HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզում Այշատ Բայմուրադովային սպանած անձանց նկատմամբ. քննչականը անուններ չի տալիս

Այսօր Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (մի խումբ անձանց կողմից կատարված սպանությունը) հանրային քրեական հետապնդում է հարուցվել Չեչնիայից Հայաստան փախած Այշատ Բայմուրադովային սպանած երկու անձի նկատմամբ։

«Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը և հանձնարարվել է նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հետախուզում հայտարարելու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Քննչական կոմիտեն սպանությունը ենթադրյալ կատարողների անձանց անունները չի հնչեցնում։

Չնայած սրան, այս ամսվա սկիզբ Ռուսաստանցի լրագրող Քսենյա Սոբչակի «Осторожно Новости» օնլայն թերթը, հղում անելով իր աղբյուրներին, հրապարակել էր 23-ամյա կնոջը սպանության հետ հնարավոր կապ ունեցող անձանց անունները։

Կարդացեք նաև՝ Նոր մանրամասներ 23-ամյա Այշատի սպանության վերաբերյալ

Թերթը մասնավորապես նշել էր երկու անձի անուն՝ Կարինա Իմինովա և Սաիդ-Համզադ Բայսարով։

Առաջինը հանրությանը ավելի հայտնի է որպես Այշատ Բայմուրադովայի «ինստագրամյան» ընկերուհի, որի հետ նա դուրս էր եկել հանդիպման այնուհետև անհետացել։

Իսկ տղամարդը նույնպես Չեչնիայից է, ըստ որոշ տեղեկությունների` նրա հայրը գործարար է։ 2018-ին Բայսարովը մեղադրյալ էր «Իսլամական պետության» (ISIS) ֆինանսավորման գործով, սակայն արդյունքում դատարանը հանել է մեղադրանքը։ Նախկինում Բայսարովին նաև մեղադրանք է առաջադրվել Ռուսաստանի քրեական օրենսգրքի 264.1 հոդվածով՝ վարչական տույժի ենթարկված կամ քրեական անցյալ ունեցող անձի կողմից ալկոհոլի ազդեցության տակ մեքենա վարելու և կողոպուտի համար։

Հայաստանյան որոշ մեդիաներ նշել էին, որ Բայսարովը սպանված կնոջ ամուսինն է, սակայն սա չի համապատասխանում իրականությանը։

Կարինա Իմինովային և Սաիդ-Համզադ Բայսարովին նույնականացրել են փողոցի տեսախցիկների շնորհիվ: Նրանք դուրս են եկել այն բնակարանից, որտեղ գտել են Բայմուրադովայի դիակը։ Չնայած սրան, նրանք հանգիստ լքել են Հայաստանի տարածքը։

Քննչական կոմիտեին հարցրել էինք ռուսալեզու մեդիաների պնդումների մասին դեռ նոյեմբերի սկզբին, սակայն այն ժամանակ Քննչականը նշել էր, որ Իմինովայի և Բայսարովի նկատմամբ քրեական հետապնդում հարուցված չէ։ Երկու շաբաթ անց միայն Քննչական կոմիտեն տեղեկացնում է երկու անձի մասին, սակայն որևէ անուն չի նշում։

Հիշեցնենք՝ 23-ամյա Այշատ Բայմուրադովայի դիակը Ոստիկանությունը գտել էր Երևանի Դեմիրճյան փողոցի վարձով բնակարաններից մեկում։ Այշատ Բայմուրադովային հարկադիր ամուսնացրել էին, նա պարբերաբար բռնության էր ենթարկվել ամուսնու կողմից։ Այշատը ստիպված փախել էր Չեչնիայից և ապաստանել էր Երևանում։ Սոցիալական մեդիաներում ակտիվ արտահայտվում էր ընտանեկան բռնության դեմ, ինչի պատճառով տարբեր մարդկանց կողմից սպառնալիքներ էր ստանում։ Ըստ իրավապաշտպանների՝ սա պատվո սպանության գործ է։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter