HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղարշապատի ավագանու ընտրությունները մեկնարկել են

Այսօր՝ 2025թ. նոյեմբերի 16-ին, Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ են: Ժամը 08:00-ին բացվել են բոլոր 47 ընտրատեղամասերի դռները: Քվեարկությունը շարունակվելու է մինչև ժամը 20:00-ը, որից անմիջապես հետո ամփոփվելու են արդյունքները: Ընտրություններին մասնակցում է 8 քաղաքական ուժ՝ «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «Ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը՝ կազմված «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Առաջ» աջակենտրոն կուսակցություններից:

Ըստ Ներքին գործերի նախարարության հրապարակած տեղեկատվության՝ Վաղարշապատում ընտրելու իրավունք ունի 69 հազար 866 քաղաքացի:

Ընտրությունները լուսաբանելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 31 լրատվամիջոց՝ 206 լրագրողով։ Իսկ ընտրությունների ընթացքը դիտարկելու է 6 տեղական դիտորդական կազմակերպություն՝ 233 դիտորդով։

Այս ընտրություններն արտահերթ են, քանի որ 2025թ. մայիսին համայնքի ղեկավարի և ավագանու անդամի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը: Դրանից հետո նախաձեռնվեցին ավագանու արտահերթ ընտրություններ:

Հիշեցնենք՝ «Հետք»-ը գրել էր, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

Մեր հրապարակումից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել: Մեղադրանքներ են առաջադրվել Դիանա Գասպարյանին, ամուսնուն, որը Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ է, ինչպես նաև սկեսրոջը:

Այս ընտրություններով միավորվում են Վաղարշապատ և Խոյ համայնքները: Խոյ բազմաբնակավայր համայնքը՝ կազմված 17 բնակավայրից, կազմավորվել է 2021թ. դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում: Նույն օրը կայացած ընտրություններով ձևավորվեց նաև Վաղարշապատ համայնքը՝ կազմված Էջմիածին քաղաքից և Ոսկեհատ գյուղից:

Սակայն, Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո Կառավարության նախաձեռնությամբ փոփոխություն կատարվեց «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում, և որոշվեց այս անգամ միավորել Խոյ և Վաղարշապատ համայնքները՝ ձևավորելով 19 բնակավայրից կազմված Վաղարշապատ համայնքը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter