HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Այսօր՝ Հայաստան-Հունգարիա. թիմերը կհանդիպեն երրորդ անգամ

Այսօր՝ 21:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմեկնարկի աշխարհի 2026 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Հունգարիա հանդիպումը:

Հիշեցնենք, որ թիմերն ընդգրկված են ընտրական փուլի եվրոպական գոտու F խմբում, որտեղ 4 տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Պորտուգալիան, որն ունի 10 միավոր, Հունգարիան վաստակել է 5, Իռլանդիան՝ 4, Հայաստանը՝ 3 միավոր:

ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ Հայաստան-Հունգարիա հանդիպման մրցավարը Իսպանիայի ներկայացուցիչ Խոսե Մարիա Սանչեսն է։ Նրան կօգնեն Ռաուլ Կաբանյերոն եւ Ինիգո Պրիետոն: Չորրորդ պաշտոնյան Խուան Մարտինես Մունուերան է։

Սա կլինի ազգային հավաքականների մակարդակով հայ-հունգարական երրորդ ֆուտբոլային մրցավեճը: Առաջին անգամ թիմերը հանդիպել են Կիպրոսի մրցաշարի շրջանակներում՝ 2004 թ. փետրվարի 18-ին, Պաֆոսում հունգարացիները հաղթել են 2-0 հաշվով: Իսկ աշխարհի առաջնության ընտրական այս շրջափուլում՝ հոկտեմբերի 11-ին, Բուդապեշտում տանտերերը կրկին առավելության են հասել 2-0 հաշվով

Այսօրվա հանդիպումը վնասվածքների պատճառով բաց կթողնեն Վահան Բիչախչյանն ու Ուգոչուկվու Իվուն: Տիգրան Բարսեղյանը որակազրկված է 3 խաղով, իսկ Լուկաս Սելարայանն ավարտել է ելույթները հավաքականում: Կբացակայի նաեւ Արթուր Միրանյանը:

Հավելենք, որ ՖԻՖԱ-ի վարկանիշային դասակարգման աղյուսակում այս պահին Հայաստանը 104-րդն է, իսկ Հունգարիան՝ 37-րդը:

Այսօր՝ Երեւանի ժամանակով 23:45-ին, Դուբլինում կսկսվի մեր խմբի Իռլանդիա-Պորտուգալիա հանդիպումը:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter