HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն

Հոկտեմբերի 26-ին՝ Գյուտ Խաչի տոնին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ Պատարագի կատարվել է քահանայական ձեռնադրություն: Հայտնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։

«Տոնի առիթով հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց նաև Փրկչի Խաչափայտի մասունքը։

Պատարագիչն էր Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մակար եպիսկոպոս Հակոբյանը, որի ձեռամբ քահանայական ձեռնադրության և օծման արժանացան եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող վեց սարկավագներ: 

Սուրբ Պատարագի ընթացքում Մակար Սրբազանը, քահանայության կոչելով նորընծաներին, Սրբալույս Մյուռոնով օծեց նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհեց նոր հոգևոր անուններ:

Բարեշնորհ Տիգրան սարկավագ Հակոբյանը վերակոչվեց Տեր Ավետիս քահանա, Սիմոն սարկավագ Իգիթյանը՝ Տեր Դավիթ քահանա, Գրիգոր սարկավագ Ավոյանը՝ Տեր Գառնիկ քահանա, Արթուր սարկավագ Օհանյանը՝ Տեր Մեսրոպ քահանա, Հակոբ սարկավագ Գևորգյանը՝ Տեր Հովհան քահանա և Հայկ սարկավագ Թովմասյանը՝ Տեր Նշան քահանա։ 

Այնուհետև նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին: 

Սրբազան Հայրը, իր քարոզում անդրադառնալով քահանայության խորհրդին, մասնավորապես ընդգծեց, որ յուրաքանչյուր ձեռնադրություն նոր ուժ, ոգևորություն ու սեր է փոխանցում ներկային և գալիքին, որովհետև նորաօծ քահանաները գալիս են զորացնելու հավատը, սերը, խոնարհությունը մեր ժողովրդի մեջ՝ դառնալով աջակից և զորակից իրենց ավագ եղբայրներին, որոնք արդեն իսկ քայլում են խաչի օրհնյալ ճանապարհով։

 «Սիրելի քահանա հայրեր, մաղթանքս է, որ հավատարիմ մնաք ձեր տված երդմանը, որ սուրբ սեղանի առջև ուխտեցիք, թե պատրաստ եք կատարել բոլոր հրամանները և սրբերի կանոններով քայլել՝ առանց հակառակելու ձեր հոգևոր առաջնորդներին։ Մաղթանքս է, որ քայլեք խաչի ճանապարհով, որը նեղ ճանապարհն է և որը տանում է հավիտենական կյանք, իսկ մյուսը, որը լայն է՝ տանում է  դեպի կործանում։ Դուք օրինակ վերցրեք մեր հայրերից, մեր շուրջ ապրող ու արարող եղբայրներից, ովքեր վստահ հավատքով ընթանում են նեղ ճանապարհով՝ լցված Սուրբ Էջմիածնի հանդեպ անշեջ սիրով, և ովքեր իրենց տոկոնությամբ մեզ ուժ են փոխանցում՝ ասելով․ «Եթե կցորդ ենք Տիրոջ չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին»» (Հռմ․ 8․17), - ասաց Մակար եպիսկոպոսը։

Վերջում պատարագիչ Սրբազանը հորդորեց նորաօծ եկեղեցականներին իրենց ծառայությունը բերել մեր Սուրբ Եկեղեցուն սուրբ վարքով,  ուղիղ հավատքով, լուսավոր մտքով, ժրաջան մշակի համբերությամբ, խոնարհությամբ ու հեզությամբ։

Ապա «Ողջույնի» ժամանակ Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ Մայր Աթոռի միաբաններն ու ներկա հոգևորականաց դասը բարձրացան Սուրբ Խորան և շնորհավորեցին նորաօծ քահանաներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ ճակատներն ու ձեռքերը: 

Սուրբ Պատարագի «Տէր, ողորմեա» երգեցողության ժամանակ հոգևորականներն ու ներկա հավատացյալներն առանձնական աղոթք բարձրացրեցին ապօրինաբար ազատազրկված Միքայել, Բագրատ արքեպիսկոպոսների, Մկրտիչ եպիսկոպոսի, Գարեգին քահանայի, ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանի և բոլոր գերյալների ազատության, ինչպես նաև հայրենի երկրի խաղաղ ու բարօր կյանքի համար։

Նորաօծ քահանաները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացնեն քառասնօրյա պատրաստության և աղոթքի շրջան, որից հետո ծառայության կկոչվեն Հայ Եկեղեցու տարբեր կառույցներում և թեմերում»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter