ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է «ՄԱԿ-ի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությանը
Հոկտեմբերի 25-ից 26-ը Հանոյում) ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի գլխավորությամբ, ՀՀ պատվիրակությունը մասնակցել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի կողմից 2024թ. դեկտեմբերին ընդունված կիբեռհանցագործությունների դեմ պայքարի ՄԱԿ շրջանակներում առաջին կոնվենցիայի՝ «ՄԱԿ կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի» ստորագրման արարողությանը և բարձր մակարդակի համաժողովին:
Համաժողովը մեկնարկել է կոնվենցիայի ստորագրման արարողությամբ, որը պաշտոնապես ստորագրվել է շուրջ 64 պետության բարձրաստիճան ներկայացուցիչների՝ այդ թվում նաև ԵՄ և նրա անդամ 12 պետությունների կողմից: Միջոցառման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը հանդես է եկել ելույթով՝ առանձնանշելով ՄԱԿ կոնվենցիայի կարևորությունը և պատվիրակության ակտիվ մասնակցությունը կոնվենցիայի տեքստի բանակցման գործընթացում, որի շրջանակներում հայկական կողմն ընդգծել է մարդու իրավունքներին, միջազգային համագործակցության երաշխիքներին ու պայմաններին, ինչպես նաև կարողությունների զարգացմանը վերաբերող դրույթների ներառման կարևորությունը:
Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ առաջիկայում ակնկալվում է ավարտին հասցնել կոնվենցիայի ստորագրման ՀՀ ներպետական ընթացակարգերը: Մնացական Սաֆարյանն ընդգծել է նաև Հայաստանի Հանրապետության հանձնառությունը նպաստելու կոնվենցիայի ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ գործադրվող միջազգային ջանքերին:
Համաժողովի ընթացքում լիագումար նստաշրջանին զուգահեռ կազմակերպվել են նաև մի շարք կլոր-սեղան քննարկումներ և հարակից միջոցառումներ, որոնց օրակարգը կենտրոնացել է մի շարք թեմաների, այդ թվում՝ ՄԱԿ կոնվենցիայի գործնական կիրառման հարցում միջազգային համագործակցության արդյունավետ մեխանիզմների ներդրման, միջազգային լավագույն փորձի փոխանակման, զարգացող պետություններին կարողությունների զարգացման և տեխնիկական աջակցության տրամադրման, կանանց ու երեխաների առցացն տիրույթում պաշտպանության և այլ առանցքային հարցերի շուրջ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել