HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախարար Ժաննա Անդրեասյանը ներկա է եղել Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացմանը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր տեղի է ունեցել Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Ղազախստանի փոխվարչապետ Սերիկ Ժումանգարինը, Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան և այլ պաշտոնատար անձինք։

ԿԳՄՍ հաղորդագրության համաձայն՝ ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է՝ երկու ժողովուրդների փոխադարձ հարգանքի, բարեկամության և մշակութային համագործակցության պատմության մեջ կարևոր էջ է բացվում. «Մեսրոպ Մաշտոցը ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր մշակութային ինքնության հիմնասյուներից է, այլև մարդկային քաղաքակրթության կարևորագույն նվիրյալներից։ Նրա թողած ժառանգությունը դարերի խորքից մեզ է փոխանցել կրթության, մշակույթի, պատմական հիշողության կամուրջը»։ 

«Նրա խոսքով՝ բոլորովին պատահական չէ Աստվածաշնչի Առակների գրքից հայերեն թարգմանված առաջին նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը դարձել է հայ ժողովրդին ուղղված յուրօրինակ մեծ պատգամ, միտքն ու հոգին կերտող ուղերձ՝ արդիական բոլոր ժամանակներում։ 

«Ճանաչելով իմաստությունն ու խրատը, իմանալով հանճարի խոսքերը՝ մենք կառուցում ենք մեր ներկան ու ապագան՝ հիմքում արժևորելով մշակույթը: Սա, կարծում եմ, ամբողջապես տեսանելի է դարձնում Մեսրոպ Մաշտոց գործչի տիեզերական միտքն ու համընդհանուր արժեքը: Եվ այսօր նրա անունը կհնչի նաև այստեղ՝ Ղազախստանի սրտում՝ որպես մտավոր լուսավորության և ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ»,- իր ելույթում ասել է ԿԳՄՍ նախարարը և հավելել՝ այս տարվա ապրիլին Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անունով:

Նախարարի դիտարկմամբ՝ Երևանում Աբայ Կունանբաևի անունը կրող խորհրդանշական անկյունը ոչ միայն հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի օրինակ է, այլև մեր ժողովուրդների հոգևոր ու մշակութային կապերի կենդանի վկայությունը. «Երևանում՝ Աբայի պուրակում, և այժմ այստեղ՝ Մաշտոցի փողոցում, կարծես երկու մշակույթների միջև ստեղծվում են կամուրջներ, որոնցով անցնում են ոչ միայն անուններ, այլև արժեքներ՝ խաղաղություն, կրթություն, ստեղծագործականություն և բարեկամություն։ Հայաստանն ու Ղազախստանը իրենց պատմություններով, իրենց մեծ մտածողների ժառանգությամբ և ապագայի հանդեպ իրենց ձգտումներով մշտապես ունեցել են փոխլրացնող համագործակցություն։ Վստահ եմ, որ Մաշտոցի փողոցի բացումը նոր սկիզբ է՝ մեր ժողովուրդների մշակութային և կրթական կապերի խորացման համար»։

Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևան ևս ընդգծել է, որ Աստանայում Մեսրոպ Մաշտոցի անվան փողոցի բացումը կարևոր իրադարձություն է«Այսօր կարևոր խորհրդանշական միջոցառում է՝ ի նշան երկու երկրների բարեկամության։ Մեսրոպ Մաշտոցի գործունեությունը վկայում է, որ մշակույթը սկսվում է լեզվից, իսկ հասարակության զարգացումը` կրթությունից։ Ղազախստանն ու Հայաստանն ամուր բարեկամական կապեր ունեն։ Այս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 33-ամյակը. տարիներ, որոնց ընթացքում նշանակալի ձեռքբերումներ կան քաղաքական, տնտեսական, մշակութային ու այլ ոլորտներում։ Այսօր ստորագրվելու է հուշագիր՝ ուղղված թանգարանային, գրադարանային, կինեմատոգրաֆիայի ոլորտներում համագործակցության զարգացմանը»։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում նոյեմբերի 20-21-ին պաշտոնական այցով գտնվում է Ղազախստանի Հանրապետությունում»,- նշված է հաղորագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter