ՔՈԱՖ-ի 22-րդ ամենամյա գալա երեկոն կկայանա Նյու Յորքի «Պլազա» հյուրանոցում
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) դեկտեմբերի 13-ին՝ շաբաթ օրը, Նյու Յորքի հայտնի«Պլազա» հյուրանոցում կանցկացնի իր 22-րդ ամենամյա գալա երեկոն՝ «Լուսավորե՛նք ապագայի ճանապարհը» խորագրով։ Այս խորհրդանշական միջոցառումը համախմբում է ՔՈԱՖ-ի աշխարհասփյուռ աջակիցներին՝ մեկ նպատակով՝ հզորացնել Հայաստանի գյուղական համայնքների երիտասարդությանը՝ կրթական, առողջապահական և համայնքային զարգացմանծրագրերի միջոցով։
Առաջընթացն ու նպատակները
Երեկոյի ընթացքում կներկայացվեն ՔՈԱՖ-ի շահառու երեխաների ու երիտասարդների ոգեշնչող պատմությունները Հայաստանի տարբեր համայնքներից։ Հատուկ ուշադրություն կդարձվի՝ Դեբեդ համայնքում նոր կառուցած միջնակարգ դպրոցի բացմանը, ինչպես նաև Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարական աշխատանքների մեկնարկին։ Երեկոն նաև շնորհակալության խորհրդանիշ կլինի ուղղված այն անհատներին և ընտանիքներին, ովքեր իրենց տեսլականով ու մեծահոգությամբ տարիներ շարունակ կանգնած են եղել ՔՈԱՖ-ի կողքին՝ նպաստելով կազմակերպության առաքելության իրականացմանը։
Պարգևատրումներ և հատուկ հյուրեր
«Սերունդների հզորացման» մրցանակը կշնորհվի Թագորեան ընտանիքին (TACORI բրենդի հիմնադիրներին) Հայաստանի երիտասարդների կրթական ու մասնագիտական զարգացման, Հայաստանի գյուղաբնակ համայնքների փոխակերպմանն ուղղված մշտական աջակցության համար։
Գալա երեկոյի պատվավոր հյուրը կլինի Գրեմմի մրցանակակիր, Մոթաունի լեգենդար երգչուհի Թելմա Հյուսթոնը, որի ամենահայտնի կատարումներից է «Don’t Leave Me This Way»-ը։ Տարիների ընթացքում Հյուսթոնը ձևավորել է հարուստ երաժշտական ժառանգություն և մշտապես հանդես է եկել մարդասիրական նախաձեռնությունների աջակցությամբ։
«Կյանքի նվաճումներ» հատուկ մրցանակը կշնորհվի նրան՝ իր բացառիկ երաժշտական ժառանգության, մարդասիրական արժեքների և հասարակական ակտիվ գործունեության համար, մասնավորապես՝ ՄԻԱՎ-ի դեմ պայքարում, Project Angel Food նախաձեռնության և այլ մարդասիրական ծրագրերի շրջանակում դրսևորած նվիրվածության համար։
Երեկոյի ընթացքում ելույթ կունենան «Թոնի» և «Էմմի» մրցանակակիր դերասանուհի, կատակերգու և ՔՈԱՖ-ի դեսպան Անդրեա Մարտինը, բրիտանահայ հայտնի կատարող Կև Օկիյանը, ինչպես նաև Հայաստանից հրավիրված երիտասարդ տաղանդավոր երաժիշտներ։ Արդեն ավանդույթ դարձած աճուրդը կվարի միջազգային աստղ Գաբրիել Բուտուն։ Նրա հետ բեմում կլինեն «Էմմի» մրցանակակիր հաղորդավարուհի Արաքսյա Կարապետյանը («Բարի օր, Լոս Անջելես» առավոտյան հաղորդում) և ՔՈԱՖ-ի զարգացման գծով փոխնախագահ Հայկ Բոյաջյանը։
ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնները՝ լուսավոր ճանապարհ դեպի ապագա
2003 թվականից ի վեր «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը կրթական, առողջապահական և սոցիալական ծրագրերի միջոցով փոխել է ավելի քան 120,000 մարդու կյանք Հայաստանի յոթ մարզում։ Այս ազդեցության առանցքում ՔՈԱՖ-ի ՍՄԱՐԹ նախաձեռնությունն է, որի նպատակն է ստեղծել նորարարական կրթական կենտրոնների ցանց՝ երեխաներին տրամադրելով անվճար հասանելիություն տեխնոլոգիաներին, արվեստին, լեզուներինև սպորտին։ Այդպիսով, կենտրոնը նպաստում է ուսանողների նորարարության, ստեղծարարության, փափուկ հմտությունների և դիմակայունության զարգացմանը։
«Ավելի քան երկու տասնամյակ ՔՈԱՖ-ը ապացուցում է, որ ռազմավարական ներդրումները համայնքներում փոխում են մարդկային ճակատագրեր, — նշել է ՔՈԱՖ-ի հիմնադիր և նախագահ դոկտոր Գարո Արմենը,- Մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի երիտասարդությանը՝ իրենց ապագան կերտելու ճանապարհին»։
«Մեր նվիրված աջակիցների համայնքը հազարավոր կյանքերի փոխակերպմանն է նպաստել, – նշել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը,- ՍՄԱՐԹ կենտրոնները շարունակելու են առանցքային դեր ունենալ Հայաստանի համայնքների և գալիք սերունդների զարգացման գործում»։
ՔՈԱՖ-ի առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը Լոռու Դեբեդ համայնքում ամեն շաբաթ ընդունում է շուրջ 1800 երեխա 30 համայնքներից։ Արմավիրի ՍՄԱՐԹ կենտրոնի շինարարությունն ընթացքի մեջ է և նախատեսվում է ավարտին հասցնել 2028 թվականին։ Հիմնադրամը նաև աշխատում է Սյունիքում ընդլայնման ծրագրի ուղղությամբ՝ շարունակելով ՍՄԱՐԹ կենտրոնների ցանցի զարգացումը Հայաստանի տարբեր մարզերում։
Ավելին իմանալու կամ աջակցություն ցուցաբերելու համար այցելեք www.coaf.org։
ՔՈԱՖ-ի մասին
«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի առաքելությունն է բարելավել Հայաստանի գյուղական բնակչության կյանքի որակը՝ կրթության, առողջապահության, սոցիալական և տնտեսական զարգացման միջոցով։ 2003 թվականից ի վեր ՔՈԱՖ-ի ծրագրերից օգտվել է ավելի քան 120,000 մարդ՝ երկրի յոթ մարզում։ ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոններն ու համապարփակ ծրագրերը գյուղաբնակ երիտասարդներին իրենց ներուժը բացահայտելու և կյանքում հաջողելու հնարավորություն են տալիս։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել