HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նորավանի դպրոցի տնօրենը հափշտակել է կեղծ տեղեկագրերով իր ծանոթներին փոխանցված ընդհանուր 2,7 մլն դրամ աշխատավարձը

Հափշտակության  և պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Նորավանի (Արմավիրի մարզ) միջնակարգ դպրոցի տնօրենի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Նորավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած անձը 2021-2024 թվականների ընթացքում, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները, վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի գումարը, ինչպես նաև կատարել պաշտոնեական կեղծիք։

Մասնավորապես՝ պարզվել է, որ վերը նշված ժամանակահատվածում դպրոցի տնօրենը համապատասխան հաստիքներին հրամանագրել է իր ծանոթ անձանց, ովքեր ընդհանրապես չեն հաճախել աշխատանքի և չեն կատարել իրենց պարտականությունները, սակայն դպրոցի տնտեսվարի կողմից կազմված և տնօրենի կողմից հաստատված՝ աշխատաժամանակի հաշվարկի կեղծ տեղեկագրերի հիման վրա նշված անձանց որպես աշխատավարձ փոխանցվել է ընդհանուր շուրջ  2,7 մլն դրամ, որը վատնման եղանակով հափշտակվել է տնօրենի կողմից։ 

Վատնման եղանակով հափշտակություն և պաշտոնեական կեղծիք կատարելու համար դպրոցի տնօրենին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256–րդ հոդվածի 2–րդ մասի 2–րդ և 3–րդ կետերով (3 դրվագ) և 445–րդ հոդվածի 1–ին մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել վարչական հսկողությունն ու պաշտոնավարման կասեցումը: Մեղադրանքներ են ներկայացվել նաև տնօրենին օժանդակած՝ դպրոցի երեք աշխատակիցներին, այդ թվում՝ տնտեսվարին, ում նկատմամբ որպես համակցված խափանման միջոցներ են ընտրվել պաշտոնավարման կասեցումն ու ՀՀ-ից բացակայելու արգելքը: Պատճառված 2,7 մլն ՀՀ դրամի վնասը  նախաքննության ընթացքում ամբողջությամբ վերականգնվել է։  

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- նշվում է հաղորդագրության մեջ

Լուսանկարը՝ Նորավանի միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter