HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մահացել է Նիկիտա Սիմոնյանը

99 տարեկան հասակում մահացել է լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, Ռուսաստանի ֆուտբոլային միության առաջին փոխնախագահ և Մոսկվայի «Սպարտակի» լավագույն ռմբարկու Նիկիտա Սիմոնյանը։

Օլիմպիական չեմպիոնի մահվան մասին երեկ` նոյեմբերի 23-ին հայտնել է Ռուսաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ Ալեքսանդր Միրզոյանը։

«Նոյեմբերի 20-ին Նիկիտա Սիմոնյանի ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին: Այսօր նա հեռացավ կյանքից»,- հայտնել է Միրզոյանը։

ԿԳՄՍ նախարարությունն իր վշտակցությունն է հայտնել Սիմոնյանի ընտանիքին, հարազատներին ու հայկական ֆուտբոլային ընտանիքին։

«Նիկիտա Սիմոնյանն իր բացառիկ տաղանդով, անսպառ աշխատասիրությամբ և անկեղծ նվիրումով թողել է անջնջելի հետք համաշխարհային ու հայկական ֆուտբոլի պատմության մեջ։ 

Նրա գլխավորությամբ Երևանի «Արարատը» 1973–1974 թվականներին դարձել է ԽՍՀՄ չեմպիոն և գավաթակիր։ Այդ հաղթանակները մինչ օրս էլ համարվում են հայկական սպորտի ամենամեծ նվաճումներից։

Նրա բազմամյա գործունեությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը, մարդկային որակները և ֆուտբոլի հանդեպ նվիրումը միշտ կմնան սպորտի պատմության ոսկե էջերում՝ որպես օրինակ հաջորդ սերունդների համար։

Նիկիտա Սիմոնյանը ԽՍՀՄ վաստակավոր մարզիկ էր (1954 թ.), Ռուսաստանի ԽՍՖՀ վաստակավոր մարզիչ (1968 թ.), ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (1970 թ.), Մոսկվայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն (160 գնդակ):

2011 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ծանրակշիռ ձեռքբերումների, ֆուտբոլի ասպարեզում երկարամյա արդյունավետ աշխատանքի համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է Պատվո շքանշանով: 2013 թվականին հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և փայլուն նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, իսկ 2019 թվականին՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով»,- նշվում է հաղորդագրության մեջ։

🕒 Թարմացվել է՝ 2025-11-24, 12:45

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter