Ազգային զարթոնքը պետք է Վաղարշապատով կայացնենք. Խաչիկ Մանուկյան
Նոյեմբերի 16-ին Վաղարշապատում կկայանան ավագանու ընտրություններ: Ավագանու նոր կազմն է ընտրելու համայնքի ղեկավարին, և որոշվելու է բազմաբնակավայր համայնքի առաջին 5 տարվա զարգացման ուղղությունը: «Հետք»-ի զրուցակիցը ընտրություններին մասնակցող 8 քաղաքական ուժից «Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Խաչիկ Մանուկյանն է:
«Քանի դեռ պարտության սիմվոլները կան, որևէ հաջողություն գրանցել հայոց որևէ հատվածում չենք կարող, այդ թվում՝ Վաղարշապատ խոշորացված համայնքում: Եվ այո, գլոբալ իմաստով պետք է կարողանանք քաղաքական ուժերի վերադասավորում անել հենց վերևներում: Մենք պետք է ամբողջությամբ հեռացնենք պարտության սիմվոլներին: Մեր ժողովուրդն արժանի չէ նրան, ինչն այսօր կրում է»,- ասում է Խաչիկ Մանուկյանը:
Թեկնածուն նշում է, որ քարոզարշավի ընթացքում հանդիպելով քաղաքացիների հետ՝ նկատել է, որ նրանց հույսը կորել է: Մինչդեռ իշխանափոխության ժամանակ մեծ ոգևորություն կար:
Խաչիկ Մանուկյանն ասում է, որ քննարկումներ ունեցել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հետ, և նրանք, ովքեր դեմ են այսօրվա իշխանություններին,՝ համախմբվելու են:
«Ես, իհարկե, հասկանում եմ, որ կենցաղային խնդիրները վեր հանելով շատ ավելի շահեկան վիճակում կհայտնվեմ, բայց ես իմ բնակիչներին ասել եմ՝ ես եկել եմ հաղթած և որևէ մեկի կամակատարը չեմ»,-ասում է Խաչիկ Մանուկյանը:
«Հայրենիք» կուսակցության թեկնածուն ասում է, որ այսօր գերագույն արժեք է մերժվում, ու եթե վաղարշապատցին իր եկեղեցու, հավատի կողքը չի կանգնում, ուրեմն մերժում ենք ինքներս մեզ: Իսկ վաղարշապատցիների մասին հատուկ է շեշտում, քանի որ հենց Վաղարշապատն է հոգևոր կենտրոնը:
Խաչիկ Մանուկյանի փոխանցմամբ՝ ասֆալտապատման, կառուցապատման ծրագրեր անշուշտ իրականացնելու են, սակայն այսօր դրանք առաջնային չեն, երբ կան օրհասական հարցեր: Խոսելով ծրագրերի մասին՝ նշեց, որ քարոզարշավի ընթացքում հասցրել են մարդկանց ներկայացնել իրենց ապագա անելիքները: Թե ինչ միջոցներով՝ Խ. Մանուկյանն ասաց, որ առաջինը համայնքը պետք է դրանք հոգա, իսկ եթե ինքն ընտրվի ու համայնքային բյուջեն չհերիքի, ապա բարերարներ կան, ովքեր խոստացել են մասնակից դառնալ համայնքի ներդրումային ծրագրերին:
Ըստ Խաչիկ Մանուկյանի՝ այսօր բարեկարգ են միայն Էջմիածնի կենտրոնական հատվածները, իսկ ծայրամասերում անմխիթար վիճակ է: Նույնիսկ ծառեր չկան, կանաչ գոտի չկա:
Իսկ գյուղերում, ընտրվելու դեպքում, ստեղծելու է գյուղատնտեսական բաժին՝ գյուղատնտեսի, անասնաբույժի ու խորհրդատուի հաստիքներով: Այսօր գյուղատնտեսությունն իրեն չի արդարացնում, գյուղացիներին աջակցողներ են պետք:
Խաչիկ Մանուկյանը բանաստեղծ է, ունի հրապարակված ժողովածուներ: Նրանից հետաքրքրվեցինք՝ արդյոք ժամանակ կունենա բանաստեղծություններ գրել, եթե ընտրվի:
«Եթե մենք երկիրը կորցնում ենք, արժեք չեն ունենալու ո՛չ նկարները, ո՛չ բանաստեղծությունները, ո՛չ երկերը: Մի առիթով էլ ասել եմ՝ օտար լեզուներ սովորեք, եթե երկիր չեք ունենալու, եթե հայի հետ չեք առնչվելու, ում է պետք ձեր գրածները, ձեր նկարչությունը, ձեր երաժշտությունը: Մենք բոլորով պետք է կարողանանք համախմբվել: Սա քաղաքականություն չէ, սա Հայաստանի կորուստի մասին է»,- ասում է Խաչիկ Մանուկյանը և հավելում, որ ազգային զարթոնքը պետք է Վաղարշապատով կայացնեն:
Մանրամասները՝ տեսանյութում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել