Սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել սահմանապահ 3 նոր ուղեկալների բացման արարողություն
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի N ջոկատում տեղի է ունեցել «Կոռնիձոր», «Խնձորեսկ» և «Հարթաշեն» սահմանապահ ուղեկալների բացման արարողությունը: Այս մասին հայտնում է Ազգային անվտանգության ծառայությունը։
«Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, տնօրենի տեղակալներ Արամ Հակոբյանը և Դավիթ Սանամյանը, Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Գարիկ Մուրադյանը և այլ պաշտոնատար անձինք:
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը ողջունեց Սահմանապահ զորքերի զինծառայողներին և շնորհավորեց նրանց նոր ուղեկալների բացման կապակցությամբ՝ մաղթելով անփորձանք ծառայություն՝ ի շահ Հայաստանի Հանրապետության։
Ազգային անվտանգության ծառայության տնօրենը շրջայց կատարեց նորակառույց երեք ուղեկալներում՝ ծանոթացավ զինծառայողների կենցաղային և ծառայողական պայմաններին, սպառազինության և նյութատեխնիկական միջոցներին։
Այցի ընթացքում Անդրանիկ Սիմոնյանը ծանոթացավ նաև նորակառույց ուղեկալների սպայական կացարանների կենցաղային պայմաններին, որոնք ամբողջությամբ համապատասխանում են ժամանակակից չափորոշիչներին՝ հագեցած են ուղեկալներում սպաների ընտանիքների բնակության համար անհրաժեշտ գույքով և տեխնիկայով։
Այցի ավարտին Ազգային անվտանգության ծառայության տնօրենը համապատասխան հանձնարարականներ տվեց Սահմանապահ զորքերի հրամանատարությանը»,- նշվում է հաղորդագրությունում։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել