HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աբովյան համայնքի նախկին ղեկավար Վահագն Գևորգյանը 21 հողատարածք է ապօրինի օտարել. պատճառված վնասից 49 մլն դրամը վերականգնվել է

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է՝ պարզվել է, որ 2015-2021 թթ. ընթացքում Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը (Վահագն Գևորգյանը, խմբ․), անտեսելով օրենքով սահմանված իրավական ակտերը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների գոտում գտնվող, օտարման ոչ ենթակա մի շարք հողատարածքներ, որոնք, ըստ Աբովյան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի, հանդիսացել են ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներ։

«Նշված ապօրինի գործողությունների հետևանքով Աբովյան համայնքին պատճառվել է էական վնաս՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ։

Բացի այդ, վերը նշված համայնքի ղեկավարը և համայնքապետարանի աշխատակիցը Աբովյան քաղաքի մի շարք հասցեներում գտնվող հողամասերի աճուրդների կապակցությամբ կազմել և շրջանառության մեջ են դրել կեղծ արձանագրություններ, որոնցում մտցրել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ այն մասին, թե իբրև աճուրդներ են կայացել, որոնց մասնակցել են մի շարք անձինք, մինչդեռ իրականում աճուրդները սահմանված կարգով չեն կայացել, իսկ աճուրդային գործերում, հաղթողից բացի, այլ մասնակցի անունով լրացված հայտերը չեն համապատասխանել իրականությանը, կեղծվել են նաև աճուրդին մասնակցելու վերաբերյալ դիմողների ստորագրությունները, իսկ աճուրդային գործում որպես հաղթող չճանաչված «մասնակիցը» չի մասնակցել աճուրդին։

Վերը նշված հանցանքերի համար Աբովյան համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (21 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ), իսկ նրան օժանդակած համայնքապետարանի աշխատակցին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (6 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (6 դրվագ) և 38-196-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ):

Համայնքին պատճառված վնասից նախաքննության ընթացքում 49178000 դրամը վերականգնվել է։

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Հակակոռուպցիոն դատարան»,- նշված է հաղորագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter