HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միլենա Գևորգյան

Կոստանյանի հայտարարությունից երեք ամիս անց պաղեստինյան ժառանգության տեղափոխումը Մատենադարան դեռ անորոշ է

Վահան Կոստանյանի՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում արված հայտարարությունից անցել է ավելի քան երեք ամիս, սակայն արտաքին գործերի նախարարությունից դեռ հստակ պատասխաններ չեն տալիս Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը Մատենադարանում ժամանակավորապես պահելու նախաձեռնության մասին։

Հիշեցնենք, որ 2025 թվականի հուլիսի 29-ին ՄԱԿ-ի կենտրոնակայանում կազմակերպված Պաղեստինի հարցի խաղաղ կարգավորման և երկու պետություն սկզբունքի իրագործման հարցով միջազգային բարձրաստիճան համաժողովի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն անդրադարձել էր Հայաստանի և Պաղեստինի համագործակցությանը՝ հայտարարելով, որ Պաղեստինի վտանգված մշակութային ժառանգությունը ժամանակավորապես կհանգրվանի Մատենադարանում։

Գրավոր հարցում ուղարկեցինք ԱԳՆ, ճշտելու՝ ո՞ր մշակութային արժեքներն են նախատեսվում Պաղեստինից բերել Մատենադարան, ե՞րբ և ինչպե՞ս կկատարվի տեղափոխումը, արդյո՞ք դրանք ցուցադրվելու են, թե պահոցներում կմնան, որքա՞ն ժամանակ կպահվեն, արդյո՞ք մշակվել է հուշագիր կամ պաշտոնական փաստաթուղթ, և ո՞ր կողմը կվճարի ծախսերն ու կկատարի տեղափոխումը։

ԱԳՆ-ից պատասխանեցին, որ նախագիծը գտնվում է համաձայնեցման փուլում, և նախագծի վերաբերյալ հարցերին հնարավոր կլինի պատասխանել միայն «վերջինիս ավարտական փուլում»։

Դեռ օգոստոսին էինք փորձել ծրագրի վերաբերյալ մանրամասներ ճշտել։ ԱԳՆ-ից միայն նշել էին, որ «ծրագրի կյանքի կոչմանը միտված իրավական փաստաթղթի նախագիծը գտնվում է մշակման փուլում»։

Նույն հարցումն ուղարկել էինք նաև Մատենադարան։ Ինստիտուտի հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ հայտարարության մասին տեղեկացել են ԱԳ փոխնախարարի ելույթից։ Նշեցին, որ դեռ տեղեկություն չունեն, թե երբ է սկսվելու գործընթացը։

Նախաձեռնության մանրամասները ճշտելու համար հարցումներ էինք ուղարկել նաև Պաղեստինի մշակույթի նախարարությանը և վարչապետի աշխատակազմին, սակայն պատասխան չենք ստացել։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter