HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրապետական և անկուսակցական թեկնածուներ Հաղպատում

Սեպտեմբերի 9-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Լոռու մարզի Հաղպատ գյուղի գործող գյուղապետ Սերգո Քառյանը, առողջական խնդիրների պատճառով, չի առաջադրել իր թեկնածությունը:

Նրա փոխարեն գյուղապետի թեկնածու է առաջադրվել որդին` Վահրամ Քառյանը: Գյուղապետ ընտրվելու համար առաջադրվել են նաև Հաղպատի նախկին գյուղապետ Ռուբեն Վարոսյանը (Ավարա Ռուբոն) և ներկայիս գյուղապետի տեղակալ Սուրեն Մաթոսյանը:

Վերջինս երեկ «Հետքին» հայտնեց. «Երևի վաղը, մյուս օրը ես ինքնաբացարկ հայտարարեմ: Մի քիչ գյուղապետարանի գործերս կթեթևացնեմ ու կգնամ Վանաձոր էդ գործով: Ես Վահրամ Քառյանի օգտին եմ հանում թեկնածությունս»:

Վահրամ Քառյանը Հանրապետական կուսակցության անդամ է, թեկնածուներ Ռուբեն Վարոսյանը և Սուրեն Մաթոսյանը անկուսակցական են: Մեզ հետ զրույցում Վահրամ Քառյանը գյուղի հիմնախնդիրներից կարևորեց խմելու ջրի ներքին ցանցի կապիտալ վերանորոգումը: «Ուզում ենք Ագարակ-Նոյեմբերյան ջրագծից ջուր քաշենք գյուղ»,- ասաց նա:

Մինչև օրս հաղպատցիները օգտվում են գյուղի «Միլ» և լեռնային այլ աղբյուրներից: Հաղպատի ջրամատակարարման խնդիրը լուծելու համար գյուղապետ Սերգո Քառյանը նամակ է ուղարկել նախագահ Սերժ Սարգսյանին, ինչից հետո մասնագետներ են եկել գյուղ՝ խնդիրն ուսումնասիրելու:

«Ըստ նրանց՝ ջրի ներքին ցանցի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ է 65 մլն դրամ»,- ասաց Վահրամ Քառյանը: Նոյեմբերյան-Ագարակ ջրագիծն անցնում է Հաղպատի ներքին հատվածի տնամերձերի միջով: «Այդտեղից պետք է ջուրը պոմպերով բարձրացնենք գյուղի 500 տոննա տարողությամբ ջրամբար: Գյուղի 2-րդ ջրամբարը պետք է մեծացվի»,- հավելեց թեկնածուն:

Ըստ նրա՝ առաջիկայում կսկսվեն Հաղպատի խմելու ջրի ներքին ցանցի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման աշխատանքները: Հաղպատը ընդգրկված է ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Հյուսիսային դարպաս» ծրագրում: Ծրագրով նախատեսվում է գյուղը դարձնել զբոսաշրջության կենտրոն:

«Տուրիզմի զարգացման ենթակառուցվածքներ գյուղում ստեղծվում են: Արդեն 4-5 հյուրատուն ունենք: Մեկն էլ կառուցվում է: Տուրիստները փոքր հյուրատները գերադասում են մեծ հյուրանոցներից: Սա նկատել են նաև հաղպատցիները և գնում են դրան»,- ասաց Վահրամ Քառյանը: Նրա կարծիքով՝ գյուղի կանաչ գոտիներում պետք է կառուցվեն ժամանցի փոքրիկ տաղավարներ, որպեսզի զբոսաշրջիկներն օգտվեն բնությունից:

Թեկնածուն գյուղի ամենակարևոր խնդիր համարեց Հաղպատի կոյուղու համակարգի ստեղծումը: Ըստ Վահրամ Քառյանի՝ գյուղում ծայրահեղ աղքատ ընտանիքներ չկան, քանի որ գյուղացիների մեծ մասը զբաղվում է անասնապահությամբ և կարողանում է իր ընտանիքի գոյությունը պահպանել: «Մի ժամանակ հաղպատցիները վաճառում էին իրենց ունեցած կովը, որ նպաստ ստանան: Հիմա հասկանում են, որ էդ կովը իրեն ավելի շատ եկամուտ է բերում, քան 18 000 դրամ նպաստը»,- ասաց Վահրամ Քառյանը:

Գյուղապետարանի գույքագրման գրքում գրանցված է 470-ից ավելի խոշոր եղջերավոր անասուն: Վահրամ Քառյանը տեղեկացրեց, որ գյուղի ոռոգման ներքին ցանցը դաշտեր չի հասնում, այդ պատճառով էլ գյուղացիները ցորեն չեն ցանում:

Վահրամ Քառյան նշեց որպես գյուղապետ պաշտոնավարման 4 տարում հոր՝ Սերգո Քառյանի կատարած աշխատանքները: «Գյուղի փողոցներում 67 լուսակետ է ստեղծվել: Հայրս անտառը փրկելու համար գյուղը գազաֆիկացրեց ՀՀ կառավարության կողմից համայնքի բյուջեին տրված բնապահպանական սուբվենցիաներով: Չորս ճյուղերով գազը գյուղ է մտել: Հաղպատն արդեն 80-ից ավելի գազի բաժանորդներ ունի: Մանկապարտեզը կապիտալ վերանորոգման է ենթարկվել: Մանկապարտեզ և գերեզմանոց գնացող ճանապարհներն են վերանորոգվել, գերեզմանոցն էլ ցանցապատվել է: Երեք ամիսը մեկ գյուղի ընտանիքների յուրաքանչյուր անդամին 10 կգ ալյուր է բաշխվել, դա էլ է նպաստել, որ Հաղպատում այսօր մուրացկան մարդ չկա»,- ասաց Վահրամ Քառյանը:

Ըստ վերջինիս՝ գյուղի ընտանիքների 50 տոկոսը, այնուամենայնիվ, ձմռանը տունը փայտով է տաքացնում, սակայն եթե նախորդ տարիներին ամռան ուտեստների ու պահածոների համար հաղպատցիները ամիսը 20 հազար դրամի փայտ էին վառում, հիմա հարցը լուծվում է 1000 դրամ գազի վճարով:

Թեկնածուն հայտնեց, որ Հաղպատում սեպտեմբերի 9-ին աշխատելու է մեկ տեղամասային ընտրական հանձնաժողով: Վահրամ Քառյանը իր մրցակից թեկնածուներից գյուղապետ ընտրվելու ոչ մեկի հնարավորությունը չթերագնահատեց: Նա կարծում է, որ Հաղպատում ընտրակաշառքը իրեն չի արդարացնում, ոււղղակի գյուղում վախի մթնոլորտ կա, մարդիկ այդ զգացումը պետք է իրենց մեջից հանեն:

Թեկնածու Ռուբեն Վարոսյանի նախընտրական ծրագիրը լուսաբանելու համար «Հետքը» երկու օր հեռախոսով բանակցեց նրա հետ: «Ես Լենինգրադից հյուրեր ունեմ, չեմ կարող Ձեզ հանդիպել: Բացի այդ՝ ես ընենց տղա եմ ու ընենց գործեր ունեմ էդ գյուղի համար արած, որ կարամ ազատ իմ թեկնածությունը առաջադրեմ»,- ասաց Ռուբեն Վարոսյանը: Օգոստոսի 24-ին թեկնածուն, ի պատասխան մեր հեռախոսազանգի, ասաց. «Օրենքով սահմանված կարգով ես կարա՞մ Ձեզ ինտերվյու չտալ: Ուրեմն, եթե կարամ, օրենքով սահմանված կարգով չեմ ուզում ինտերվյու տալ»:

Հաղպատում կա 580 ընտրող: Ընտրություններին սովորաբար մասնակցում է առավելագույնը 420 ընտրող:

Առաջին լուսանկարը՝ Գայանե Առաքելյանի

Մեկնաբանություններ (6)

Лусине Вирабян
уважаемые жители с. Ахпат, выбрать нужно образованного кандидата, который действительно сможет понять проблемы населения, наш народ очень нуждается в улучшении жилищных условии, питьевая вода в селе является основной проблемой на сегодняшний день, я уверена, что молодой образованный кандидат в состоянии решить существующие проблемы в положительную сторону.
Աննա Դ
Պարոն տնտեսագետ,էդ երբ է գյուղը պաշտպանության կարիք ունեցել,որ Վարոսյանը պաշտպանած լինի:
Tntesaget
yete du chunes ed chi nshanakum vor voch-voq chuni, asacs qez cher verabervum ayl nranc ov iroq xorhrdi kariq uni
SAM
Ժողովուրդ ! Ընտրեք վահրամին
Tntesaget
Hargeli Haghpateciner,inqs linelov voch Haghpati bnakich, zut inc hamarelov dzer barekam yev lav tesnelov texasharjer@ Haghpatum yerku gyuxapeteri oroq el(Ruben Varosyan,Sergo Qaryan) , dzez ankexc yev ankoxmnakal xorhurd em tali @ntrel Varosyanin, achqernert layn baceq yev gnahateq dzer gyuxi hamar ov inch a arel, u um oroq eq dzez aveli apahov zgacel, yev um oroq a gyux aveli araj@ntac aprel!!!!!!!
Tig
sax gyuxna tesel Qaryanin el, Varosyanin el... ankoxmnakal xorhurdneri kariq chunenq. yntreq nran ov arjani e...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter