույք, ենթակառուցվածքների ստեղծման (ջրամատակարարում, գազիֆիկացում) հետ կապված աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են:
Շինարարական աշխատանքները կատարել է «Տոնոյան» ՍՊԸ-ն, ծախսվել է 73 մլն 143 հազ. դրամ՝ «Իզմիրլյան» հիմնադրամի ֆինանսավորմամբ:
Գեղակերտի տունը դեռևս չի շահագործվում: Իրականացվում են տան գազիֆիկացման, բարեկարգման ու գույքի գնման հետ կապված աշխատանքներ։ Գեղակերտի տան վերանորոգման աշխատանքներն իրականացվել են 3 փուլով՝ «Խլղաթյան Շին» ՍՊԸ-ի կողմից 2022թ., և պայմանագիրը լուծվել է պայմանագրային պարտավորությունները չկատարելու հիմքով, «Օմեգա Շին» ՍՊԸ-ի կողմից 2023թ. և «Ստարտ Պլյուս» ՍՊԸ-ի կողմից 2024-2025թթ. ընթացքում:
Շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալը՝ ներառյալ ջերմոցի կառուցումը, կազմել է 93 մլն 996 հազ. դրամ: Ֆինանսավորումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի և Նիդերլանդական «Avondglans» հիմնադրամի կողմից նվիրաբերությամբ հատկացված միջոցներով։
Գեղակերտի տան գազիֆիկացման, բարեկարգման ու գույքի գնման աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ՝ 2026թ. սկզբից դրամաշնորհային ծրագրի իրականացմամբ շահագործելու նպատակով։
Մրգաստանի տան նախագծային փոփոխությունների աշխատանքները գտնվում են ավարտական փուլում։ Նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմել է «Ճարտշին նախագիծ և դիզայն» ՍՊԸ-ն: Այդ նպատակով պետական բյուջեից հատկացվել է 1 մլն 800 հազ. դրամ։
Մրգաստանի տան շահագործումը կիրականացվի փոփոխված նախագծի հիման վրա՝ շինարարական աշխատանքների ավարտից հետո։
Արտաքինից շենքը գտնվում է վատ վիճակում՝ կոտրված են տան պատուհանները, վնասված են ապակիները, տեղ-տեղ վնասված է նաև տանիքը։ Երկհարկանի շենքի առաջին հարկի խոնավությունից թափվել է պատերի և առաստաղի գաջը։
Դրամաշնորհային մրցույթը հաղթող ունի
Ակնաշենի տան շահագործման նպատակով հայտարարվել էր համայնքահենք փոքր խմբային տներում հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամքի ծառայություների մատուցման դրամաշնորհային մրցույթ, որի հայտարարությունը հրապարակվել էր 2025թ. հոկտեմբերի 15-ին։ Հայտերի ներկայացման վերջնաժամկետը նույն ամսվա 30-ն էր: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը հայտնեց, որ մրցույթը կայացել է և հաղթող է ճանաչվել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը։
Ըստ հայտարարության՝ 2025թ. դրամական հատկացման բյուջեն կազմում է 5 մլն 748 հազ. դրամ, որը նախատեսված է 12 շահառուի համար: Նշված ֆինանսական միջոցները նախատեսված էին 2025թ. նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար: Սակայն, փաստացի տունը դեռ շահագործման հանձնված չէ, հետևաբար նոյեմբեր ամսին ծառայություն չի մատուցվել։
Այդ ժամանակահատվածից հետո՝ ֆինանսական հայտով բյուջետային հատկացումների պարագայում, ծառայության ժամկետները և ֆինանսական միջոցները կվերանայվեն համաձայնագրերի միջոցով: Նախատեսված է 2026 և 2027թ. համար հատկացնել տարեկան 31 մլն 98 հազ. դրամ:
Մրցույթը հայտարարվել է պայմանով, որ կնքվելիք պայմանագրով սահմանված կողմերի իրավունքները և պարտականությունները կգործեն այդ նպատակով ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև համաձայնագիր կնքելու օրվանից:
Փոքր տների «մեծ» պատմությունը
«Հետք»-ը դեռևս 2020թ. նյութ էր հրապարակել, վերը նշված փոքր տների գնման վերաբերյալ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ Արմավիրի մարզում ձեռք բերած 2 փոքր տների գնումն իրականացվել է «հրատապ մեկ անձից» գնման ընթացակարգերով։
2019թ. դեկտեմբերի 19-ին կնքված պայմանագրով Ակնաշեն գյուղի տունը և տնամերձ հողամասը ձեռք է բերվել 26 մլն 950 հազար դրամով, այսինքն՝ ընդամենը 50 հազար դրամ պակաս նախարարության առաջարկած առավելագույն գնից: Մատակարարը «Լեքսհաբ» ՍՊԸ-ն է: Պայմանագրի համաձայն՝ տան բնակելի տարածքը 282 քմ է, հողամասի մակերեսը՝ 870 քմ:
Նույն սկզբունքով «Լեքսհաբ» ՍՊԸ-ն նախարարությանը մատակարարել է Մրգաստան գյուղի 7-րդ փողոցի երկհարկանի տունը: Ըստ մատակարարման պայմանագրի՝ Մրգաստանի ծերերի խնամքի տունն ունի 370,9 քմ ընդհանուր մակերես, 1730 քմ մակերեսով հողատարածք: Առուվաճառքի պայմանագրով նախարարությունը տունն ու հողամասը գնել է 26 մլն 730 հազար դրամով՝ 270 հազար դրամով պակաս իր առաջարկած առավելագույն գնից:
«Լեքսհաբ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014թ․-ին, Մառլեն Սմբատյանի կողմից: Վերջինս իրավաբան է, մասնակցել է նաև դատավորների թեկնածուների ցուցակի համապատասխան մասնագիտացման բաժիններն արտահերթ համալրելու նպատակով անցկացված որակավորման գրավոր քննությանը:
2019թ․-ի մարտի 19-ին ընկերության 100% բաժնեմասի սեփականատեր է դարձել Պավել Թադևոսյանը: Նա նաև ընկերության տնօրենն է: Պավել Թադևոսյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի այդ ժամանակվա դատավոր Սիմիզար Հովսեփյանի որդին է:
Նշենք, որ մինչ այս պահը «Լեքսհաբ» ՍՊԸ-ն առաջին անգամ է մասնակցել պետական գնումներին, և դրանք վերը նշված երկու տներն են, որոնց պայմանագրային ընդհանուր գումարի չափը 53 մլն 680 հազար դրամ է:
Մեր հրապարակումից հետո է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզել, որ գնված տները բնակության համար պիտանի չեն և վերանորոգման կարիք ունեն:
Ինչ վերաբերում է Գեղակերտի տանը, ապա 2020թ. մայիսի 13-ին պայմանագիր է կնքվել անհատ ձեռնարկատեր Աննա Երիցյանի հետ, քանի որ նա է առաջարկել ամենացածր գինը՝ 15 մլն 974 հազար դրամ: Տունն ունի 386,4 քմ մակերես: Այս գյուղում ծրագրի իրականացումը հնարավոր է դարձել նախարարության և Ամստերդամում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ռոբ Զիկի գլխավորած «Avondglans» հիմնադրամի միջև կնքված պայմանագրի շնորհիվ, որի համաձայն՝ համայնքային փոքր տան կառուցման և կահավորման աշխատանքների իրականացման նպատակով հիմնադրամը 100.000 եվրո գումար է տրամադրել նախարարությանը:
«Հետք»-ի հրապարակումից հետո նախաձեռնվել էր քրեական վարույթ: Մեղադրանք է առաջադրվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆինանսական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնակատարի ու միևնույն ժամանակ՝ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարողի պաշտոնները զբաղեցնող Ստեփան Մաչյանին, նախարարության գնումների համակարգման և տնտեսական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Պետրոսյանին, նույն բաժնի պետ Կարեն Բաբախանյանին, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Էդուարդ Ստեփանյանին, «Լեքսհաբ» ՍՊԸ-ի սեփականատեր և տնօրեն Պավել Թադևոսյանին և վերջինիս մորաքրոջ որդուն՝ Գևորգ Մարկոսյանին:
Գործը 2 տարուց ավելի՝ 2023թ. նոյեմբերի 3-ից քննվում է Հակակոռուպցիոն դատարանում (դատավոր՝ Արամ Գրիգորյան): Դատական նիստերը նշանակվում են մոտ 2 ամիսը մեկ պարբերականությամբ, և վերջը չի երևում:
Այս տներից բացի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2022թ. դեկտեմբերի 27-ին հրատապ կարգով Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանից կիսակառույց տուն է գնել՝ 13 մլն 750 հազ. դրամով:
Այն 50-80% ավարտվածությամբ կիսակառույց էր: Կառուցված էին հարկերը, առկա էր տանիք, տեղադրված չէին դռներն ու պատուհանները, կատարված չէին ներքին հարդարման աշխատանքները: Կիսակառույց տանը կից 598 քմ հողամասը ցանկապատված չէր և գտնվում էր անբարեկարգ վիճակում:
Այս գնման պատմությանը ևս «Հետքն» անդրադարձել է: Մեր հրապարակումից ամիսներ անց նախարարությունը ևս «համոզվել» է, որ այն չի համապատասխանում պայմաններին, և պայմանագիրը լուծվել է:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել