HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեմ

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը 2025թ. նոյեմբերի 4-ին հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով ամբողջությամբ վերացնել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունը, որը վերաբերում է իր կողմից անհամատեղելիության պահանջների խախտմանը։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2025թ. եզրակացություն էր հրապարակել, ըստ որի՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը խախտել է հանրային պաշտոնին օրենսդրությամբ ներկայացվող անհամատեղելիության բովանդակային պահանջները:

Նա 2017թ.-ից հանդիսանում է Գորիս համայնքի ղեկավարը։ 2017թ. վարչապետի որոշմամբ նշանակվել է Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ 2021թ. Ա. Առուշանյանն ընտրվել է համայնքի ավագանու անդամ, ապա նույն տարվա նոյեմբերի 9-ի ավագանու որոշմամբ ստանձնել է համայնքի ղեկավարի լիազորությունները:

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը 2008թ.-ից «Գոր Մետալ» ՍՊԸ–ի իրական շահառուն է՝ ունենալով 100% բաժնեմասնակցություն: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների համաձայն՝ Առուշանյանը 2008-2017թթ. եղել է նաև ընկերության գործադիր մարմնի ղեկավարը:

Առուշ Առուշանյանը «Գոր Մետալ» ՍՊԸ-ի իր 100% մասնակցությունը հավատարմագրային կառավարման է հանձնել 2025թ. օգոստոսի 4-ին, որը իրավաբանական անձանց պետռեգիստրում գրանցվել է օգոստոսի 7-ին։ Ընկերությունը հավատարմագրային կառավարման է հանձնվել Ասյա Ղազարյանին։ Վերջինս Առուշ Առուշանյանի մայրն է։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Պետական եկամուտների կոմիտեից ստացել է տվյալներ, ըստ որի՝ «Գոր Մետալ» ընկերությունը գործող է, սակայն Առուշ Առուշանյանը 2018թ.-ի հունվարի 1-ից մինչև 2025թ.-ի օգոստոսն ընկած ժամանակահատվածում ընկերությունից եկամուտ չի ստացել:

Առուշ Առուշանյանն իր ներկայացուցիչների միջոցով Հանձնաժողովին պարզաբանումներ է ներկայացրել՝ նշելով, որ պաշտոնավարման ընթացքում չի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Այդ ընթացքում շահաբաժին չի ստացել, փաստացի չի պահպանվել նաև իր ազդեցությունն առևտրային կազմակերպության գործունեության նկատմամբ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի համար «համոզիչ» չեն եղել համայնքի ղեկավարի պատճառաբանությունները, հատկապես այն պարագայում, երբ ընկերության հավատարմագրային կառավարման հանձնելու պայմանագիրը կնքվել է միայն 2025թ. օգոստոսին, իսկ կառավարիչն, ըստ այդ պայմանագրի, եղել է մայրը։

Օրենքով կա նաև արգելք, որ փոխկապակցված անձինք չեն կարող լինել հավատարմագրային կառավարիչ։ Նման կարգավորումը նպատակ ունի բացառել այնպիսի իրավիճակների առաջացումը, որ թեև պաշտոնատար անձն իր բաժնեմասը ձևապես հանձնել է հավատարմագրային կառավարչին, սակայն փաստացի շարունակում է պահպանել իր ազդեցությունը առևտրային կազմակերպության գործունեության կամ դրա կողմից կայացվող որոշումների վրա։

Հիշեցնենք, որ Առուշ Առուշանյանը նմանատիպ իրավիճակում հայտնվել էր նաև 2017թ.-ին։ «Հետք»-ն այդ ժամանակ գրել էր, որ Առուշանյանին է պատկանում շինանյութի մեծածախ առևտրի մեջ մասնագիտացած «Գոր Մետալ» ՍՊԸ-ի 100% բաժնեմասը: Ընկերությունը հիմնադրվել էր 2008թ.-ին, և հիմնադրման օրվանից Առուշ Առուշանյանն էր զբաղեցնում ընկերության տնօրենի պաշտոնը: Մինչդեռ այդ պաշտոնն անհամատեղելի էր համայնքի ղեկավարի պաշտոնի հետ:

Սակայն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մեր հրապարակման հիման վրա վարույթ էր հարուցել ու Առուշանյանին ենթարկել էր վարչական պատասխանատվության՝ 300 հազ. դրամ տուգանքի չափով, ոչ թե անհամատեղելիության պահանջները խախտելու, այլ հայտարարագրում սխալ և ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter