HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կաշառքի դիմաց շինթույլտվություններ տրամադրելու մեջ մեղադրվող 16 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն նախաքննությամբ հիմնավորված է համարել, որ Արարատի մարզի Արարատի համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանման պետի պաշտոնը զբաղեցրած անձը, բազմաթիվ կաշառք տվողների օգտին գործողություններ կատարելու, այն է՝ շինարարության անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու համար, 2023-2024 թվականների ընթացքում որպես կաշառք պահանջել և նախագծման գործունեությամբ զբաղվող ընկերության տնօրենի օժանդակությամբ ստացել է տարբեր չափի գումարներ, յուրաքանչյուր դեպքում՝ 100.000-190.000 ՀՀ դրամ։

«Մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել է, որ համայնքապետարանի հիշյալ պաշտոնատար անձը, օգտվելով  վերը նշված ընկերության տնօրենի կողմից նախապես տրամադրած փաստաթղթերից, կազմել և վերջինիս հաստատմանն է ներկայացրել բնակելի տներ կառուցելու նախագծեր, ինչի հիման վրա էլ Արարատի մարզի տարբեր բնակիչներից ստացված կաշառքի դիմաց նրանց տրամադրվել են շինարարության թույլտվություններ:

Կաշառք ստանալու համար Արարատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը: Պաշտոնատար անձին օժանդակած ՍՊ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-435-րդ հոդվածի 1-ին մասով (14 դրվագ):   

Կաշառք տալու և կաշառքի միջնորդության համար նախաքննության ընթացքում մեղադրանքներ են ներկայացվել նաև 14 անձանց:

Վերը նշված 16 մեղադրյալների վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է Կոմիտեի հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter