Բարեգործության արգելքը խախտելու դեպքով ձերբակալվել է ընտրական հանձնաժողովի նախագահ Անուշ Համբարձումյանը
Ձերբակալվել է Խոյ համայնքի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Անուշ Համբարձումյանը: Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Ա. Համբարձումյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ բարեգործության արգելքը խախտելու դեպքի առթիվ։ Քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է մեկ անձ, որի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան»,- ասում է Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ «NewDay» լրատվական կայքն օրեր առաջ տեսանյութ էր հրապարակել, ըստ որի՝ Անուշ Համբարձումյանն իր տան բակում օգնություն էր բաժանում քաղաքացիներին: Սա կապվել է Վաղարշապատ համայնքի ընտրություններին ընդառաջ բարեգործություն կատարելու հետ, ինչն օրենքով արգելված է:
Ավելի ուշ Անուշ Համբարձումյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում պարզաբանում էր տարածել, ըստ որի՝ ինքը հանդիսանում է «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի նախագահը, և այս օգնությունը առաջին անգամ չէ, որ բաժանում է:
«Որոշ լրատվականներ, առանց հաշվի առնելու մարդու տարիներով կատարած բազմաթիվ բարեգործական կամավոր աշխատանքները, փորձում են այլ կերպ ներկայացնել, որը որևէ աղերս չունի իրականության հետ։ Հերթական աշխատանքը, որը ստիպված էի կատարել, քանի որ «Կամրջակից» ասացին որ դոնոր կազմակերպություններին պետք է հաշվետվություն ներկայացնեն, իմ հրաժարվելու դեպքում 60 սովորող կզրկվեր տաք կոշիկներից և հագուստից։ Առաջնորդվելով մտքի և խղճի բարձր զգացումով, որ սոցիալական ծանր կացության մեջ կտնվող ծնողների համար սա անհրաժեշտություն է, համաձայնեցի։ 2025 թվականի ընթացքում թվով 8-րդ ծրագիրն է։ Որպես «Կանանց, երիտասարդների և կրթության հզորացման» ՀԿ-ի նախագահ, 2021 թվականից համագործակցում եմ «Կամրջակ» սոցիալ բարեգործական ՀԿ նախագահ տիկին Մարիա Գորիսի հետ։ Տարեկան միլիոնավոր սոցիալական ծրագրեր ենք կատարում Խոյ համայնքում ու ամենակարևորը՝ այս ամենը կատարվում է «Կամրջակ» սոցիալ-բարեգործական կազմակերպության տրամադրած օգնության հաշվին։ Շահառուները սոցիալապես անապահով ու սոցիալական ծանր վիճակում գտնվողներն են։ Երբեէ չեմ հրապարակել ոչ մի շահառուի նկար, բայց իմ սոցիալական էջում հրապարակել եմ կատարածս բոլոր աշխատանքները»,- նշել էր Անուշ Համբարձումյանը:
Ընտրական օրենսգրքի համաձայն՝ նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:
Հիշեցնենք, որ Անուշ Համբարձումյանը Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում թիվ 14/27 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն է՝ նշանակված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից։
Առաջին դեպքը չէ, երբ Ա. Համբարձումյանը պաշտոնից չբխող և օրենքին հակասող վարքագիծ է դրսևորում: «Հետք»-ը գրել էր, Անուշ Համբարձումյանը, լինելով հանձնաժողովի նախագահ, ոչ միայն ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արգիշտի Մեխակյանի լուսանկարով քարոզչական նյութ, այլև այն ամրացրել իր սոցիալական էջում, որպեսզի առաջինը դա երևա։
Երբ պարզաբանման նպատակով դիմել էինք Ա. Համբարձումյանին, դրանից հետո քարոզչական նկարը հեռացրել էր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել