Firebird-ը Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու լիցենզիա է ստացել
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են, որ Firebird-ը՝ ԱՄՆ-ում գործող արհեստական բանականության (ԱԲ) ամպային և ենթակառուցվածքային տեխնոլոգիաների ընկերությունը, ստացել է ԱՄՆ արտահանման թույլատվություն և հայտարարում է Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։
Հայաստանում ԱԲ գործարան ստեղծելու ծրագրին «Հետքը» ամիսներ առաջ անդրադարձել էր: Մանրամասները` հարցազրույցում:
«Սա բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է, որի նպատակն է տարածաշրջան բերել բարձր հզորությամբ ԱԲ գերհամակարգչային ենթակառուցվածք։ Այս ձեռքբերումը բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտի առաջընթացում։
Ինչպես նախապես հայտարարվել էր NVIDIA-ի կողմից Փարիզում անցկացված GTC համաժողովում, Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը, որը կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ ԱԲ սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։ Այս գրաֆիկական պրոցեսորները հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից ԱԲ մոդելներ։
Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ նորարարության տարածաշրջանային կենտրոն տարբեր ոլորտներում՝ շեշտը դնելով կենսաբանական գիտությունների, ռոբոտաշինության և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտների վրա։
«Firebird-ի ապագա կենտրոնները կմատակարարեն կայուն և բարձր արդյունավետությամբ ԱԲ ենթակառուցվածք՝ հիմնված ամերիկյան տեխնոլոգիական շղթայի և ԱՄՆ չափանիշների վրա՝ սպասարկելով զարգացող շուկաները։
«Մեր տեսլականն է՝ առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով», - նշեց Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։
Նա հավելեց․ «Այս ներդրումը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի թվային և ԱԲ ապագայի ձևավորման համար»։
Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը հավելել է․ «Հայաստանում ձևավորում ենք ժամանակակից թվային և ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը և ներգրավել գլոբալ նորարարություն։ Սա կարևոր քայլ է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար»։
Նա հավելել է․ «Այս ջանքերը արտացոլում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ամուր պետական-մասնավոր գործընկերությունը և հանդիսանում են փոխադարձ վստահության և տեխնոլոգիական առաջընթացի վրա կառուցված համագործակցության մոդել»:
Այս համագործակցությունն իրականություն է դարձել Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցության շնորհիվ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական առաջնորդությամբ, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ, ինչպես նաև ԱՄՆ առևտրի հարցերով քարտուղար Հովարդ Լատնիկի ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ակտիվ ներգրավվածությամբ։
ԱՄՆ Պետքարտուղարության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS), ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի և Enterprise Armenia-ի համատեղ ջանքերն էլ ավելի են ամրապնդել այս համագործակցությունը։
Այս զարգացումները հաջորդում են 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական երկկողմ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը՝ էլ ավելի խորացնելով համագործակցությունը տեխնոլոգիաների, նորարարության և անվտանգ առևտրի ոլորտներում։ Firebird-ի նախաձեռնությունը արտացոլում է երկու երկրների համատեղ հանձնառությունը՝ խթանելու նորարարությունը, ուժեղացնելու տնտեսական դիմակայունությունը և զարգացնելու տեխնոլոգիական առաջընթացը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել