ՆԳՆ-ն առաջարկում է արտակարգ ճամփորդական փաստաթուղթ ներդնել
Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է սահմանել նոր հասկացություն՝ արտակարգ ճամփորդական փաստաթուղթ: Այդ փաստաթուղթը Արտաքին գործերի նախարարությունը կտա իրավապահ մարմինների իրավասու ստորաբաժանմանը՝ հետախուզվող օտարերկրացուն թույլատրելու հատել պետական սահմանը։
Լրացումը նախատեսվում է կատարել «Օտարերկրացիների մասին» և «Հյուպատոսական ծառայության մասին» օրենքներում:
Գործող կարգավորումներով՝ Ոստիկանությունը պարտավոր է քննությունից կամ պատիժը կրելուց խուսափող անձանց հետախուզում հայտարարել։ Սակայն, ըստ նախագծի հեղինակի, առաջանում են խնդիրներ ինչպես հետախուզվող և օտարերկրյա պետության տարածքում գտնվող օտարերկրացիների հայտնաբերման և ՀՀ տեղափոխման, այնպես էլ՝ ՀՀ-ից օտարերկրացիների հանձնման ժամանակ, երբ տեղափոխվող կամ հանձնվող անձը օտարերկրյա պետության քաղաքացի է, իսկ անձնական գործում վերջինիս անձը հաստատող վավեր փաստաթուղթ չկա:
Տվյալ պարագայում նշված անձանց ՀՀ տեղափոխելիս կամ ՀՀ-ից հանձնելիս Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի ծառայողները նրանց մուտքը ՀՀ կամ ելքը ՀՀ-ից չեն թույլատրում․ օտարերկրացիների մուտքը և ելքը ՀՀ թույլատրվում է միայն անձը հաստատող վավեր փաստաթղթի առկայությամբ:
«Ստացվում է իրավիճակ, երբ հետախուզման մեջ գտնվող անձը, որի նկատմամբ ՀՀ տարածքում նախաձեռնված է քրեական վարույթ և որին մեղսագրվում է Քրեական օրենսգրքով նախատեսված արարք, հայտնաբերվում է օտարերկրյա պետության տարածքում, հետագայում վերջինիս հանձնումը ՀՀ-ին բավարարվում է տվյալ պետության իրավասու մարմնի կողմից, ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբի կողմից տեղափոխվում է ՀՀ՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և քրեական պատասխանատվության ենթարկելու կամ պատիժն ի կատար ածելու համար, սակայն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից նրա մուտքը ՀՀ չի թույլատրվում»,- նշված է օրենքներում լրացում կատարելու նախագծի հիմնավորման մեջ:
ԱԱԾ-ի կողմից սահմանը հատելու թույլտվության բացակայության պայմաններում ենթադրյալ հանցանք կատարելու մեջ մեղադրվող կամ արդեն իսկ դատապարտված անձը խուսափում է քրեական պատասխանատվությունից և պատժից, իսկ նախաձեռնված քրեական վարույթի կամ արդեն իսկ կայացված դատավճռի ի կատար ածման հարցը մնում է չլուծված։
ՆԳՆ-ն նախագծի հիմնավորումներում նշել է նաև, որ ԱԱԾ-ի կողմից անձը հաստատող վավեր փաստաթղթի բացակայության պարագայում չի թույլատրվում նաև այդ անձանց հանձնումը օտարերկրյա պետության իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, ինչը խոչընդոտում է ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների կատարմանը:
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է վերացնել իրավական բացը, որը հնարավորություն կընձեռի հետախուզվող օտարերկրացիների մուտքը ՀՀ և ելքը ՀՀ-ից նաև արտակարգ ճամփորդական փաստաթղթի առկայությամբ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել