HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

25 հզր եվրո արժողությամբ ձեռքի ժամացույց, առանձնատներ, ավտոմեքենաներ. ի՞նչ են հայտարարագրել Վաղարշապատի թեկնածուները

2025թ. նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններն են, որին մասնակցում է 8 քաղաքական ուժ: «Հետք»-ը ներկայացնում է քաղաքական ուժերի ընտրական ցուցակների առաջին երեք համարները զբաղեցնող թեկնածուների գույքի ու եկամուտների հայտարարագրերը։

Նշենք, որ թեկնածուների գրանցման համար սահմանված ժամկետի ավարտից հետո` 10 օրվա ընթացքում, թեկնածուները համապատասխան ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռևս 2025թ. մարտի 27-ի որոշմամբ սահմանել է թեկնածուի գույքի և եկամուտների մասին հայտարարագրի ձևը, ներկայացման կարգն ու հրապարակման ոչ ենթակա տվյալների ցանկը: Ըստ այդմ՝ Վաղարշապատի ավագանու թեկնածուներն իրենց շարժական և անշարժ գույքի մասին տվյալներ լրացնում են, եթե 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցել են սեփականություն կամ այլ գույքային իրավունք:

Հայտարարագրի եկամուտների բաժնում արտացոլվում են 2025թ. հոկտեմբերին նախորդող 12 ամսվա ընթացքում ստացած եկամուտների մասին տվյալները: Եթե թեկնածուն հոկտեմբերի 1-ի դրությամբ ունի արժեթղթեր և այլ ներդրումներ, դրանք ևս ենթակա են հայտարարագրման: Դրամական միջոցների մասին տվյալներ հայտարարագրվում են, եթե 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ նման միջոցներ ունեցել է:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինք

Դաշինքի ընտրական ցուցակի առաջին համարը Սևակ Խաչատրյանն է: Հայտարարագրի համաձայն՝ որպես ընդհանուր բաժնային և միանձնյա սեփականություն ունի 2 առանձնատուն, մեկ բնակարան և 3 միավոր հողատարածք:

Ինչ վերաբերում է շարժական գույքին, Ս. Խաչատրյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա՝ 2024թ. արտադրության BYD Song Plus EV, 2022թ. արտադրության Lexus ES 250 2.5 և 2006թ. արտադրության Nissan X-Trail 2.0 մակնիշների:

Սևակ Խաչատրյանը վերջին 12 ամսվա ընթացքում ունեցել է մոտ 6 մլն 896 հազ. դրամ եկամուտ, ինչպես նաև հայտարարագրել է 467 հազ․ դրամ, մոտ 64 հազ. ԱՄՆ դոլար դրամական միջոց:

Թեկնածուն չի հայտարարագրել 2025թ. փետրվարին ստեղծված «Ապարտ» ՍՊԸ-ում ունեցած 100% սեփականությունը: Հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ընկերությունը գործող է, մատուցում է կառուցապատման նախապատրաստական աշխատանքների ծառայություններ:

project-03.jpg (223 KB)

Դաշինքի երկրորդ համարի թեկնածուն Սուրեն Մուրադյանն է: Վերջինս, ըստ հայտարարագրի, անշարժ գույք չունի: Որպես սեփականություն ունի 2018թ. արտադրության BMW X1 մակնիշի ավտոմեքենա:

Ս. Մուրադյանը հաշվետու ժամանակահատվածում ունեցել է մոտ 4 մլն 607 հազ. դրամ եկամուտ, որը աշխատավարձ է, և ստացել է 5 տարբեր ընկերություններից:

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի երրորդ համարը զբաղեցնում է Էմմա Պատուրյանը: Ավագանու թեկնածուն հայտարարագրել է 2 բնակարան Էջմիածին քաղաքում, 6 ավտոմեքենա՝ 2 Mercedes-Benz C180, WolksWagen Polo 1.6, Lexus RX 350, Nissan Teana 2.3 և Opel-Zafira 1.6: Ավտոմեքենաները 1999-2010թթ.-ի արտադրության են:

Էմմա Պատուրյանը վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է մոտ 3 մլն 715 հազ. դրամի եկամուտ, որը տարբեր աղբյուրներից աշխատավարձ է և փոխհատուցման գումարներ: Ունեցած դրամական միջոցը 100 հազ․ դրամն է:

«Համահայկական ճակատ» կուսակցություն

Այս քաղաքական ուժի ընտրական ցուցակի առաջին համարը Արտյոմ Սիմոնյանն է: Ըստ հայտարարագրի՝ նա անշարժ գույք չունի: Հայտարարագրել է մեկ ավտոմեքենա՝ 2020թ. արտադրության Mazda CX-9:

Ա. Սիմոնյանի միակ եկամուտը զինվորական թոշակն է՝ 196 հազ. դրամ: Որպես դրամական միջոց, կանխիկ ունեցել է 750 հազ. դրամ ու 1110 ԱՄՆ դոլար:

project-04.jpg (161 KB)

«Համահայկական ճակատ» կուսակցության ընտրական ցուցակում երկրորդ համարը զբաղեցնում է Ռոմիկ Սարգսյանը: Նա համասեփականության իրավունքով ունի մեկ առանձնատուն և միանձնյա սեփականության իրավունքով 2005թ. արտադրության Nissan X-Trail մակնիշի ավտոմեքենա:

Ռոմիկ Սարգսյանը որպես եկամուտ հայտարարագրել է 3 մլն 176 հազ․ դրամ, որից 3 մլն դրամը աշխատավարձն է, իսկ մնացածը՝ կենսաթոշակը: Ինչ վերաբերում է դրամական միջոցներին, ապա ավագանու թեկնածուն հայտարարագրել է 400 հազ. դրամ՝ դրան տալով «խնայողություն» անունը:

Ընտրական ցուցակի երրորդ համարում Զիտա Խալիտովն է: Թեկնածուն ո՛չ անշարժ, ո՛չ էլ շարժական գույք չունի: Լրացված է միայն եկամուտների բաժինը՝ 300 հազ. դրամ աշխատավարձ:

«Հանրապետություն» կուսակցություն

Կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը զբաղեցնող Հարություն Մկրտչյանը գործազուրկ է: Նրա հայտարարագիրը դատարկ է:

Թեկնածուն անշարժ կամ շարժական գույք չունի: Չի ստացել որևէ եկամուտ, չունի դրամական միջոցներ:

Գրեթե նույն գույքային դրությունն է նաև ցուցակի երկրորդ համարը զբաղեցնող Արտակ Սերգոյանի դեպքում: Տարբերությունն այն է, որ հայտարարագրել է միայն 2008թ. արտադրության Mercedes-Benz S500 մակնիշի ավտոմեքենա:

project-06.jpg (145 KB)

Գրեթե դատարկ է նաև «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող թեկնածու Լարիսա Արսենյանի հայտարարագիրը՝ դարձյալ մեկ բացառությամբ: Հայտարարագրել է միայն եկամուտ, որը աշխատավարձն է՝ 1 մլն 224 հազ. դրամ:

«Մայր Հայաստան» ազգային դեմոկրատական կուսակցություն

Ընտրական ցուցակը գլխավորում է Գրիշա Հարությունյանը: Նա 8 միավոր անշարժ գույք է հայտարարագրել՝ բնակարան և առանձնատուն, պահեստ և 5 միավոր հողատարածք: Ըստ հայտարարագրի՝ ունի նաև 5 ավտոմեքենա՝ Lada 06, Lada 07, UAZ Patriot, GAZ 53 և Toyota Camry: Ավտոմեքենաները 1980-2017թթ.-ի արտադրության են:

Գրիշա Հարությունյանի միակ եկամուտը ձեռնարկատիրական գործունեությունից ստացած գումարն է՝ 15 մլն դրամ: Նա «Դողս մարկետ» ՍՊԸ-ի սեփականատերն ու տնօրենն է: Ընկերությունը ստեղծվել է 2025թ. մարտին:

Հայտարարագրել է 15 մլն դրամ, 1 մլն ռուբլի և 10 հազ. ԱՄՆ դոլար կանխիկ գումար:

Ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է Դավիթ Կարապետյանը: Նա հայտարարագրել է մեկ առանձնատուն՝ Ծաղկունք գյուղում, 2011թ. արտադրության Hyundai Sonata 2.4 մակնիշի ավտոմեքենա: 

Դ. Կարապետյանը վերջին մեկ տարվա ընթացքում եկամուտ չի ստացել, սակայն ունեցել է 3 մլն 450 հազ. դրամ և 4 հազ. ԱՄՆ դոլար կանխիկ գումար:

project-07.jpg (241 KB)

Քաղաքական ուժի երրորդ համարը Հռիփսիմե Մկրտչյանն է: Նա հայտարարագրել է առանձնատուն և հողամաս Այգեշատ գյուղում: Շարժական գույք չունի:

Հ. Մկրտչյանը 1 մլն 200 հազ. դրամ գումար է ստացել «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ից, որը հայտարարագրում նշված է որպես ձեռնարկատիրական գործունեությունից ստացված գումար: Հռիփսիմե Մկրտչյանն ունեցել է 30 հազ. դրամ կանխիկ գումար:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցություն

Վաղարշապատի ընտրություններում կուսակցության ցուցակը գլխավորում է Վահրամ Ազատյանը: Նա 212 քմ տուն է հայտարարագրել, ինչպես նաև 2015թ. արտադրության Grand Cherokee մակնիշի ավտոմեքենա:

Վահրամ Ազատյանը նաև թանկարժեք՝ 8 մլն դրամը գերազանցող գույք է հայտարարագրել, որը 25 հազ. եվրո արժողությամբ ձեռքի ժամացույց է:

Թեկնածուն վերջին մեկ տարվա ընթացքում ստացել է 22 մլն 100 հազ. դրամի եկամուտ, որը գոյացել է «ԱՎԱ Գրանիտ» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձից ու «ԱՎԴ Սերվիս» ՍՊԸ-ի շահաբաժնից: Ունեցել է նաև 10 մլն 500 հազ. դրամ գումար:

Ըստ Վ. Ազատյանի հայտարարագրի՝ «ԱՎԱ Գրանիտ» ՓԲԸ-ում ունի 20% բաժնեմաս, մինչդեռ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում ներկայացված իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում, 2025թ. մայիսի 28-ի դրությամբ, բաժնեմասը 25% է նշված:

Վահրամ Ազատյանը հայտարարագրել է նաև «Ա.Վ.Դ» ՍՊԸ-ում ունեցած իր 100% սեփականությունը (պետռեգիստրում նշված է «ԱՎԴ Սերվիս» ՍՊԸ, հեղ.):

Հիշեցնենք՝ «Հետք»-ը դեռևս 2023թ. գրել էր, որ Երևանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Վազգեն Դարբինյանի ղեկավարած «ԱՎԱ Գրանիտ» ՓԲԸ-ն 160 մլն դրամով գնել է Էջմիածնի կենտրոնական հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Գարուն» կինոթատրոնի շենքը և ցանկանում է տեղում բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր կառուցել:

Կինոթատրոնն արդեն մասամբ քանդվել է, հենց Վաղարշապատի համայնքապետարանի անմիջական հարևանությամբ ընթանում են ավագանու թեկնածուին սեփականության իրավունքով պատկանող ընկերության կողմից բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները:

Վահրամ Ազատյանը չի հայտարարագրել այլ ընկերություններում ունեցած իր սեփականությունը: Մասնավորապես՝ նրան է պատկանում «Դավա շինտրեստ» ՍՊԸ-ի 22%-ը, «Պրեմիում Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի 33%-ը, «ՎԱՀԱ» ՍՊԸ-ի 25%-ը, սակայն գործող այս ընկերությունների վերաբերյալ որևէ հիշատակում չկա թեկնածուի հայտարարագրում: 

«Ֆուդ նատուր» ՍՊԸ-ի 100%-ը, «ԱՎԱ մայնինգ» ՍՊԸ-ի 33%-ը, «ԼԱՎԱ մայնինգ» ՍՊԸ-ի 20%-ը, «ՎԴ մայնինգ» ՍՊԸ-ի 34%-ը ևս պատկանում է Վահրամ Ազատյանին: Սակայն, ըստ հարկային մարմնում հրապարակված տեղեկատվության՝ այս ընկերությունների գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է:

project-01.jpg (195 KB)

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ընտրական ցուցակի երկրորդ համարը զբաղեցնում է Նիկոլայ Կարապետյանը: Նա համասեփականության իրավունքով ունի մեկ առանձնատուն և բնակարան Էջմիածին քաղաքում: Հայտարարագրել է նաև երեք ավտոմեքենա՝ Toyota Corolla, Ford Transit և Nissan Pathfinder մակնիշների:

Թեկնածուն դրամական միջոց չի հայտարարագրել, իսկ վերջին մեկ տարվա եկամուտը կազմել է մոտ 310 հազ. դրամ, որը «Մայր Աթոռ»-ից ստացած աշխատավարձն է:

Ցուցակի երրորդ համարում Անահիտ Ադոյանն է: Նա համասեփականությամբ ունի մեկ բնակարան Էջմիածնում, 2003թ. արտադրության Nissan Teana մակնիշի ավտոմեքենա: 

Ա. Ադոյանի մեկ տարվա եկամուտը կազմել է մոտ 1 մլն դրամ, որը գոյացել է աշխատավարձից և թոշակից:

Անահիտ Ադոյանը «2020թ․-ից սկսած անհայտ կորածների ընտանիքների աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահն է: Վերջինս հիմնվել է 2022թ. նոյեմբերին: Թեկնածուն նաև անհատ ձեռնարկատեր է:

«Ժառանգություն» կուսակցություն

Ընտրական ցուցակը գլխավորում է Արկադի Փայտյանը: Ըստ հայտարարագրի՝ Ա. Փայտյանն Էջմիածին քաղաքում համատեղ սեփականության իրավունքով ունի 2 բնակարան, 2 ավտոմեքենա՝ 1998թ. արտադրության Mercedes-Benz ML-320 և 2005թ.՝ Honda Pilot:

Թեկնածուի եկամուտը կազմել է 388 հազ. դրամ, որը աշխատավարձի ու զինվորական կենսաթոշակի հանրագումարն է: Ունեցել է նաև 25 հազ. դրամ գումար:

project-02.jpg (197 KB)

Երկրորդ համարի թեկնածուն Այծեմնիկ Գրիգորյանն է: Ըստ հայտարարագրի՝ չունի անշարժ գույք, իսկ ունեցած միակ ավտոմեքենան 2006թ. Mercedes-Benz S 600 մակնիշի է:

Միակ եկամուտը սոցմանկավարժությունից ստացած 51 հազ. դրամ աշխատավարձն է: Հայտարարագրել է 1 մլն դրամ գումար:

Կուսակցության ընտրական ցուցակի երրորդ համարը զբաղեցնող Աշոտ Գալստյանը գործազուրկ է: Հայտարարագրել է 5 միավոր անշարժ գույք՝ 3 առանձնատուն, 2 միավոր հողամաս: Որպես անշարժ գույք հայտարարագրում նշված է 2005թ. արտադրության Mercedes-Benz SLS մակնիշի ավտոմեքենան:

Թեկնածուն վերջին մեկ տարվա ընթացքում ստացած եկամուտ չի հայտարարագրել, չունի նաև դրամական միջոցներ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

Կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է Արգիշտի Մեխակյանը: Թեկնածուն միանձնյա սեփականության իրավունքով Էջմիածին քաղաքում ունի առանձնատուն, 2018թ. արտադրության Toyota Camry 70 մակնիշի ավտոմեքենա:

Ա. Մեխակյանի եկամուտը գոյացել է երեք աղբյուրից ստացած աշխատավարձից, որը կազմում է մոտ 12 մլն 217 հազ. դրամ: Նշենք, որ նա Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն է, մինչ այդ էլ եղել է Արմավիրի մարզպետը և Խոյ համայնքի ղեկավարը: Հայտարարագրել է նաև 580 հազ. դրամ գումար:

project-08.jpg (219 KB)

Ցուցակի հաջորդ համարը Լյուդվիգ Յայլոյանն է: Վերջինս Խոյ համայնքի ղեկավարն է: Ըստ հայտարարագրի՝ ունի 4 միավոր անշարժ գույք՝ բնակարան Երևան քաղաքում, 2 արտադրական օբյեկտ և վարելահող Մոնթեավան գյուղում:

Ունի 2022թ. արտադրության Kia K5 GT-Line 1.6 T մակնիշի ավտոմեքենա:

Թեկնածուն դրամական միջոց չի հայտարարագրել, իսկ միակ եկամուտը Խոյ համայնքի ղեկավարի աշխատավարձն է՝ 5 մլն 460 հազ. դրամ:

Երրորդ տեղում Գոհար Նիկողոսյանն է: Հայտարարագրել է մեկ բնակարան Էջմիածին քաղաքում: Չունի ավտոմեքենա, դրամական միջոցներ, միակ եկամուտը «Էջմիածնի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ստացած աշխատավարձն է՝ 2 մլն 315 հազ. դրամ:

«Հայրենիք» կուսակցություն

Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող կուսակցության առաջին համարը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը: Ըստ հայտարարագրի՝ բնակարան կամ առանձնատուն չունի, նշված է միայն 1,3 հա վարելահող Ակնաշեն գյուղում: Ավտոմեքենան 1998թ. արտադրության Daewoo matiz մակնիշի է:

Որպես եկամուտ հայտարարագրել է 1 մլն դրամ աշխատավարձը, 2 մլն դրամ էլ՝ դրամական միջոց:

Ցուցակի երկրորդ համարում Արամ Քոչարյանն է: Հայտարարագրել է 4 միավոր անշարժ գույք՝ 2 բնակարան և վարելահող, այգի: Ունի մեկ ավտոմեքենա՝ 2013թ. արտադրության Toyota Camry: 

Թեկնածուի ստացած եկամուտը երկու ուսումնական հաստատությունից ստացած աշխատավարձն է, ընդհանուր՝ 3 մլն 960 հազ. դրամ: Ինչ վերաբերում է դրամական միջոցին, ապա հայտարարագրել է 5 մլն դրամ:

project-05.jpg (176 KB)

Ցուցակի հաջորդ թեկնածուն Մայրանուշ Խանջյանն է: Նա շարժական և անշարժ գույք չի հայտարարագրել: Եկամուտը «Յունիբանկ» ՓԲԸ-ից ստացած 4 մլն դրամ աշխատավարձն է, իսկ ունեցած դրամական միջոցները կազմել են 300 հազ. դրամ:

Թեև Ընտրական օրենսգրքով նախատեսված է թեկնածուների հայտարարագրերի ներկայացման պահանջ, սակայն այն ձևական բնույթ է կրում: Չկան ստուգման մեխանիզմներ, պատասխանատուներ ու ոչ ճիշտ հայտարարագրման համար առաջացող հետևանքներ: Հետևաբար, կարող ենք ենթադրել, որ հայտարարագրերում նշված տվյալներն այդքան էլ արժանահավատ չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter