Կառավարությունն առաջարկում է ակադեմիական ինստիտուտները հանձնել ԿԳՄՍՆ-ին
Նոյեմբերի 17-ին Կառավարությունը հանրային քննարկման է դրել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված ՊՈԱԿ-ները (գիտական կազմակերպությունները) ԿԳՄՍՆ-ի ենթակայությանը հանձնելու մասին որոշման նախագիծը։
Նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրենքի ընդունմամբ: Այն ԱԺ-ն ընդունել է սեպտեմբերի 11-ին:
Դրանով, ինչպես նշում է Բարձրագույն գիտության եւ կրթության կոմիտեն, ստեղծվում է բարձրագույն կրթության եւ գիտության համակարգի մեկ միասնական հենք նախկինում ոլորտները կարգավորող 4 օրենքների փոխարեն։ Նոր օրենքում, ըստ կոմիտեի, սահմանվում են մի շարք նոր հասկացություններ, ինչպես նաեւ ամբողջապես նոր խմբագրությամբ շարադրվում են մինչ այժմ գործող սահմանումները՝ ներդաշնակեցվելով ՀՀ կրթության մինչեւ 2030 թ․ զարգացման պետական ծրագրով սահմանված թիրախներին, ինչպես նաեւ համադրվելով միջազգային չափորոշիչներին։
Կառավարությունը՝ ի դեմս Բարձրագույն գիտության եւ կրթության կոմիտեի, այժմ առաջարկում է ԳԱԱ-ի համակարգում ընդգրկված 32 գիտական կազմակերպությունները հանձնել ԿԳՄՍՆ-ին, ինչպես նաեւ ուժը կորցրած ճանաչել Կառավարության երկու որոշումները։ Դրանցից մեկը 2002 թ․ ընդունված որոշումն է ԳԱԱ ստեղծելու մասին, իսկ մյուսը, որն ընդունվել է 2012-ին, վերաբերում է ԳԱԱ համակարգում ընդգրկված ՊՈԱԿ-ների ցանկը եւ դրանց տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելուն:
Բացի դրանից՝ Կառավարությունը նոյեմբերի 21-ին մեկ այլ նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա» ոչ առեւտրային կազմակերպությունը (ՈԱԿ) վերակազմավորել հիմնադրամի, որն իր կազմում միավորելու է ԳԱԱ անդամներին, բաժանմունքները եւ այլն։
«Հետքը» հարցում էր ուղարկել ԿԳՄՍՆ-ին ենթակա Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանին՝ խնդրելով պարզաբանել նոր օրենքին առնչվող որոշ հարցեր, այդ թվում՝ ԳԱԱ-ին վերաբերող։
Գրավոր պատասխանում Հայոցյանը նշել է, որ նոր օրենքով առաջին հերթին ընդգծվում է ԳԱԱ-ի կարեւոր դերակատարությունը պետության եւ հասարակության համար վստահելի գիտական խորհրդատվություն տրամադրելու, միջազգային գիտական համագործակցության զարգացման եւ գիտական արդյունքների հանրահռչակման մեջ։
Մյուս կողմից, ըստ կոմիտեի նախագահի, օրենքն ուժի մեջ մտնելուց հետո (2025 թ․ հոկտեմբերի 20) 6 ամսվա ընթացքում պետք է հաստատվի ԳԱԱ կանոնադրությունը, սահմանված ժամկետներում կազմակերպվեն նոր անդամների ընտրություններ, եւ ձեւավորվի ԳԱԱ հոգաբարձուների խորհուրդը՝ նախագահությունը, որի անդամներին առաջադրելու է Ակադեմիան՝ օրենքով նախատեսված պայմանները բավարարող անձանցից:
Ակադեմիայի նախագահությունն էլ, ըստ Հայոցյանի, կազմակերպելու է Ակադեմիայի նախագահի ընտրությունը, վերջինիս ներկայացմամբ հաստատելու է ԳԱԱ կառուցվածքն ու ղեկավար կազմը՝ օրենքով Ակադեմիային վերապահված գործառույթները կազմակերպելու եւ իրականացնելու նպատակով։
Եթե ավելի մատչելի ձեւակերպենք, ապա 32 գիտական կազմակերպությունները դուրս են բերվում ԳԱԱ համակարգից ու հանձնվում ԿԳՄՍՆ-ի ենթակայությանը, իսկ Ակադեմիան դառնում է խորհրդատվական մարմին։ Հաստքիների կրճատմանը Ս. Հայոցյանը չի անդրադարձել:
Լուսանկարում՝ ԳԱԱ նախագահության շենքը Երեւանում, հեղ.՝ Սարո Բաղդասարյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել