HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազգերը չեն կրնար զատուիլ իրենց անցեալէն՝ առանց պատիժի. Հակոբ Օշական (մաս 1)

...Կատակ չէ՜... կը մեռնի՜մ...

 « ...Վերջին բառերն են, իր գիւղին բարբառով, իր գիւղէն բարի կնոջ մը թեւերուն մէջ փլելէ առաջ...»: Այսպես` Հալեպում, 1948-ի Փետրվար 17-ին սրտի կաթվածից, համերկրացի Երէցեանների տանը վախճանվեց «Արեւմտահայ գրականութեան Տիտանը, ... հանճարեղ մշակը, բոլոր ժամանակներու մեծագոյն հայ քննադատը, աննման վարպետը՝ Յակոբ Օշական...»՝ գուժեց Հալեպի «Նայիրի» հանդեսը: Սեղանին գրիչն էր, որ այլևս չէր գրելու մանրիկ, «ճանճի տոտիկներու նմանող» անընթեռնելի ձեռագրով, այլևս անօգուտ ժամացույցը և  դեղատուփը, ֆրանսերեն մի գիրք, «անաւարտ վէպին վերջին էջը...: ...Եւ սուրճին գաւաթը, որմէ հազիւ քանի մը ումպ կրցած էր առնել, հարուածէն առաջ...»,-գրեց Անդրանիկ Ծառուկեանը՝ կարոտելով այս մեծ մարդու «Համբոյրի մը պէս անոյշ փաղաքշական «Ծօ, յիմա՛ր» ասելը: Հիմար, ախմախ, խենթ. Օշականը այս բառերով էր արտահայտում իր գորովը: Անգամ հաճոյախոսությունների պարագային տարօրինակ էր այս մարդը: Սեղանին էր նաև իր հայտնի մորթե գլխարկը և փոքրիկ թոռնուհու լուսանկարը: Դեպքը տեղի ունեցավ գիշերը՝ 10.30-ին: Հաջորդ օրը ընկերներով պետք է գնային օդափոխության և Եփրատը տեսնելու: Չհասցրեց: Չհասցրեց նաև դասավանդումը սկսել Հալեպի նորաբաց Քարէն Եփփէ ճեմարանում: Բայց, մահից 3 օր առաջ հասցրել էր  իր ջերմ խոսքն ասել  լավ բարեկամ՝ «Յառաջ» թերթի խմբագիր, ազգային գործիչ Շավարշ Միսաքեանին նվիրված  հանդիսությանը: Նրա աճյունը տարան Հալեպի Ազգային գերեզմանատուն՝ 20 հազարանոց վիթխարի թափորով: Հայկական բոլոր վարժարանները գոց էին այդ օրը: Նրան հողին հանձնեցին դանիացի այն  միսիոնարուհու դամբարանի մոտ, որի անունը կրող հաստատությունում պետք է ուսուցչության անցներ: Մինչդեռ, իր նախկին աշակերտ Իսահակ Ծայրագույն Վարդապետ Ղազարեանի վկայությամբ, երազել էր ննջել Արարատի շուքին տակ, «առա՛նց քարի, առա՛նց նշանի, առանց գիրի՛, տա՜ք հողը իր վրան...»:

Ծնունդով Քիւֆէճեանը

Կարծես այս մարդը գրիչը բնավ ձեռքից վայր դրած չլիներ: Հայոց Բալզակն էր՝ըստ Վահան Թէքէեանի... : «Մնացորդաց»ի, «Համապատկեր արեւմտահայ գրականութեան» բազում հատորների ինքնագրերը շարվել էին իր պատմվածքների, հեքիաթների, վեպերի, թատերգությունների, բանաստեղծությունների կողքին, որպես իր՝ մեծ ուսուցչի, գրողի և հայ գրականության վերաքննիչի անմահության աղբյուր: Արտասովոր մարդ էր: Ամենն էին պնդում, որ Օշականին հասկանալը հեշտ բան չէր: Բայց և ընդունում էին, որ նա չուներ իր նմանը մեր հին և նոր գրականութեան մէջ: Նա՝ «Կապարի, պղինձի և ոսկիի խառնուրդ ձուլածոյ մը, ուր գիւղացին, մարդն ու գրագէտը երջանիկ շաղապատումով զիրար կը լրացնէին. Դժուար էր իր կապարը կշռել, պղինձը ծակել, սակայն հեշտանք էր իր ոսկիի արձակած փայլքին նայիլ»: Կապարի, պղնձի և ոսկու համաձուլվածք այս մարդը ծնունդով Յակոբ Քիւֆեճեան էր: 37 տարեկան էր, որ առավ Օշական մականունը: Եվ բոլոր հարվածները գրական համքարությունից և բոլոր հիացումներն աշակերտներից  հե՛նց  Օշականինն էին: Տարօրինակ և դժվարահաճ մարդ էր Հակոբը, ինչպես տարօրինակ էր թուրքական հետապնդումներից իր փախուստների և փրկությունների պատմությունը, և դժվար էին իր մանկության տարիները: Դրանք հիմնականում անցել էին Սոլոզում և Բուրսայում, որտեղ ծնվել էր 1883-ի Դեկտեմբեր 9-ին, խեղճուկրակ ծնողների ընտանիքում: Ոչ հող ունեին, ոչ էլ ինչք: Հայրը ուրիշների պարտեզներում էր աշխատում, մայրը` մետաքսի մանարաններում, իսկ աշխատանքից դուրս լվանում էր հարուստների աղտոտ շորերը: Հակոբը 5 տարեկան էր՝ հայրը մեռավ: Խեղճ մայրը մնաց մենակ իր 3 որդիների և կույր տալոջ հետ՝ անոթի ու փերուշան: Այսպես սկսվեց իր կյանքը՝ հոգեբանության վրա դրոշմելով «դժվար» մարդու կնիքը:

 Անվախը

Կյանքը ստիպեց Հակոբին շուտ մեծանալ և քաջ լինել: Դա հատկապես անհրաժեշտ է, երբ ապրում ես թուրքերի մեջ: Ազգային վարժարան հասնելու համար, Հակոբը ստիպված էր անցնել թուրքական թաղով: Հայկական թաղի երեխաներին գցում էր ետևից, առաջնորդում դպրոց: Քարերը տեղում էին ի՛ր վրա, գրպանից հանում էր  դանակը, և հարևան թաղի լակոտները չքվում էին ճանապարհից: Շուտով քաղաքի հարուստ հայերը գնահատեցին Հակոբի արիությունը, որ նաև իրենց ունեցվածքն էր պաշտպանում, և սկսեցին հագուստ, ուտելիք բաժին հանել նրան: Վախ չուներ վայրի գազաններից, խաղում էր օձերի հետ: Ամենավտանգավոր տեղերում էր՝ գիրթ ապառաժների և անդունդների վրա, կարծես փորձում էր իր ճակատագիրը: 3 հոգանոց «ավազակախմբով» հայտնվում էր Համիդի կանանոցից, ինչ-ինչ պատճառով, Բուրսա աքսորված մի կնոջ  շքեղ մրգաստանում: «Փարթամ այդ պարտեզին բացառիկ զարդերն էին զույգ մը արմաւենիներ-անսովոր բան մը մեր քաղաքի ցուրտ կլիմայի համար: Յակոբ ի՜նչպէս իր խումբով կը մագլցէր ձորէն՝ պարտեզին պարիսպն ի վեր...եւ իրենց գիրկն ու ծոցը խակ պտուղով լեցուցած կը վերադառնային ու աւարը հաւասար կը բաժնէին դասարանի բոլոր ընկերներուն»,- հիշում է Գևորգ Չաքըրեանը՝ մտերիմ դասընկերը: Նաև շատ խելացի էր, ուշիմ: Անգամ գրպանի ժամացույց էր ստացել թուրք վերստուգողից՝ ի խրախույս թուրքերենի իր իմացության: «Լեզուի անուշ թոթովանք մը ունէր. բառերը բերնէն դուրս կը թռնէին՝ դուռը բաց մնացած վանդակէ մը փախչող թռչունի մը աճապարանքով ու վախով եւ կը հալէին միջոցին մէջ առանց ամբողջական ձեւ ու կերպարանք ստանալու»: Իրենց հողե հատակով տան փոքրիկ սենյակում մի արկղ դրեց՝ երևակայեց, թե իր գրասեղանն է: Սկսեց հրաշալի շարադրություններ գրել: Եվ դրանք բացեցին Արմաշի Դպրեվանք տեղափոխվելու հնարավորության դռները: Մի օր, վարժարան եկած Գրիգոր Զոհրապի և Հրանտ Ասատուրի ձեռքն ընկավ շարադրություններով տետրը: Հակոբին կանչեցին տնօրենի սենյակ: Մերժեց գնալ՝ ցնցոտիների մեջ էր: Նրբազգաց տնօրենը հասկացավ ամեն բան և մոտակա շուկայից պատշաճ հագուստով ապահովեց պատանուն՝ Պոլսից եկած երևելիներին ներկայանալու համար: Ինչևէ՝ 16 տարեկան էր, Գ.Զոհրապի համբույրը ճակատին, նա տեղափոխվեց Արմաշ՝ Դպրեվանք, որի տեսուչը Եղիշե Դուրեանն էր, Երուսաղեմի ապագա պատրիարքը, որտեղից փախավ՝ուսումը կեսկատար թողած:

Հաւնեցա՞ր ըրածիդ

Ի՜նչ ըմբոստ էր այս տղան:Չէր ենթարկվում օրենքներին: Խաչակնքվել, պահք պահել, էլ չասած՝ ծոմ, իր համար չէին: Խթմանը՝ նախատոնակին, ընդունված էր ծոմ պահելը: Բայց մի անգամ, Հակոբը «սպառնալիքի» տակ համոզեց դասընկերներին, սենյակում դրված վառարանի վրա,  եգիպտացորեն պայթեցնել: Տղաներից միայն մեկը, ձեռքերը երկինք պարզած՝ «մեղա՜յ, մեղա՜յ» ասելով,  չմասնակցեց այդ «մեղսագործությանը»: «Հաւնեցա՞ր ըրածիդ»,-եղավ Ե.Դուրեանի հանդիմանանքը: Իսկ, երբ Դպրեվանքի մատենադարանից Դոստոևսկի ուզեց՝ կարդալու, ասացին՝ դեռ փոքր ես, քո խելքի բանը չէ: Եվ տվեցին մեկ ուրիշ գիրք՝ տարիքին հարմար: Բացեց, մի քանի տող կարդաց, վերադարձնելով ասաց՝ «Ասիկա Դուք կարդացէք»: Եվ լքեց վանքը: Բոբիկ, քաղցած, ծարավ մագլցեց Մանիշակ լեռը, անցավ Պարտիզակով, քնեց ճահիճների մերձակայքում և տենդի մեջ հասավ Մարմարճըք գյուղ՝ Գ.Չաքըրեանենց տուն: Գևորգի մայրը իր տղու պես խնամեց, ոտքի կանգնեցրեց: Հակոբը շուտով դարձավ երկսեռ վարժարանի ուսուցիչ: Այսպես սկսվեց ուսուցչության և գրականության իր երկար ու արգասաբեր ճանապարհը Մարմարճըքից Սոլոզ, Մալկարա, Ֆիլիպե, Պոլիս, Կահիրե, Կիպրոս՝ Մելգոնեան վարժարան, Երուսաղեմ՝ Ժառանգավորաց  և այլուր...

Մեր գրականութիւնը մեր Հայրենիքն է

«Շեշտուած հակառակութեան ոգի» էր,- ասում է Օշականի՝ Մելգոնեան վարժարանի սան Մուշեղ Իշխանը: Իր մոտեցումները «երբեմն ցնցում յառաջ կը բերէին դասարանին մէջ»: Հիացական էր արտահայտվում միանգամայն այլ ստեղծագործությունների առումով և քննադատում էր համընդհանուր գնահատանքի արժանացածները: Պ.Դուրեանի գլուխգործոցը իր համար ոչ թե «Տրտունջք»ն էր, այլ Վարդան Լյութֆեանին՝ վաղամեռիկ ընկերոջը, ձոնվածը: Կարդում էր մատիտը ձեռքին, «ինչպէս արշաւախոյզը մը՝ երկաթ գաւազանը ձեռքը»: «...Յաճախ, առաջին 10-20 էջերէն յետոյ, գիրքը կ՛իյնայ ձեռքէս անվերադարձ:....Կը գրեմ միայն այն գիրքերուն վրայ, որոնց գտած եմ վերջին էջը, այսինքն՝ կրցած եմ հասնիլ վախճանին...»: Ու, չնայած «Անողոք դաժանութեան հասնող քննադատ մըն էր մեր ուսուցիչը»,  աշակերտները պաշտում էին նրան: «Կարծես սանտրի պակասէն» ցցված մազերով, աչքերի մեջ արեան բծեր, մտնում էր դասարան «խուժումով, զանգուածային աշխուժով և դասարանը կը վերածուէր խլրտուն և զուարթ մթնոլորտի մը:... կախարդանքով մը գիտէր հոգիներուն իջնել և հոն բորբոքել հրայրքը իր ուսուցումներուն...»:  Իսահակ Վարդապետը հիշում է, որ Ժառանգավորացում դասավանդելու ժամանակ, երբեմն հողաթափերով էր մտնում դասարան: Երբ սկսում էր դասը՝ աշակերտներին առնում տանում էր Ե.դար, հետո ետ էր բերում Ի. դար: Այնպես էր պատմում մեր մեծերի մասին, կարծես ապրած էր իրենց հետ: «Երբ կը խօսէր մեր երախտաւոր մեծ մեռելներէն, կը զգայինք թէ այդ մարդերը անուններ չէին իր շրթունքներուն՝ այլ արժէքներ և կանգուն հասակներ իր հոգիին մէջ»: Պատմելիս երբեմն հուզվում  էր և լալիս՝ արցունք բերելով նաև սաների աչքերին: Այս «անվեղար վարդապետը» մտածել էր սովորեցնում, փոթորիկ էր ստեղծում դասապահերին: Անկիրք, միապաղաղ վարժապետության հակապատկերն էր: Ո՜նց էր հունից հանում  նրան գրական գործերում, կամ, անգամ աշակերտական շարադրություններում, ածականների խճողումը՝ «բառերու աճպարարությունը»: Ասում էր՝ «Ըսելիք չունեցողները միայն կ’ապաստանին սնամէջ բառերու խաբկանքին»: Թե տետրակի մեջ աչքն ընկներ «վերջալոյսի գունավառ երանգներուն»,«ծովուն գեղածիծաղ ծփանքներուն...» և նման այլ արտահայտությունների, բղավում էր.

_Սաների հետ.jpg (7.33 MB)

-Չորպաճի՛, մէկ կողմ  նետէ մաշած, քլիշէ դարձած այդ պատկերներդ եւ ոտքերդ հաստատ դիր հողին վրայ: Մեզի կեանքին տար, կեանքը մեր զգայարանքներուն բեր: Բառերդ տնտեսութեամբ գործածէ»: Մանկությունից եկած նյութական աղքատության հիշողությամբ, նաև ապագայի անորոշության զգացումով, նա խիստ ժուժկալ էր ու տնտեսող: Եվ դա վերաբերում էր նաև բառերին: Պարզություն էր պահանջում, մինչդեռ՝ «Պարոն, Դո՞ւք ինչու պարզ չէք գրեր. Ձեր  գրածները կարդալու համար մենք քրտինք կը թափենք»,-բողոքում էին աշակերտները: Ժպտալով ասում էր. «Յիսուն տարի ետք, գրածներս ընթերցողներուն շատ պարզ պիտի երեւին»: Գրող Նշան Պեշիկթաշլեանը  երգիծական, ավելի ճիշտ, կսմիթներով լեցուն մի գրքույկ հրատարակեց Օշականի մասին: «Օշական կարդալու համար պետք է ունենալ ժամանակ, նպաստաւոր եղանակ, պրոնզէ կամք, պողպատէ կորով, դիւցազնական համբերութիւն, ադամանդէ տոկոնութիւն, խաւարախոր տեսողութիւն...խօսքերու թելերուն վրայ  լարախաղացութիւն» անելու կարողություն: Հակոբն ասում էր, թե չի կարդում իր մասին գրածները՝ ո՛չ ներբողները, ո՛չ էլ պարսավները: Նաև զգուշացնում էր, որ իր գործերը շոգեկառքի մեջ կարդալիք չեն, հատուկ մթնոլորտ և տրամադրվածություն են պահանջում: «Յառաջապահ գրագէտը մնաց միշտ, յանդուգն, պայքարող, կոտրող-թափող, չծալուող: Իր գրական համոզուներն ու տեսակէտները գիտէր պաշտպանել հաւատքով, ջերմութեամբ, կիրքով: Բաց էր իր կուրծքը հարուածներ ընդունելու համար, իր ջլապինդ ու սոթտուած թևերը՝ հարուածներ տալու»: Երբ Արշակ Չոպանեանը իր հրատարակած «Անահիտ» հանդեսի մեջ Հակոբի մականվան առաջին տառը Օ-ի փոխարեն Է-ով գրեց, վերջինս լռեց, ընդունեց հարվածը, և մի գեղեցիկ օր, երբ պահը եկավ, տվեց իր պատասխանը «Չօպան»-ին: Հետո հաշտվեցին:

Երուսաղեմի «Սիոն» հանդեսի 1983-ի թիվ 12-ում, որ ամբողջապես նվիրված է Հ.Օշականի 100-ամյակին, Եղիշէ Պատրիարք Տէրտէրեանը՝ Եղիվարդը, խմբագրականում գրեց. «Մարդերը փորձեցին չտեսնել զինքը, բայց ան աւելին էր, քան ինչ որ իրենք կրնային անտեսել: Իր գրականութեան աշխարհը հայ ժողովուրդը եղաւ, իր մեծ ու փոքր տիպարներով, աւանդութիւններով, յոյզերով և երազներով: Ինչ փոյթ թէ այդ ժողովուրդը  յաճախ անգիտացաւ զինքը: Բայց ան յամառեցաւ ու գրեց...»:      

Իմ գործերուս մէջ երևակայուած մարդ չկայ

Իր պատմությունները ստեղծելու համար շատ խորն էր «փորում»՝ հասնելու  կորիզին՝ ատոմին, որի մեջ է խտացված դարերի հիշողությունը, որը, կարծես մի մեծ կուտակիչ, պահպանում է իր ժողովրդի  կենսափիլիսոփայությունը, ազգային  բովանդակությունը: Հենց այսպես՝ հասնելով միջուկին, նա գտնում էր  իր տիպարների հույզերի և մտքերի բանալին և դեպքերի պատճառները: Այդպես նա հասկանում էր ոչ միայն հայերին, այլև՝ կողքին ապրող այն ցեղին, որ ավերեց իր Հայրենիքը: «Ինծի համար կեանքի գլխաւոր հեղեղը սերմով ու արիւնով կը քալէ»,- ասում էր: Գրում էր  իրական մարդկանց մասին, «...մեր մնացորդներուն հետ մեր հոգիին մէկ պահն ալ փրկելու յանձնառութեամբ...»՝ բացատրում էր իր կոթողային «Մնացորդաց»-ի ստեղծման շարժառիթը և նշանակությունը: Ասում էր՝ «Արուեստի գործը՝ պատմական փաստ մը ըլլալէ առաջ, ջիղերու հոսում մըն է»:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter